Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ «Ա1+»-Ի ԽՆԴԻՐԸ ԳՈՒՑԵ ՉԼՈՒԾՎԻ

Հոկտեմբեր 23,2006 00:00

Պարզաբանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի լիազոր ներկայացուցիչ, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը:

Հայաստանի արդարադատության փոխնախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը հայտնել էր, թե Հայաստանից ստացված ու վարույթ ընդունված շուրջ 200 հայցերից 33-ի գրավոր դատաքննությունը (Եվրոդատարան-հայցվոր-կառավարություն հարցուպատասխանների, առարկություններ ներկայացնելու փուլը) գրեթե ավարտվել է, եւ հիմա սպասում են դատարանի որոշումներին: Դատարանը Հայաստանից ստացված հայցով առաջին որոշումն, ըստ նրա, կայացնելու է մինչեւ այս տարեվերջ: Դա կարող է լինել «Ա1+» հեռուստաընկերության հայցը:

Սակայն Տիգրան Տեր-Եսայանը պարզաբանեց, որ «Ա1+»-ի դատաքննությունը դեռ չի ավարտվել. «Գործընթացը շարունակվում է: «Ա1+»-ն ունի 2 դիմում, որոնցից մեկը 2002-ի մրցույթի արդյունքների վիճարկման վերաբերյալ է, իսկ երկրորդը՝ 2003-ի մրցույթի արդյունքների, որը մենք դատարան ենք մուտքագրել 2004-ին»: Գեւորգ Կոստանյանը հենց առաջին դիմումի մասին էր նշել, թե դատաքննության ողջ գործընթացը սպառվել է, եւ որոշումը կկայացվի, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ: «Ա1+»-ի ներկայացուցիչն էլ հայտնեց, որ 1-ին դիմումի առնչությամբ իրենց վերջին գրագրությունը 2005-ի ամռանն էր, «երբ դատարանը հարցրեց մեր ցանկությունը ԵԴ-ում գրավոր կամ բանավոր մասնակցության վերաբերյալ: Մենք գրեցինք, որ ցանկանում ենք ներկա լինել լսումներին: Իսկ կառավարությունը միայն գրավոր մասնակցության կողմնակից է»:

Կառավարությունը 2-րդ դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է այս տարվա սեպտեմբերի 19-ին: «Ա1+»-ի ներկայացուցիչը հայտնեց, որ այդ դիրքորոշման վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացնելու համար դատարանն իրենց ժամանակ է տրամադրել մինչեւ նոյեմբերի 22-ը: Ենթադրելի է, որ դրանից հետո դատարանը պիտի որոշում կայացնի 2-րդ հայցի վերաբերյալ, եւ հնարավոր է ինչպես 2 որոշում 2 դիմումների վերաբերյալ, այնպես էլ դրանց միավորում մեկ վարույթում: «Մենք դատարանին հայտնել ենք, թե թողնում ենք իրենց հայեցողությանը, եւ անհրաժեշտության դեպքում կարող են միացնել այդ դիմումները,- ասաց պրն Տեր-Եսայանը:- Իմ կարծիքով, շատ հավանական է, որ երկրորդ դիմումի քննարկումից հետո ԵԴ-ն որոշում կկայացնի երկու հայցերը համատեղելու մասին»:

Եվս մի մանրամասն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն «Ա1+»-ին արդեն իսկ առաջարկել է սահմանել նյութական վնասների հատուցման ընդհանուր ծավալը, որը նույնպես պիտի ներկայացվի մինչեւ նոյեմբերի 22-ը. «Ընդունված կարգի համաձայն՝ մինչեւ վերջնական որոշում կայացնելը, դիմումատուն իր կարծիքն է ներկայացնում կառավարության հետ բանակցելու ցանկության եւ նյութական վնասի հատուցման շուրջ»: Տիգրան Տեր-Եսայանը չբացահայտեց, թե ինչ գումար են նշելու, սակայն մի դրվագ ներկայացրեց ներկայացվելիք առարկություններից: «Ա1+»-ը Հայաստանի դատարաններում միշտ պահանջել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի արձանագրությունները՝ որոշման կայացման վերաբերյալ. «Անհիմն կերպով մեզ միշտ մերժել են. ե՛ւ ՀՌԱՀ ներկայացուցիչներն էին կտրականապես դեմ դրանք մեզ տրամադրելուն, ե՛ւ դատավորները: Մինչդեռ Եվրոպական դատարան ուղարկել են այդ արձանագրությունները: Բայց դրանք այն փաստաթղթերը չեն, որոնք մենք պահանջում էինք, քանի որ հիմնականում վերաբերում են մրցութային առաջարկների ներկայացմանը՝ ծրարները բացելուն: Իսկ մեզ առավել հետաքրքրում են քվեարկություններին նախորդող քննարկումների արձանագրությունները: Դրանք չկան: Սակայն օրենքով եւ մրցութային կարգով նախատեսվում է, որ պետք է արձանագրվի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կարծիքը»:

Այս բոլոր բացատրություններից ակնհայտ է, որ խիստ վաղաժամ էր ենթադրելը, թե մինչեւ տարեվերջ որոշում է լինելու «Ա1+»-ի գործի վերաբերյալ: Ավելի ստույգ՝ թերեւս լինի դիմումները միացնելու վերաբերյալ որոշումը: Սակայն դատարանում «Ա1+»-ի ներկայացուցիչը վստահ է, որ ինչ ընթացք էլ ունենա այս ամենը՝ «վերջնական որոշումը լինելու է մեր օգտին, քանի որ մեր փաստարկներն ու պահանջները շատ հստակ են»:

Արդարադատության փոխնախարարը «կարեւոր ձեռքբերում» էր գնահատել այն, որ Հայաստանի դեմ առայժմ ոչ մի որոշում չկա եւ մեր երկիրն անհամեմատ ավելի լավ վիճակում է, քան Ադրբեջանն ու Վրաստանը, որոնց կառավարությունների դեմ կան որոշումներ: Գեւորգ Կոստանյանն այս հաջողությունը բացատրել էր մարդու իրավունքների խախտումների ծավալով: Մինչդեռ «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավարը, որը ոչ միայն «Ա1+»-ի, այլ նաեւ վերոհիշյալ 33 գործերից 13-ի («Նոյյան տապան», ընտրությունների ընթացքում վարչական կալանքների եւ քրեական հետապնդումների ենթարկվածների) ներկայացուցիչն է, համոզմունք հայտնեց. «Առաջիկայում Հայաստանի վերաբերյալ դատավճիռներ կլինեն մե՜ծ փաթեթով»:

Հ. Գ. «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը երեկ Panorama. am-ին տեղեկացրել է, որ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը «Համասփյուռ» ցանցում գործող 11 մարզային հեռուստաընկերություններին «պարտադրում է վերահեռարձակել «Կենտրոն» հեռուստաընկերության ծրագրերը: Նույնիսկ ասում են, թե ինչ ժամկետներում պետք է հեռարձակել այդ հեռուստաընկերության ծրագրերը, եւ նշում են, որ դա պետք է լինի նախընտրական ժամանակահատվածը»: Panorama.am-ը հիշեցրել է, որ «Կենտրոն»-ի հիմնական բաժնետերը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանն է, որը մտերիմ է «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ. «Իսկ «Բարգավաճ Հայաստանն» էլ, ինչպես հայտնի է, վերջերս ակտիվ քարոզչություն է ծավալել 2007-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Ու թերեւս պատահական չէ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդումները մարզերում վերահեռարձակելու պահանջ է ծագել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել