Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՑԱԾ ԷԻՆ

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"Իսկ Դավիթ Հարությունյանը եւ Վիկտոր Դալլաքյանը միմյանց «ջան» ասում էին եւ «ջան» լսում

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց իր սեփական «Ընտրական օրենսգրքի» նախագիծը, որը առաջարկում է անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Այս առաջարկությունը խիստ զայրացրեց հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանին, եւ այդ զայրույթը հասավ գագաթնակետին, երբ Վիկտոր Դալլաքյանի առաջարկությունն ընդունվեց դրական գնահատականով: Կողմ քվեարկեցին «Արդարությունը», «Ազգային միաբանությունը», ՕԵԿ-ն ու ՄԱԿ-ը: Դաշնակցության ներկայացուցիչը հասցրեց մինչեւ քվեարկության սկիզբը լքել «կռվի դաշտը», քանի որ, ըստ էության, Դաշնակցությունը միշտ էլ համամասնական ընտրակարգի կողմնակից է եղել, բայց կոալիցիայում գտնվելը կաշկանդում է ՀՅԴ-ի դիրքորոշումը այս սկզբունքային հարցում: Հանրապետականն առանց բարդույթների դեմ քվեարկեց, իսկ կոալիցիայի մյուս անդամի՝ ՄԱԿ-ի կողմ քվեարկությունը բառացիորեն ափերից հանեց Ռաֆիկ Պետրոսյանին, եւ նա տեղից դիտողություն արեց ՄԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանին. «Դուք արդեն կոալիցիայից դո՞ւրս եք»։ Ավելի ուշ նիստին եկավ ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը եւ, առանց Ռաֆիկ Պետրոսյանից վախենալու, տղամարդավարի ասաց, որ իրենց դիրքորոշումը միշտ էլ եղել է հարյուր տոկոսանոց համամասնության կողմը, եւ իրենք ընդհանրապես մտածում են, որ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները պետք է քննարկվեն ԱԺ նիստերի դահլիճում:

Վիկտոր Դալլաքյանն, ըստ էության, համամասնական ընտրակարգի հարցը քաղաքական համարելով՝ առաջարկեց հարցին քաղաքական լուծում տալ։ Ի դեպ, կառավարությունը դեռեւս 23.09 2006 թվականի իր գրությամբ Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պատասխան է ուղարկել, որով ասվում է, թե միայն համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու մասին առաջարկությունը «չի բխում ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի դրույթներից, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրվելու, մինչդեռ ներկայացված նախագծով այդ իրավունքը սահմանափակվում է, քանի որ պատգամավոր ընտրվելու համար ՀՀ քաղաքացիները պարտադրված պետք է դառնան որեւէ կուսակցության անդամ: Նման մոտեցումը չի բխում նաեւ ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի դրույթներից, որոնց համաձայն՝ մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ կուսակցության»։ Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ իր այս պատասխանով ՀՀ կառավարությունը փաստորեն հայտարարում է, որ «այն բոլոր քաղաքական ուժերը, Քոչարյանը, Հանրապետականը, Դաշնակցությունը, ՄԱԿ-ը, ՕԵԿ-ը, որոնք պաշտպանել են գործող Սահմանադրությունը, նրանք, ըստ էության, ներկայացրել են ժողովրդի դատին մի Սահմանադրություն, որի 28-րդ եւ 30-րդ հոդվածները չեն բխում եւ հնարավորություն չեն տալիս, որ Հայաստանում անցում կատարվի 100 տոկոս համամասնական ընտրությունների: Տվյալ քաղաքական ուժերն, ըստ էության, իրենց հրապարակային ելույթներում՝ բացի Հանրապետականից, մյուսները, այսպիսով, բացի Հանրապետականից, ՄԱԿ-ը, Դաշնակցությունը, ՕԵԿ-ը բոլոր հրապարակային հայտարարություններում հայտարարել են, որ կողմ են հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Քոչարյանի մամուլի քարտուղարը նույնպես հայտարարել է, որ նա եւս դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուն, եւ պետք է կատարել աստիճանական կարգով»:

Վիկտոր Դալլաքյանը ձեռքի հետ էլ որոշ քնքուշ բաներ ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հասցեին. «Օրինակ, իմ կողմից հարգված Դավիթ Հարությունյանն ինչպիսի հարցերի տարափի է արժանանում, թե ո՞ր կուսակցությանը պետք է անդամակցի, որովհետեւ իմ անձնական կարծիքն է՝ որ կուսակցությանը անդամակցի արդարադատության նախարարը, այդ կուսակցության կշիռը կբարձրանա, այսինքն, այո, մենք գնում ենք կուսակցությունների միջոցով քաղաքականություն իրականացնելուն, ամբողջ աշխարհը գնում է այդ ճանապարհով: Եվ տարօրինակ պետք է չլինի, որ անկուսակցական, երեք անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը, տվյալ պարագայում՝ ես, հանդես եմ գալիս հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի օգտին»: Ինքը՝ Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին ասաց, թե հարգում է Վիկտոր Դալլաքյանին եւ լրացրեց. «Ջան ասում ենք, ջան լսում»,- նաեւ հավելեց. «Կառավարության քաղաքական հարցադրումը շատ ավելի կարեւոր է: Կառավարության կարծիքով՝ բացարձակ համամասնականի անցնելով մենք շատ քիչ ներկայացվածություն կունենանք շրջաններից եւ մարզերից»: Ոմանք տեղերից նկատեցին, որ, այսպես թե այնպես, նրանք, ովքեր այսօր կոչվում են շրջաններից ընտրված պատգամավորներ, ապրում են Երեւանում:

Եկող շաբաթ սկսվող քառօրյայի օրակարգում եթե ընդգրկվի Վիկտոր Դալլաքյանի այս օրենսդրական նախաձեռնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել