Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՇՏ ՉԷՐ ԹՈՂՆԵԼ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"Խոստովանում է ՕԵԿ նախագահ
Արթուր Բաղդասարյանը

– Պարոն Բաղդասարյան, ՀՀԿ-ն երբեմն Ձեզ մեղադրում է, թե ինչո՞ւ անձնավորված չեք քննադատում Ռոբերտ Քոչարյանին: Եվ, ընդհանրապես, որպես ԱԺ նախկին նախագահ, այսօր արդեն ընդդիմադիր կուսակցության նախագահ ի՞նչ ակնկալիքներ ունեք երկրի նախագահից՝ հատկապես ապագայի տեսանկյունից:

– Քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ ենք անցել, զուտ մարդկային իմաստով անձնավորել խնդիրները ճիշտ չեմ համարում եւ, ի դեպ, հրաժարական եմ տվել նաեւ նրա հետ ունեցած տարաձայնությունների հետեւանքով, ինչի մասին շատ է խոսվել ու գրվել: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա հայտնի է, որ Ռ. Քոչարյանն ավարտում է իր նախագահական լիազորությունները եւ երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունի: Սա նշանակում է, որ նա կարող է երաշխավորել, որ առաջիկա ընտրությունները անցնեն միջազգային չափանիշներով, որը կարող է իրոք երկրին պատիվ բերել: Իսկ, ընդհանրապես, քաղաքականության մեջ մենք հանդես ենք գալիս համակարգային փոփոխությունների օգտին: Ավելին՝ ես երբեք անձնավորված չեմ քննադատել նաեւ ՀՀԿ-ի հոգեւոր հայրերին՝ Սերժ Սարգսյանին եւ Անդրանիկ Մարգարյանին, չնայած որ բազմաթիվ անհամաձայնություններ կան: Ի վերջո, նույն Սերժ Սարգսյանը գրեթե 20 տարի է, ինչ իշխանության վերնախավում է՝ եւ նախորդ, եւ ներկա իշխանության մեջ: Նույնը վերաբերում է նաեւ ամենաերկարակյաց վարչապետին՝ Անդրանիկ Մարգարյանին: Հայտնի է նաեւ, որ ժողովրդի 90 տոկոսը իր կյանքում համակարգային փոփոխություններ է ցանկանում: Այնպես որ, պատասխանը շատ պարզ է՝ եթե ցանկանում են շարունակել ապրել այնպես, ինչպես այսօր են ապրում, կարող են գնալ ստեղծված կրիմինալ-օլիգարխիկ համակարգի ետեւից: Եթե փոփոխություններ են ցանկանում՝ պետք է միանան բոլոր նրանց, ովքեր պայքարում են այդ համակարգի դեմ: Մենք բազում օրինակներ գիտենք, երբ որոշները մի ձեռքով ամպագոռգոռ քննադատում են անձերին, մյուս ձեռքով սնվում են նույն այդ մարդկանց կերակրամանից: Մենք քննադատում ենք արատավոր համակարգը, որ կա, եւ պայքարելու ենք վճռականորեն համակարգի փոփոխության համար:

– Դուք անձամբ չե՞ք ափսոսում, որ թողել եք այդ իշխանությունը:

– Հեշտ չէր թողնել ԱԺ նախագահի պաշտոնը, մարդիկ այսօր քաղաքական դաշտում երազում են դառնալ պատգամավոր, նախարար կամ փոխնախարար, վարչության պետ եւ նույնիսկ դպրոցի տնօրեն: Ես թողել եմ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը: Ուզում եմ ասել, որ հեշտ չէր թողնել այդ պաշտոնը, բայց մենք թողել ենք այդ պաշտոնը հանուն իրական բարեփոխումների, հանուն փոփոխությունների իրականացման, վստահ եմ, որ մենք այդ փոփոխություններն իրականացնելու ենք: Իմ հրաժարականը շատ լավ ընդունվեց ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ երկրի սահմաններից դուրս, որի առհավատչյան մի քանի ազդեցիկ մայրաքաղաքների կողմից ինձ արդեն ուղարկված քաղաքական հրավերներն են: Առաջիկայում տարբեր երկրների ազդեցիկ կազմակերպությունների առաջարկով ես կունենամ հանդիպումներ, ելույթներ եւ զեկույցներ պետական, քաղաքական եւ լրատվական շրջանակների հետ, ինչը խոսում է այն մասին, որ երկրի ներսում եւ դրսում իմ քայլերը ճիշտ ընկալվեցին: Այսուհետ եւս մենք ապրելու եւ պայքարելու ենք այնպես, որպեսզի ապացուցենք մեր դիրքորոշումների սկզբունքայնությունն ու ճշմարտացիությունը: Հայաստանի հետեւողական ժողովրդավարացում, եվրոպական ինտեգրացիայի նպատակային խորացում, ստվերային տնտեսության, կոռուպցիայի եւ կրիմինալի դեմ մղվող վճռական պայքար, ազատ զարգացող տնտեսություն, տարածաշրջանում ոչ թե հակամարտության, այլ համագործակցության զարգացում, սոցիալ-տնտեսական հայեցակարգային բարեփոխումներ. սրանք իմ քաղաքական թիմի առաջնահերթություններն են:

Հ. Գ. ՕԵԿ նախագահի հետ մեր նախորդ օրվա հարցազրույցից դուրս էին մնացել այս երկու հարցերի պատասխանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել