Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԵՄ ԻԶՄԵՐՈՒՆ»

Հոկտեմբեր 19,2006 00:00

Ասում է արտերկրում ճանաչված լիբանանահայ գեղանկարիչ եւ քանդակագործ Աղասին (Պողոս Թասլաքյանը):

Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Իսպանիայում, Ժնեւում, մասնակցել է նաեւ Նյու Յորքի «Art Expo»-ին: Մասնագետների գնահատմամբ, նրա սկզբնական շրջանի գործերը պատկանում են աբսուրդ սյուրռեալիստական, իսկ ներկայիս աշխատանքները՝ հարմոնիկ սյուրռեալիստական դպրոցին:

Պատերազմական թոհուբոհի պատճառով Պողոսը վերջերս Լիբանանից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան:

– Հոկտեմբերի 29-ին հայրենիքում առաջին անգամ կբացվի ձեր անհատական ցուցահանդեսը, ի՞նչ գործեր են ներկայացվելու:

– Այստեղ բոլորովին տարբեր ձեւով սկսա ստեղծագործել՝ ավելի ազդված հայրենիքեն: Բայց հատուկ խորագիր մը չունեմ: Մոտավորապես 25 նկարներ կցուցադրվեն: Հուսամ հաջորդին նաեւ քանդակի ցուցահանդեսս կլինի հայրենիքի մեջ: Ի դեպ, սովորած եմ Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, սակայն չեմ ավարտել, որովհետեւ մեկնել եմ Իտալիա՝ կատարելագործվելու «Academia di Belle di Venezia»-ում:

– Ուսանողական տարիների եւ այսօրվա Հայաստանի մեջ ի՞նչ փոփոխություններ եք տեսնում:

– Անշուշտ, դրական շատ բաներ կան: Երեւանը սիրունացած է: Իսկ գեղանկարչության ասպարեզն ավելի ակտիվացած է:

– Ովքե՞ր էին ձեր հաճախորդները արտերկրում, եւ ի՞նչ աշխատանքներ էին իրենց «քիմքին» հարմար:

– Լիբանանում շատ ցուցահանդեսներ արած եմ, բայց դրսի երկրներեն են ավելի շատ իմ գնորդները: Ընդհանրապես, ի տարբերություն Արեւմուտքի, Արեւելքում հիմնականում կնախընտրեն տեսարաններ: Ես միշտ չէ, որ գնորդների ճաշակներուն կենթարկվիմ: Հիմա ինձ ավելի շատ կհետաքրքրի, թե ինչպես կընդունվեմ հայրենիքում:

– Հայաստանում 5-6 մասնավոր պատկերասրահ կա, հասցրե՞լ եք այցելել եւ հայ նկարիչներից հատկապես ո՞ւմ կառանձնացնեիք:

– Ներկայի նկարիչներուն, ամենուն գործերուն ծանոթ եմ: Մեջերնուն կան լավ-լավ նկարիչներ: Ես շատ կհավնիմ, օրինակ, Ռուբեն Աբովյանը, Սամուել Գարեգինյանը… Այս երկուքը ինձ համար կարեւոր նշանակություն ունին, քանի որ ե՛ւ հայրենքին մեջ, ե՛ւ դուրսը մեծ հաջողություններ ունին:

– Շուշիում դրված է ձեր կերտած Նարեկացին… Քանդակին կարծես մի փոքր պակասում է վեհությունը: Դժվար չէ՞ր կերտել Նարեկացուն:

– Գիտեք, թերությունը պատվանդանն է, որ պիտի փոխվի: Ինչ խոսք, ավելի հեշտ է ժամանակակցին, քան Նարեկացուն կամ Խորենացուն կերտելը: Դրա համար շատ մարդոց (նարեկացիագետների) հանդիպեցա, իրենք լավ տեսան քանդակս:

– Արվեստում ամեն տեսակ «իզմ»-եր կան, դուք ո՞ր «իզմ»-ի մեջ եք ստեղծագործում:

– Ես որեւէ «իզմ»-ով չեմ սկսած նկարել: Երբ Իտալիայեն վերադարձա Լիբանան, ազդվելով միջավայրես, անմիջապես նկարներուս մեջ զգացի փոփոխություն: Հայաստանին մեջ նորեն այդ բանը կապրիմ, կրկին փոխված եմ: Նկարչի աշխատանքները պայմանավորված են էն հող ու ջրով, էն միջավայրով, որտեղ ինքը կստեղծագործի: Դառնանք «իզմ»-երուն:

Երբ 2001-ին Մադրիդում ցուցահանդես ըրինք, հոն ինչ-որ ամերիկացիներ ներկայացուցչիս հարցուցած էին՝ ո՞վ է այս Աղասին: Հետաքրքրության համար (ներկայացուցիչս) ըսել էր՝ ինչո՞ւ, սխալ բա՞ն կա: Ըսել էին, թե Նյու Յորքին մեջ ստեղծված իրենց՝ հարմոնիկ սյուրռեալիստական դպրոցին կպատկանիմ՝ թե՛ գույներով, թե՛ թեմաներով: Մինչդեռ ես կստեղծագործեմ առանց մտածելու. չէի էլ գիտեր, որ ատանկ դպրոց գոյություն ունի: Ես առանձնապես կողմնակից չեմ աս «իզմ»-երուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել