Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծերանոցը փակ հիմնա՞րկ է

Հոկտեմբեր 19,2006 00:00

\"\"Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրինությունը ծերերի եւ լրագրողների «անվերահսկելի» շփումն արգելում է

«Առավոտը» տեղեկություններ էր ստացել, որ Չորրորդ գյուղում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատում ծերերի հետ շատ վատ են վարվում: Ճաշը դույլերի մեջ լցրած են բաժանում, բարեգործների տրամադրած օգնությունները ծերերին չեն հասնում, ծերանոցի տնօրինությունը նույնիսկ նրանց թոշակն է տնօրինում:

Այդ տեղեկությունը ճշտելու համար օրերս առանց տնօրինությանը զգուշացնելու այցելեցինք թիվ 1 ծերանոց, որպեսզի տեղում պարզենք իրավիճակը: Սկզբում տուն-ինտերնատի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանը համաձայնեց, որպեսզի ծերերի հետ զրուցենք, բայց պայմանով, որ դա տեղի ունենա իր ներկայությամբ եւ միայն իր ընտրած ծերերի հետ: Սակայն, երբ պարոն Մարկոսյանին ասացինք, որ այդպիսով կխոչընդոտի մեր լրագրողական աշխատանքին, եւ ծերերը նրա ներկայությամբ անկեղծ չեն խոսի, Ա. Մարկոսյանն առաջարկեց, որ շրջենք ոչ թե իր, այլ ծերանոցի աշխատակիցներից մեկի ընկերակցությամբ: Ծերերի սենյակներից մեկը մտնելու ժամանակ մեզ ուղեկցող աշխատակցին խնդրեցինք, որպեսզի ներկա չլինի սենյակի բնակիչների հետ մեր զրույցին, սակայն քիչ անց վրա հասավ մեկ այլ աշխատակից եւ արգելեց ծերերի հետ առանց աշխատակիցների ներկայության շփվել: Մինչ կգար աշխատակիցը, մենք ծերանոցում բնակվող Հովհաննես պապի հետ մի քանի րոպե զրուցել էինք, եւ, տեսնելով բորբոքված աշխատակցին, պապիկը վախեցած ասաց՝ «Ես լրագրողին ոչինչ չեմ ասել»:

Ակնհայտ էր, որ «վերակացուների» ներկայությամբ ծերերը չէին համարձակվում խոսել՝ վախենալով արժանանալ տնօրինության հանդիմանանքին կամ զրկվել նրանց տված մի կտոր հացից ու տանիքից: Տեսնելով, որ չենք համաձայնում իրենց առաջարկած պայմաններում աշխատել, փոխտնօրենը հորդորեց ծերանոցը լքել եւ այսուհետեւ իրենց միայն այցելել տուն-ինտերնատի վերադասի՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թույլտվությամբ: Մեր «պատահական» այցի նպատակը հենց այն էր, որ ծերանոցի տնօրինությունը չնախապատրաստվի մեր այցին, մինչդեռ նախարարության հետ համաձայնեցնելու դեպքում տուն-ինտերնատի իրական պատկերը չէր արտացոլվի՝ ղեկավարները շքեղ կյանքի եւ երջանիկ ծերության պատրանք կստեղծեն: Ծերանոցի դռները մեր առաջ փակելու՝ տնօրինության պահվածքն է՛լ ավելի խորացրեց այն կասկածները, որ ծերերը, այնուամենայնիվ, խնդիրներ ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել