Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ-ն հաղթեց դաշնակցությանը

Հոկտեմբեր 17,2006 00:00

Արեւիկցիները դաշնակցականին չընտրեցին անփորձ լինելու, քարոզարշավ չանելու եւ խոստումներ չտալու պատճառով:

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին, Շիրակի մարզի Արեւիկ գյուղում համայնքապետի ընտրություններ էին: Առաջադրված երկու թեկնածուներից 210 ձայնի առավելությամբ գյուղապետ ընտրվեց ԱԺՄ-ական Դավիթ Թումիկյանը: Նրա հակառակորդը 26-ամյա դաշնակցական Վարդգես Մելքոնյանն էր, որին ընտրություններում սատարում էր Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Նա, մարզի դպրոցներում ու հիվանդանոցներում «բարեփոխումներ» կատարելուց եւ տնօրեններին դաշնակցականացնելուց հետո, սկսել է աշխատել գյուղապետերի ուղղությամբ՝ գյուղերում առաջադրելով իր կուսակիցներին: Մեր տեղեկություններով, նախքան ընտրությունները ընդդիմադիր թեկնածու Դ. Թումիկյանին կանչել են Շիրակի մարզպետարան ու առաջարկել են դուրս գալ «օպոզիցիայի» շարքերից, սակայն նա համագործակցության չի գնացել:

Արեւիկի գյուղապետի ընտրություններին մասնակցությունը շատ ակտիվ էր. գյուղացիներին նույնիսկ հետ չէին պահում հորդառատ անձրեւն ու ցեխի մեջ կորած ճանապարհները:

Թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ասատրյանն «Առավոտի» հետ զրույցում ընտրողների բուռն մասնակցությունը չկապեց որեւէ կուսակցությանը սատարելու հետ. ըստ նրա, գյուղացիները հաշվի չեն առնում թեկնածուների կուսակցական պատկանելությունը եւ ընտրելիս ավելի շուտ կարեւորում են նրա՝ մարդկանց կողմից հարգված լինելը:

Արեւիկցիները, ինչպես իրենք նշեցին, ի սկզբանե էլ երիտասարդ դաշնակցական թեկնածուի հետ առանձնապես հույսեր չեն կապել, քանի որ Վ. Մելքոնյանը նախընտրական շրջանում ո՛չ հանդիպել է արեւիկցիների հետ, ո՛չ որեւէ խոստում տվել, գյուղացիների խոսքերով՝ նա նույնիսկ նախընտրական ծրագիր էլ չի ներկայացրել: «Էրեխա տղա է, դեռ սովորելու շատ բան ունի». այսպիսի կարծիք ունեին թեկնածուի մասին ընտրողներից շատերը: Ինչպես պարզեցինք, Վ. Մելքոնյանը ուսանող է՝ նոր-նոր սկսել է սովորել Գյումրիի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժիններից մեկում: Իսկ 44-ամյա ընդդիմադիր գյուղապետը Գյումրիի մանկավարժականի ֆիզմաթ ֆակուլտետի շրջանավարտ է: Գյուղացիների կարծիքով, նա քիչ թե շատ փորձառու է՝ 6 տարի է՝ զբաղեցնում է գյուղապետի պաշտոնը: Բացի այդ, Դ. Թումիկյանը արեւիկցիների «աչքն է մտել» իր մի քանի արած գործերով, օրինակ, շատերին տարել է գյուղում կառուցվող շաքարի գործարանի շինարարությանը մասնակցելու, գյուղում ոռոգման ջրի ցանց է քաշել եւ այլն: Իսկ չարած գործերի համար գյուղացիները մեղադրեցին ոչ թե գյուղապետին, այլ իշխանություններին եւ, հատկապես, գյուղնախարարին: «Գնում-տեսնում է՝ մեկի պամիդորը լավ է հասել, կանգնում-գովք է անում, իսկ մյուսինը, որ ավիրվել է, ոչ մի օգնություն չի հատկացնում: Սրանց հատկացրած օգնությունը միայն թղթի վրա է: Մկները մեր մարզում արդեն մարդ են խեղդում, եթե այսպես շարունակվի, կասեինք, որ Շիրակի դաշտավայրը մի-երկու տարի հետո Շիրակավանի փոխարեն կդառնա մկնավան»,- դժգոհեցին գյուղացիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել