Այսօր Ազգային օպերային թատրոնում Արմեն Ջիգարխանյանի գլխավորած Մոսկվայի դրամատիկական թատրոնը կներկայացնի «Պահանջվում է ստախոս» կատակերգությունը:
Բեմադրությունը նվիրված է վերոնշյալ թատրոնի 10-ամյակին: Այս ներկայացման գլխավոր դերը Արմեն Ջիգարխանյանը խաղացել է ուղիղ 45 տարի առաջ:
Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում լրագրողները հանդիպեցին սիրված դերասանին: «Ժամանակն ու տարածությունը մարդուն կարող են շոկային վիճակի հասցնել: 45 տարին քիչ չէ, սակայն իմ դեպքում դա այնքան էլ այդպես չէ»,- նշեց Ա. Ջիգարխանյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է դերասանն այսօր հոլովվող «թատրոնը մեռնում է» արտահայտության մասին: «Վատ թատրոնը մեռնում է, եւ՝ փառք Աստծո: Լավ թատրոնը գոյատեւում է ընդմիշտ»,- պատասխանեց Ջիգարխանյանը:
Նրա կարծիքով, թատրոն եկող մարդու հետ երբեմն «քիմիական պրոցեսներ են կատարվում», որոնց հետեւանքով մարդը երբեմն կարող է փոխվել անճանաչելիության աստիճան: Նա նշեց, որ դրան ու դերասանի «կոտրվելուն» նպաստում են հատկապես «խիստ թատերական դպրոցները»: Անդրադարձ եղավ նաեւ արվեստագետներին տրվող պետական կոչումներին: «Վերջերս իմ դերասաններից չորսին ՌԴ վաստակավոր արտիստի կոչման արժանացրին: Վախենում եմ, որ այդ «պրոցեսը» մեզ կօտարի: Օրինակ, ժամանակին, երբ ինձ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում շնորհեցին, ես կորցրի իմ լավ ընկերոջը (անունը չուզեց հրապարակել- Լ. Օ.): Ախր դերասաններն այնպիսի մարդիկ են, որ ուշադիր ու անգամ նախանձով են հետեւում, թե ում ծաղկեփունջ նվիրեցին, ում՝ ոչ»,- ասաց Ա. Ջիգարխանյանը: Նա, «Առավոտի» հարցին ի պատասխան, ասաց, որ վաղուց հայաստանյան թատրոնների անցուդարձին չի հետեւում: Նաեւ պատասխանատվություն չի զգում հայ ժողովրդին Ռուսաստանում ներկայացնելու. «Նման տաղանդ չունեմ: Ես կարող եմ միայն մեյմունություն անել, ես սովորական ծաղրածու եմ: Ինձ նույնիսկ ինչ-որ կուսակցություն ուզում էր մի ժամանակ Դումա մտցնել: Գիտեի, որ գայթակղություններն այնտեղ շատ են՝ հրաժարվեցի: Բացի այդ, մտածեցի, որ ես՝ արտիստս, կդժվարանամ պետական բյուջեն կազմելիս, չնայած հավաստիացրին, որ հաշվել իմանալը պարտադիր չէ, իսկ բյուջե կազմելով կզբաղվի ֆրակցիան»: Դերասանը չկարողացավ մտաբերել, թե որ կուսակցությունից էր առաջարկը ստացել: Միայն հիշեց, որ տարիներ առաջ Անատոլի Լուկյանովը, այնուհետեւ Միխայիլ Գորբաչովը երկու անգամ իրեն հրավիրել են հայ-ադրբեջանական կոնֆլիկտների քննարկումներին: