Ճոյտի եւ նրա նման «լեւի» գծեր ունեցող գործարարների բիզնեսը հայ սպառողների վրա թանկ է նստում:
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եւ պետական պահպանության ծառայության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը լայն արձագանք ստացավ: Այդ առնչությամբ գլխավոր դատախազությունը գործ հարուցեց, սակայն խնդրո առարկա դարձած «լեւի» գազին, որի պատճառով պատգամավորն ու կարատեիստներն իրար տվել են, ոչ ոք չանդրադարձավ: Պարզվում է, այդ «լեւի» գազի համար մենք՝ սպառողներս ենք վճարում, իսկ եկամուտն էլ ոչ թե պետբյուջե է մտնում, այլ գործարարի, «ՀայՌուսգազարդի» եւ առանձին մարդկանց գրպանները:
Եվ դա տեղի է ունենում հետեւյալ կերպ. հայաստանյան փորձագետները բացատրում են, որ «լեւի» գազի քանակը կամ պաշարը «ՀայՌուսգազարդի» մոտ առաջանում է կորուստների համար նախատեսված նորմաների բաժնից: Էներգակիրների սպառման կամ օգտագործման ժամանակ օբյեկտիվորեն գոյություն են ունենում կորուստներ: Այսինքն, գազը սպառողին հասցնելիս, ինչ-ինչ տեխնոլոգիական թերությունների պատճառով, պակասում է, որտեղ մարդկային գործոնը քիչ կապ ունի: Կամ այլ կերպ՝ «ՀայՌուսգազարդի»՝ Ռուսաստանից ստացած գազի N քանակը հավասար չէ վերջնական սպառողին հասած գազի քանակին, որն արդեն N-M քանակի է, այն պակասել է խողովակների միջով տեղափոխվելիս եւ այլն:
Ահա այդ կորչող գազի գինը հաշվարկվում է գազի համար սպառողի կողմից վճարվող սակագնի մեջ, որը հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Մինչդեռ, եթե հանձնաժողովն ունենար բարձրակարգ մասնագետներ, նրանք սակագնի մեջ կորստի խելամիտ չափ կնախատեսեին, ոչ թե այնքան, որ դա ստվերային միլիոնանոց (չափը փորձագետներն են նշում) շրջանառության հնարավորություն տար:
Օրինակ, էլեկտրաէներգիայի դեպքում էլ կորուստներ կային, որոնք ընդամենը 5-6 տարի առաջ գերկորուստներ էին. այնքան ահռելի էր դրանց չափը:
Սակայն «Հայէլցանցեր» ընկերությունն իր առջեւ արդյունավետ կառավարման խնդիր դրեց եւ կորուստները հասցրեց նվազագույնի, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել էլեկտրաէներգիայի սակագին չբարձրացնել:
Չնայած ամեն ինչ անընդհատ թանկանում է, էլեկտրական հոսանքն էլ Հայաստանում է արտադրվում, ինքնարժեքը բարձրանում է շատ քիչ՝ այն էլ դրամի արժեւորման հետ կապված:
Իսկ «ՀայՌուսգազարդի» պարագայում այլ է. ապրանքը ներկրվող է, գնվում է դոլարով, դոլարն անկում է ապրում, բայց կորուստը փոքրացնելու մասին ծպտուն չեն հանում (իհարկե, մատակարար երկրի կողմից ստացվող ապրանքի գնի թանկացումը նկատի ենք ունենում): Խնդիրն այն է, որ սա այն դեպքն է, որ «կորցնելը» ձեռնտու է թե՛ կորցնողին, թե՛ կորածը գտնողին: Որովհետեւ դա ամեն մեկն իր հերթին վաճառում է: Վերահսկողն էլ «զահլա» չունի կամ միգուցե հետեւելու իրավասություն չունի:
Երեկ այս առնչությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնեցին, որ հանձնաժողովը կորուստների վերահսկման, ճշտման կամ ստուգման իրավունք չունի. «Հանձնաժողովն առաջնորդվում է իր հաշվարկման մեթոդիկայով: Հանձնաժողովը հաշվարկում եւ ֆիքսում է կորուստների մի չափ, որից ավել կամ պակասն արդեն տնտեսվարողի խնդիրն է: Հենց այդ սահմանած չափն էլ դրվում է սակագնի հիմքում»: Իսկ թե վերջին 5-6 տարիների կտրվածքով գազի կորուստներն ինչքա՞ն են նվազել կամ ավելացել՝ մեր հարցին հանձնաժողովից ասացին, որ նման տվյալներ իրենք չեն կարող տրամադրել:
«ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր ինժեներ Աշոտ Հովսեփյանի պարզաբանմամբ էլ՝ «Մեր իրական կորուստների չափն ավելի մեծ է, քան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի մեջ հաշվարկում է, ինչի պատճառով ընկերությունը տուժում է: Հանձնաժողովը Չեխիայի պես զարգացած երկրի չափորոշիչներով է թիվ սահմանում, մինչդեռ հաշվի չի առնում, որ մեզ մոտ խողովակները 30 տարվա են»: Ինչ վերաբերում է կորուստների նվազեցմանը, ըստ գլխավոր ինժեների, վերջին տարիներին ընկերությունն իր բաշխիչ ցանցերում կորուստները 1, 5 տոկոսով պակասեցրել է: Չնայած Հ. Հակոբյանի միջադեպը անմիջականորեն առնչվում էր «ՀայՌուսգազարդի» հետ, Ա. Հովսեփյանը չցանկացավ անդրադառնալ այդ հարցին՝ պատճառաբանելով, որ գործը հետաքննության փուլում է, եւ որեւէ մեկնաբանություն անելը ճիշտ չէ: