«Ամենայն հավանականությամբ» կատարված գործողությունը սպանությո՞ւն է
Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի դատավճիռը դեռ չի հրապարակվել: Դատախազը միջնորդել է մարդասպանին տալ ընդամենը 3,5 տարի ազատազրկում: Դատական հաջորդ նիստի օրը հայտնի չէ: Արզնիի էլեկտրացանցի նախկին տնօրեն, 37-ամյա Աշոտ Մխիթարյանի սպանությունն իրականացնողի գործողությունները դատահոգեբանները որակել են «ամենայն հավանականությամբ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» կատարված գործողություն: Այդ «հավանական եզրակացությունը» հոգեբանները հոկտեմբերի 2-ին ուղարկել են Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարան:
Աշոտ Մխիթարյանի մայրը՝ Գոհար Բաղմանյանը, «Առավոտին» տեղեկացրեց, որ դատավարությունն ընթանում է այս տարվա փետրվարից: «Կարծես սկզբից բնականոն էր, թեեւ ամբաստանյալը փորձում էր ինքնապաշտպանության վարկածն առաջ քաշել, որը չհաջողվեց»: Դատավարության ժամանակ գործածվեց երկրորդ վարկածը՝ Քեշիշյանը գտնվել է «աֆեկտի վիճակում»: Սակայն տուժողի իրավահաջորդի գնահատմամբ, «ամբաստանյալն սկսեց իրեն դատավորի կարգավիճակում զգալ: Տեղի-անտեղի միջամտում էր դատավարությանը»: Ըստ տիկին Բաղմանյանի, տուժող կողմը վստահ էր, որ մեղադրանքը՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, մարդկանց կյանքի համար վտանգավոր, կպաշտպանվի դատարանում: «Մենք, մեր վշտի մեջ խեղդված, չէինք կարծում, թե մարդասպանի հոդվածը կփոխվի: Փորձագիտական կենտրոն ուղարկելուց հետո ստացվեց, թե աֆեկտի վիճակում կատարված է»: Դատավարության ժամանակ ամբաստանյալը հստակ նկարագրում էր կրակոցի ուղղվածությունը, ինչն աֆեկտի վիճակում գտնվողը չի կարող ամենայն մանրամասնությամբ նկարագրել: Ավելին, ոստիկանության աշխատող էր վկայություն տվել, թե «իմ ուսի վրայից անկանոն չէր կրակում»: Տուժողի իրավահաջորդի կարծիքով, վկաների ցուցմունքներից պարզ է դարձել, որ Քեշիշյանը նպատակաուղղված է կրակել Մխիթարյանի վրա: Ըստ իրավահաջորդի, Հաճընում մեծից փոքր գիտեն, որ 300 հազար դոլար կաշառք է տրվել փորձաքննության եզրակացությանը. «Հավանականով ծանր հանցագործությունը կոծկո՞ւմ եք»: Ըստ Գ. Բաղմանյանի, Քեշիշյանը ոչ միայն իր որդուն է սպանել, այլեւ՝ Նոր Հաճընի բնակիչների հավատը արդարության հանդեպ:
Տուժողի իրավահաջորդը նաեւ ասաց, որ դատական նիստի մասին պատշաճ չի տեղեկացվում, ասես՝ «մենք իրեն խանգարում ենք»: «Մի հավ գողանալու համար ջահել մարդուն տանում-դատում են, բայց սպանելու համար համաներման մասին են ակնարկում»,- շարունակում է սպանվածի մայրը: Վերջինս, ինչպես Հաճընի շատուշատ բնակիչներ մեզ հետ զրույցի ժամանակ համոզված են, թե դատարանը մինչեւ 10 տարի ազատազրկման կդատապարտի նրան: Սակայն նախկին քաղաքապետը իրեն մեղավոր չի ճանաչել: «Ամենայն հավանականությամբ» այն վստահությամբ, որ ձեռքբերովի «գժի թղթով» կազատվի:
«Առավոտի» վերջին կանխատեսմանը ի պատասխան, տիկին Բաղմանյանն ասաց. «Մենք կդիմենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»: ԱԺ նախագահը, օմբուդսմենը հարկ չեն համարել պատասխանել տուժողի իրավահաջորդների գրավոր ահազանգերին: «Մեր նամակներին քարտուղարուհիներն են պատասխանում: Մարդն այս երկրում արժեք չունի»,- ասաց սպանվածի մայրը:
Հ. Գ. Մխիթարյանի 5-ամյա միակ դուստրը դուռն ամեն անգամ բացելիս հավատում է, թե իր հայրն է, որ նա դեռ կգա: «Ամեն տեղ փնտրում է հորը՝ փախչելով տնից»,- ասում է Աշոտի քույրը: Իսկ դատարանում մարդասպանը հպարտանում էր. «Ես իմ տղայի ծնունդը բերդում եմ անում»: