Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԼՈՂԱԼ ՉԳԻՏԻ ԴՈԼԱՐԸ

Հոկտեմբեր 17,2006 00:00

\"\"Այս հարցին տրամագծորեն տարբեր պատասխաններ տրվեցին երկու քննարկումների ընթացքում, որոնք երեկ անցկացրին ե՛ւ խորհրդարանականները, ե՛ւ հակաքրեականները:

«Դրամի արժեւորումը ու տնտեսական իրավիճակը Հայաստանում» թեմայով խորհրդարանական երեկվա լսումներն արդեն երրորդ համանման քննարկումն էին ԱԺ-ում: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որ հիմնական զեկուցողն էր լսումներում, նշեց, թե դրամն անցած 3 տարում արժեւորվել է 37%-ով, եւ դա հասարակության զգալի հատվածի համար բացասական երեւույթ է: Դրամի արժեւորումից տուժում են նախ արտարժույթով խնայողություն կատարող անձինք, որոնք, ըստ ԿԲ նախագահի, հիմնականում մեծահարուստներ են, քանի որ խնայված արտարժույթի 95%-ը նրանց ձեռքում է: Հաջորդ խավը, որը կրում է դրամի արժեւորման բացասական ազդեցությունը, արտարժույթով աշխատավարձ ստացողներն են՝ միջազգային կազմակերպություններում, լրատվամիջոցներում, ոչ պետական հետազոտական ընկերություններում, ստվերային տնտեսության մեջ ներգրավված աշխատակիցները: Դոլար-դրամ տատանումներից զգալի կորուստներ են ունեցել նաեւ տրանսֆերտներ ստացողները: Իսկ տրանսֆերտների գծով գրանցվում է տարեկան 25-30%-ի աճ: Մյուս խումբը, որին հիմնախնդրի առջեւ է կանգնեցրել ազգային արժույթի արժեւորումը՝ արտահանողներն են, որոնք գների բարձրացման պատճառով արտաքին շուկայում դառնում են անմրցունակ:

ԿԲ նախագահը ներկայացրեց նաեւ դրամի արժեւորման պատճառները: Որպես այդպիսին Տիգրան Սարգսյանը համարում է տնտեսության աճի երկնիշ ցուցանիշները, դոլարային մեծածավալ ներդրումները, մասնավոր տրանսֆերտների ծավալների աճը, հանքահումքային եւ քիմիական արդյունաբերական ճյուղերի զարգացումը, Հայաստան այցելողների քանակի շեշտակի աճը: Ընդ որում, ըստ նրա՝ սպասվում է, որ ընթացիկ տարում Հայաստան այցելողների թիվը կհասնի 450 հազարի, ինչը ենթադրում է դոլարային արտահայտությամբ ծախսերի աճ: Այս ամենի հետ միասին դոլար-դրամ տատանումների վրա ազդել է նաեւ ԱՄՆ վարած քաղաքականությունը: Այդ է վկայում վիճակագրությունը՝ 24 երկրներում ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեւորվել է:

ԿԲ նախագահի դիրքորոշմամբ, մեր ընտրած տնտեսական մոդելը՝ լողացող փոխարժեքի քաղաքականությունը, այլընտրանք չունի: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանի համար անընդունելի է ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունը՝ այն կհանգեցնի տնտեսական կոլապսի: Նաեւ հայտնեց, որ կառավարությունը մշակել է Հայաստանում դոլարի շրջանառությունը նվազեցնելուն միտված օրենսդրական փաթեթ, որը կկրճատի երկրի տնտեսության դոլարայնացման աստիճանը:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը լսումների ընթացքում կարծիք հայտնեց, որ արդյունավետ կառավարման պարագայում տնտեսվարողը դրամի արժեւորումից կորուստներ չի ունենա: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը ստվերային տնտեսության մեծ ծավալներն է տեսնում առկա բացասական զարգացումների հիմքում: Նրա տվյալներով, ստվերային տնտեսությունը կազմում է 50-60 %, իսկ սննդապրանքային բնագավառում այն հասնում է 70-80 %-ի: Շուկայում չհիմնավորված գներ կան՝ ասաց պրն Շահնազարյանը: Հանձնաժողովը նախատեսում է մինչեւ տարեվերջ ԱԺ ներկայացնել օրենսդրական փաթեթ՝ խաթարված մրցակցային դաշտը վերականգնելու ուղղությամբ առավել ճկուն քայլերի հնարավորություն ստանալու նպատակով:

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը ելույթ ունեցավ ԱԺ լսումների ընթացքում, իսկ հակաքրեական շարժման նախաձեռնած քննարկման ժամանակ նա հիմնական զեկուցողն էր: Այստեղ պրն Գեղամյանը դրամի թանկացումը համարելով արհեստական՝ հայտարարեց, թե դրա պատճառներից մեկն իշխանությունների ձգտումն է՝ լրացնել այն ֆինանսական կորուստները, որոնք առաջացել էին 2003 թվականի ընտրություններից հետո. «Տղաները ահագին ծախս էին քաշել եւ այդ ծախսը վերականգնելու եզակի ճանապարհը գտել էին՝ ժողովրդից կողոպտել գումարները»:

«Ազգային միաբանության» ղեկավարը «իշխանությունների բլեֆ» անվանեց պնդումը, թե տնտեսական աճով է պայմանավորված դրամի արժեւորումը. «Այս վիճակը ձեռնտու է ճիշտ այն մարդկանց, ովքեր զբաղվում են ապրանքներ ներմուծելով: Իսկ մենք քաջատեղյակ ենք, որ ներմուծման ոլորտն ամբողջովին մոնոպոլիզացված է՝ լինի դա ցորենի, բենզինի, դիզելային վառելիքի, ծխախոտի ներկրումը: Եվ այդ ոլորտներում անելիք ունեն միայն եւ միայն պարոններ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի յուրայինները կամ էլ իրենց հպարտ համարող, սակայն վերջիններիս թրի տակով անցած՝ երբեմնի իրենց հեղինակություն համարող զանազան մարդիկ»:

Անուններ չորոշակիացնելով՝ Արտաշես Գեղամյանը հավելեց, թե արտասահմանից ապրանք ներմուծելով՝ մենաշնորհային այս ոլորտներում գործողները նվազագույնը 10% հավելյալ եկամուտ են ապահովել դոլար-դրամ խաղից. «Միայն 1 միլիարդ 717 միլիոն դոլարի ապրանք են ներմուծել 2005թ.-ին: Սահմանում, առանց որեւէ բանի՝ նվազագույնն արդեն մաքուր 171 միլիոն գրպաններն են դրել»:

Անդրադարձավ նաեւ ԿԲ-ի դերակատարությանը՝ նշելով, որ այն «պատրանք է ստեղծում, թե իբր զսպում է գնաճը, սակայն կամա թե ակամա, փաստորեն, քողարկում է ստվերային տնտեսության մեջ շրջանառվող 100-ավոր միլիարդ դրամի հասնող կողոպուտը»:

«Ազգային միաբանության» նախագահը հայտարարեց. «Հայաստանի տնտեսությունը հայտնվել է կոլապսային վիճակում, որը հղի է լրջագույն պայթյուններով: Այս ամենի պտուղները մենք կճաշակենք 2007-2008 թթ.-ին, երբ ականատեսը կդառնանք, որ մեր հայրենական արտադրողները հարկադրված կլինեն սեղմել կամ փակել իրենց արտադրությունները, քանի որ դոլար-դրամի նման արհեստական փոխարժեքի պայմաններում՝ անգամ Հայաստանում արտադրվող ապրանքները չեն դիմանա ներմուծված համանման ապրանքների մրցակցությանը: Եվ կունենանք երկիր, որը գոյատեւում է միայն եւ միայն արտաքին տրանսֆերտների հաշվին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել