Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐՆԵՐԸ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ»

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"Ասում է ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը

– Պարոն Մանասերյան, Ազգային ժողովում «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի շուրջ ծայր առած հետաքրքրությունը բավականին մեծ էր, սակայն անցկացված խորհրդարանական լսումները կարծես ոչ մի նոր բան չտվեցին:

– Նախ, նման օրենքները չի կարելի դասել սովորականների շարքին: Ոչ միայն այն պատճառով, որ օրենքը կոչված է կարգավորել Բուզանդի փողոցի, Հյուսիսային պողոտայի, Կոնդի, Կոզեռն թաղամասի բոլորին քաջ հայտնի հիմնախնդիրները, այլեւ դառնալու է բանալի՝ հանգուցալուծելու այսուհետ եւս սպասվող վիճահարույց հարցերի թնջուկներ, որոնք այս կամ այն կերպ հասցեագրելու են հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքին, կարգին, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգին, բացառիկ՝ գերակա հանրային շահի հասկացությանը եւ դրա որոշման կարգին: Իսկ լսումները, իհարկե, կարեւոր էին, սակայն հետագա ընթացքը ցույց կտա, թե որքանով օգտակար եղան դրանք:

– Կառավարությունը միայն այս տարվա ընթացքում արդեն երեք անգամ փորձ արեց օրինագիծն անցկացնել առաջին ընթերցմամբ, բայց դա չստացվեց, դուք բոլոր երեք դեպքերում էլ ակտիվորեն քննադատում էիք այդ օրինագիծը: Քաղաքական որեւէ խնդիր կա՞ դրա հիմքում:

– Ամենաանմիջական մասնակցությունն ունենալով գործնականում այդ խնդիրների հանգուցալուծման ժամանակ, բռնի տեղահանված բնակիչներից շատերի հետ գիշերել եմ Բուզանդի փողոցում, մասնակցել Հյուսիսային պողոտայի բնակիչներից շատերի բողոքների քննարկմանը, միջնորդել արդար լուծում գտնելու եւ արժանի նյութական հատուցում տրամադրելու հիշյալ եւ այլ թաղամասերի բնակիչների համար: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Որովհետեւ հայ եմ, երեւանցի եւ չեմ կարող ոմանց նման անհաղորդ նայել, երբ իմ համերկրացին, համաքաղաքացին տուժում է իշխանության կամ իրենց գործարար հորջորջող “զոռբաների”ոտնձգություններից ու ցինիկ վերաբերմունքից: Ավելին, մեզնից եւ ոչ մեկը երաշխավորված չէ, որ “պետական գերակա շահ” անվան տակ իրեն եւս բռնի դուրս կշպրտեն իր կացարանից եւ մարդկանց դժբախտության հաշվին աստղաբաշխական շահույթներ կստանան: Արդարության համար հետեւողական պայքարելուց բացի քաղաքական որեւէ այլ ենթատեքստ այստեղ չի կարող լինել: Հիշո՞ւմ եք, Փ. Բուզանդի 9 հասցեի բնակչուհի Լիլյա Ղազարյանին, որ անցյալ տարի նոյեմբերի 15-ի երեկոյան իրականացված անօրինական գործողությունների արդյունքում ստացել էր սրտի կաթված եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո մահացել էր: Մեկ տարի առաջ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իմ կողմից հնչեցրած հարցին դեռ գործնական պատասխան չի տրված: Ուղարկել եմ Լիլյա Ղազարյանի մահվան դեպքի հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ պահանջել քրեական գործ հարուցել եւ մեղավորներին պատժել: Սա միայն մեկ օրինակ է. ցավում եմ, որ կարելի է շատ խոսել նման դեպքերի մասին… Սա է կառավարության ձեռագիրը, եւ տարիմաստորեն «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի դ/ կետի համաձայն՝ «հանրային շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ»: Բոլորի համար պարզ է, թե ինչ է սա նշանակում: Խոսքը մի կառավարության մասին է, որը ոչ միայն տեղական, այլեւ միջազգային կազմակերպությունների վկայությամբ մեղադրվում է կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ, որը սերտաճել է գործարարության հետ եւ գերազանցապես ներգրավված է ամեն տեսակ օրինական եւ ապօրինի շինարարություններում, տեղաբնակներին ծեծելով բռնի տեղահանման, բնակիչներին մահվան դեպքերի հասցնելու եւ այլ անմարդկային արարքների մեջ, հանկարծ պետք է անաչառորեն որոշի, թե ո՞րն է հանրային գերակա շահը:

– Այնուամենայնիվ, ո՞վ պետք է որոշի այդ շահը, երբ իշխանության ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր եւ դատական թեւերը եւս մեղադրվում են նույն կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ: Ո՞ւմ եք տեսնում նման գործառույթ իրականացնողի դերում:

– Առաջին հերթին, գերակա շահը եւ բարձրագույն արժեքները սահմանվում են Սահմանադրությամբ: 3-րդ հոդվածում ասվում է՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:” Օրինակ, իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով նման հարցերի լուծումը բացառապես վերապահված է ԱԺ–ին: Կարելի է վկայակոչել սահմանադրական եւ օրենքների այլ հոդվածներ եւս, սակայն մեզանում հաճախ ընդունվում են օրենքներ, հետո պարզվում է դրանց հակասահմանադրական եւ հակաիրավական բնույթը: Սա է մեր իրականությունը: Անդրադառնալով Ազգային ժողով, թե՞ կառավարություն դիլեմային, իմ համոզմամբ, հանրային գերակա շահը կարող է եւ պետք է որոշի ոչ թե մեկ անձը, այն է՝ նախագահի կողմից հայեցողաբար նշանակվող անձը, որը պաշտոնաթողությունից հետո երբեք էլ պատասխանատվություն չի կրել եւ չի կրում, այլ ժողովրդի քվեն ստացած պատգամավորը: Որքան էլ ներկայիս Ազգային ժողովի կազմը հեռու է մեր իրական ակնկալիքներից, այնուամենայնիվ, այն ավելի շատ կարող է պատասխանատվության զգացում ունենալ (գոնե այն պահով, որ վերընտրվելու գայթակղությամբ պայմանավորված պետք է հաճոյանալ ընտրողներին), քան ժողովրդից լիովին մեկուսացած գործադիր վերնախավը: Հանրային գերակա շահը որոշողի գործոնը ինձ համար խիստ կարեւոր է եւ որոշիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել