Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՍՊԱՍԵՄ ԵՎՍ ՄԵԿ ԱՄԻՍ»

Հոկտեմբեր 19,2006 00:00

\"\"Վախթանգ Դարչինյանի հետ զրույցում խոսեցինք նաեւ նրա առաջիկա ծրագրերի, անձնական կյանքին վերաբերող հարցերի շուրջ:

– Շատ լավ ավանդույթ ես դարձրել՝ յուրաքանչյուր հերթական հաղթանակից հետո գալով Հայաստան: Այս անգամ, որքան տեղյակ եմ, մտադիր ես ավելի երկար մնալ: Ի՞նչ ծրագրեր ունես:

– Նախ որոշել եմ մի լավ հանգստանալ: Վաղը (զրույցը կայացել է հոկտեմբերի 16-ին) դիմավորելու եմ հարսնացուիս: Ուզում եմ Հայաստանն ու Երեւանը նրան ցույց տալ: Հետո սպասելու եմ Ամերիկայից զանգի: Իմ պրոումոթերն այնտեղ զբաղված է հերթական մենամարտս կազմակերպելու խնդիրներով: Բանակցություններ են վարվում WBA-ի չեմպիոն Օմար Նարվաեսի հետ: Եթե համաձայնի, ռինգում կհանդիպենք մոտավորապես եկող տարվա հունվար-փետրվարին:

– Իսկ մյուս չեմպիոննե՞րը:

– Գիտեք, որ ես ուզում եմ մյուս վարկանիշներով տիտղոսի մարտեր անցկացնել: Բայց բոլոր չեմպիոնները հրաժարվում են: Նպատակս հատկապես ամենահեղինակավոր վարկածի՝ WBC-ի կանաչ գոտին նվաճելն է: Ես ժամանակին մարտի հրավիրեցի WBC-ի առաջին համարին՝ մեքսիկացի Ջորջ Արսեին (չեմպիոնը հրաժարվում է ինձ հետ ռինգ մտնել): Նրա մասին ամբողջ աշխարհում գրում են, թե ամենից ուժեղն է: Հատուկ մեկնեցի Մեքսիկա, ներկա եղա նրա մենամարտին ու ավարտից հետո ձեռնոց նետեցի: Երեւի իմ սխալն էլ հենց դա էր: Վախեցավ ու սկսեց փախչել: Ուզել էր մարտերիս տեսագրությունը, դիտել ու հրաժարվել: Եթե Մեքսիկա չգնայի, գուցե կհավատար, որ իրոք ամենաուժեղն է ու մարտահրավերս կընդուներ: Հիմա Արսեն փոխել է քաշային կարգը, մեկով վեր է բարձրացել: Բայց նա, ինչպես ասում են, ինձանից պրծում չունի: Ես էլ եմ մեկ քաշային վեր բարձրանալու: Այնտեղ կհանդիպենք:

– Իսկ չեմպիոնը՝ թաիլանդցի Պոնգսկալեկ Վոնգջոնգկամը, ով անցկացրած 64 մենամարտերից հաղթել է 62-ում, ընդ որում 32-ը՝ նոկաուտով, ինչո՞ւ է խուսափում քեզանից:

– Նա WBC-ի ռեկորդակիր է, աշխարհի 15-ակի չեմպիոն: Դա ռեկորդային ցուցանիշ է: Բայց Պոնգսկալեկը չեմպիոնական տիտղոսները պաշտպանում է իր երկրում: Թաիլանդից դուրս չի գալիս: Պարզապես, դրամ է աշխատում: Նա, իրոք, ուժեղ բռնցքամարտիկ է ու ինքն է ընտրում մրցակիցներին: Ես նրան առաջարկել եմ «կռվել» որտեղ կամենա, թեկուզ իր հարազատ Թաիլանդում: Չնայած՝ Ամերիկայում ավելի լավ կլինի, քանի որ այդ մենամարտն ամբողջ աշխարհը կդիտի: Եթե համաձայնի դուրս գալ, ձեռքիցս չի փախչի: Նոկաուտով եմ հաղթելու, որպեսզի իմանան, որ լավից լավն էլ կա: Առայժմ համառորեն հրաժարվում է: Բայց հույս ունեմ, որ մեծ գումար խոստանալով հնարավոր լինի համոզել:

– Քո բոլոր մենամարտերին միշտ ներկա է լինում մի անձ: Եվ ի նշան հաղթանակներիդ՝ ռինգում իր ուսերին պտտում է: Հիմա էլ նա քեզ հետ է եւ նույն սեղանի շուրջ ենք նստած:

– Այո: Ծանոթացեք: Արաբ քրիստոնյա Ջամել Ջեյ Ֆերեսն է՝ Լիբանանից: 15 տարի բնակվում է Ավստրալիայում: Իր բիզնեսներն ունի: Ծանոթացել ենք Ավստրալիայում, այն դահլիճում, որտեղ ես մարզվում էի: Հետո շատ մտերմացանք: Նա ինձ ասում է. «Քանի որ ես փոքր եղբայր չունեմ, դու ես իմ փոքր եղբայրը»: Իմ մարտերի ժամանակ թողնում է ամեն բան ու ինձ հետ գնում թեկուզ աշխարհի ծայրը:

Պարոն Ֆերեսը Վիկի ու Հայաստանի մասին ասաց. «Վիկը հրաշալի մարդ է: Ուրախ եմ, որ նրա հետ ընկերություն եմ անում: Սովորաբար ամենավստահելի մարդու մասին ասում են. «Նա իմ աջ ձեռքն է»: Բայց Վախթանգը ձախլիկ է, ու ես նրա ձախ ձեռքն եմ: Ամերիկայում ռինգում նրան ներկայացնելիս հայտարարում են «իր քաշային կարգի արքա»: Դա, իրոք, այդպես է: Նա ձեր փոքր պետությանը մեծ ճանաչում ու համբավ է բերում ամբողջ աշխարհում: Եվ ես էլ ուրախանում եմ, որ ամեն անգամ հաղթանակից հետո ձեր դրոշը հայտնվում է նաեւ իմ ուսերին»:

– Վախթանգ, նախորդ անգամ խոստացար, որ այս հաղթանակից հետո գալու ես ու հայկական հարսանիքով ամուսնանաս քո՝ ազգությամբ ռուս հարսնացուի հետ:

– Նա գալիս է: Իսկ հարսանիքի մասին կպայմանավորվենք: Բանն այն է, որ նրա հայրը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ ունեցավ ու հիվանդանոց պառկեց: Մեր հարսանիքին նրա ծնողները պետք է անպայման ներկա լինեն: Մնում է, որ նրա հայրիկին բժիշկները թույլատրեն ինքնաթիռ նստել:

– Արթուր Աբրահամի մենամարտը դիտե՞լ ես:

– Այո: Հերոս տղա է: Չորրորդ ռաունդում ծնոտի կոտրվածք ստանալուց հետո մարտը հասցնել մինչեւ վերջ ու հաղթել՝ միայն երկաթյա կամքի տեր մարդը կարող էր: Բայց, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկար՝ այդ ընթացքում վնասվածքի խորանալու վտանգը մեծ էր: Ոչինչ: Թող այս անգամ պարտություն գրանցեին: Շատ արագ կբուժվեր ու մի քանի ամիս հետո ինքը Միրանդայի ծնոտը կկոտրեր, այն էլ՝ նոկաուտով: Մարտը շարունակելը Արթուրի պրոումոթերի սխալն էր: Բայց հուսանք, իսկ ես հավատում եմ, որ նրանց միջեւ կայանալիք պարտադիր մենամարտում Արթուրն իր «պարտքն» անպայման կվերադարձնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել