Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՂՎԵԼ ԿՈՎԿԱՍԻՑ

Հոկտեմբեր 19,2006 00:00

\"\"Զգուշացնում է իշխող կուսակցության ներկայացուցիչը

Պարզվեց, որ ոչ միայն Հայաստանի քաղաքական առանձին շրջանակներ են դժգոհ վարվող կոմպլեմենտար քաղաքականությունից, այլ նաեւ՝ Ռուսաստանի գործիչները: Եվ այս տրամադրությունների արտահայտողը դարձավ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որը վերջնագրի պես հայտարարեց, թե հնարավոր չէ «բոլորի հետ ապրել խաղաղ, եւ գալիս է ընտրելու պահը։ Ըստ իս, Հայաստանի համար հասունացել է այդ ընտրությունը կատարելու ճակատագրական պահը»: Մասնավորապես պահանջեց. «Մենք իրավունք ունենք Հայաստանին կոչ անելու ընտրել՝ կա՛մ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները, կա՛մ նման հարաբերությունները Վրաստանի հետ»։ Մեր հարցին, թե կարծում է արդյոք, որ Հայաստանը պետք է տեղի տա նման պարտադրանքի առջեւ եւ վերանայի իր արտաքին քաղաքականությունը՝ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Նախ, կցանկանայի, որ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները չմեկնաբանվեին որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իմպերատիվ քաղաքականության դրսեւորում: Հասկանանք, որ որքան էլ պրն Զատուլինը դիտվում է իբրեւ մերձկրեմլյան շրջապատի մարդ /նաեւ՝ Մոսկվայում/, համենայնդեպս՝ չեմ կարծում, թե նա է հայտնում պաշտոնական Կրեմլի դիրքորոշումը: Չեմ բացառում, որ նա ներկայացնում է ռուս քաղաքական վերնախավի մի հատվածի կարծիքը:

Բնականաբար, այդ հայտարարությունների բազմաթիվ դրույթներ վիճելի են: Շեշտեմ ամենակարեւորները: Օրինակ, Հայաստանից պետական, պաշտոնական հակավրացական դիրքորոշում պահանջելն արդարացված կլիներ, եթե մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը նման դիրքորոշում ունենար Ադրբեջանի կամ Թուրքիայի նկատմամբ, որոնց հետ խնդիրներ ունենք: Սակայն Ռուսաստանն այդ երկու երկրների հետ ոչ միայն պահպանում, այլեւ խորացնում է իր տնտեսական հարաբերությունները, որոնք նաեւ անդրադառնում են քաղաքական դաշտի վրա: Այսինքն՝ հայաստանյան կողմից նման «սեւ-սպիտակի», բեւեռների միջեւ կողմնորոշվելու ակնկալիքներ ունենալու համար պետք է, որ իրենք էլ նմանօրինակ քաղաքականության գեթ մեկ դրսեւորում ցույց տված լինեն»:

Պետդումայի պատգամավորը կշտամբել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես չի գալիս ռուս-վրացական հարաբերությունները հարթեցնելու, Վրաստանին ուղղված զսպվածության կոչերով: «Քաղաքական պայքարը Թբիլիսի-Մոսկվա առանցքով չի ընթանում՝ այդ առանցքն Ատլանտյան օվկիանոսից այն կողմ է,- նկատեց պրն Աշոտյանը:- Եվ բնականաբար, Հայաստանն իր քաղաքական ներուժով չի կարող միջնորդ հանդիսանալ ու կոչեր անել Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների քաղաքակիրթ լուծման համար»:

Մեր զրուցակիցը հակադրվեց նաեւ Կոնստանտին Զատուլինի հետեւյալ հայտարարությանը. «Կարծում եմ՝ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի եւ Վրաստանի հետ անհամեմատելի մեծություններ են։ Ես, իհարկե, չեմ ուզում ընտրել «կախված է» բառը, սակայն ակնհայտորեն Հայաստանը թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական շատ ավելի սերտ կապերի մեջ է  ՌԴ-ի հետ, քան Վրաստանի»։ Արմեն Աշոտյանի հակափաստարկը՝ «Չեմ ընկալում, թե միայն Հայաստանն է կախված Ռուսաստանից, թեպետ չեմ ուզում նաեւ ասել, թե հակառակն էլ կա: Սակայն ռուսական որոշ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների մեկնաբանություններում անգամ տեղակայված ռազմակայաններն են դիտվում որպես Հայաստանին արված մեծագույն լավություն: ՌԴ-ն այժմ ունի տասնյակից ոչ ավելի արտասահմանյան ռազմակայաններ, որոնցից 2-ն են Հայաստանում: Եթե ՀՀ-ն գտնի, որ մեր երկիրը պետք է հետայսու ազատ լինի ռուսական կայաններից, ապա ՌԴ-ն ակնհայտորեն կմղվի Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ եւ կվերադառնա Պետրոս Առաջինի թագավորություն: Հասկանալի է նաեւ, որ Հարավային Կովկասը քաղաքական թեժ գոտի է, ուր աշխատում են միջազգային բազմաթիվ կազմակերպություններ՝ հակամարտություններ հրահրելու համար: Եվ սա նույնպես թույլ է տալիս ՌԴ-ին խորշել իրադարձությունների նման զարգացումներից՝ հակառակ դեպքում ռուսական «կայունության սահմանը» կարող է ձգվել մինչեւ Ռոստով: Ակնհայտ է, որ ռազմակայանները պետք են ոչ միայն Հայաստանին»:

ՀՀԿ խորհրդի անդամը Զատուլինի այն մեղադրանքներին, թե Հայաստանը չի սատարում ռուսական քաղաքական ուղուն՝ այսպես պատասխանեց. «Կարելի է մատնանշել բազմաթիվ միջազգային ատյաններ՝ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովները, որտեղ ռուսական պատվիրակությունների անդամներն այդպես էլ չեն մասնակցում կամ գոնե մեզ համար ընկալելի քվեարկություն չեն դրսեւորում Հայաստանի համար կարեւոր հարցերի կապակցությամբ: Այն դեպքում, երբ հայկական պատվիրակությունները պաշտպանում են ռուսական կողմի տեսակետները՝ անգամ, ասենք, մերձբալթյան հանրապետությունների հետ հարաբերությունների խզման սպառնալիքով /այդպես եղավ, երբ այդ երկրները ԵԽԽՎ մտան ԽՍՀՄ տարիներին իրականացված «ռուսական օկուպացիա» ձեւակերպմամբ/: Այսինքն՝ միջազգային ատյաններում, որտեղ ենթադրվում է, թե ռազմավարական գործընկերները պետք է իրար հետ ձեռք ձեռքի աշխատեն՝ մեր ձեռքը միշտ եղել է պարզած, մեր ընկերների խնդիրներին աջակից, իսկ հակառակը, ցավոք, չի դրսեւորվել գոնե եվրոպական կառույցներում»:

Արմեն Աշոտյանը, որպես ամփոփում, անդրադարձավ «ընտրություն կատարելու ճակատագրական պահի» խնդրին. «Փառք Աստծո՝ աշխարհաքաղաքական ճակատամարտի խրամատը ՀՀ-ով դեռ չի անցնում: Մենք գտնվում ենք «ռազմաճակատին» շատ մոտ /«ռազմաճակատը» հիմա իրականում Վրաստանն է/, եւ Աստված մի արասցե, եթե հանկարծ մեր քաղաքական գործիչները թույլ տան, որ այդ խրամատն անցնի Հայաստանով: Կողմնորոշվելու այդ պահը՝ խրամատի ա՞յս, թե՞ այն կողմում՝ Հայաստանի համար դեռ հրատապ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել