Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԴԱՐՁ «ԱՆԱՏԱՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբեր 19,2006 00:00

Անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, ինքնապաշտպանության ղարաբաղյան ջոկատների առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի եւ այլոց օրերս հրապարակած հայտարարությանը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանն ասաց. «Բավական անատամ հայտարարություն էր, այն իմաստով, որ ոչ միայն չէր պարունակում որեւէ նորություն ընդդիմադիր հռետորական արվեստի եւ գաղափարների իմաստով, այլ նաեւ՝ ասվածն այնքան վատ էր շաղկապված իրար եւ իրականության հետ, որ առաջին հայացքից՝ կարծես չկա էլ մեկնաբանությունների կարիք: Սակայն հնչած մեղադրանքներին չհակազդելը դիտվում է համաձայնության նշան:

Նախ, մեղադրում են, թե իշխանությունները չեն իրականացնում իրենց գործառույթները, եւ «նենգափոխել են պետական խնդիրներն իրենց փրկության խնդրով»: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ՀՀԿ-ն թեպետ տնօրինում է վարչական մեծ ռեսուրս՝ անգամ նախընտրական այս տարում իր խնդիրն է դիտում պետական շինարարության շարունակումը: Ի դեպ, սա մեզ կաշկանդող հանգամանք է, քանի որ մնացած գրեթե բոլորն արդեն սկսել են զբաղվել միայն իրենց նեղկուսակցական խնդիրներով:

Ժողովրդավարության ջատագով ու քաղաքացիական հասարակության փառաբանող ստորագրյալները հեղինակել են հակաժողովրդավարական մի քանի դրույթ: Ասենք, ակնհայտ է, որ որքան էլ չսիրեն իշխանություններին այդ մարդիկ՝ պետք է խոստովանեն, որ իշխանական կուսակցություններն էլ ունեն որոշակի կայուն ընտրազանգված: Ի սկզբանե զրոյացնել, արժեզրկել մեր հասարակության մի մաս կազմող այդ մարդկանց ձայները եւ որակավորել, թե նրանց քվե տալով վերարտադրվելու է իշխանությունը, ուստի դրա իրավունքը չունեն՝ հակաժողովրդավարական մոտեցում է: Ուստի կասկածում եմ այդ մարդկանց մղումների ազնվությանը: Բացի այդ՝ ստորագրողների կազմում են նաեւ նախկին պաշտոնյաներ, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում գոնե կես քայլ չեն արել իրենց կողմից գովաբանվող եւ փառաբանվող ժողովրդավարության համար: Հետեւաբար՝ հիմա նրանց մեղադրանքները նույնպես անկեղծ չեն: Ամենակարեւորը՝ Հայաստանում չկա ճգնաժամ եւ ոչ մի, առավել եւս՝ քաղաքական ոլորտում. նախագահը, ԱԺ-ն, կառավարությունը եւ ՏԻՄ-երը՝ պետությանը հատուկ բոլոր ինստիտուտները գործում են անխափան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել