Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 17,2006 00:00

\"\"Երեկ մայրաքաղաքի Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքների, Արարատի մարզի Մասիսի, Արտաշատի եւ Արարատի տարածաշրջանների բոլոր դպրոցներում կազմակերպվել էր պետական ավարտական եւ միասնական քննությունների նոր համակարգի փորձարկում՝ քիմիա առարկայից:

ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) կազմակերպել էր լրագրողների շրջայց՝ տարբեր դպրոցներ:

Ավարտական քննությանը մասնակցող 2676 10-րդ դասարանցիներն առավել պարզ՝ «ա» տարբերակի թեստեր էին հանձնում իրենց դպրոցներում, իսկ միասնական քննությունն անցկացվում էր 714 հոգու շրջանում: Վերջին՝ միասնական քննությունն այն աշակերտների համար է, ովքեր պատրաստվում են բուհեր դիմել եւ մի փոքր բարդ թեստեր են հանձնում՝ «ա+բ» տարբերակ: Երեկ սակայն, ինչպես մեր դիտարկումները ցույց տվեցին, այս սկզբունքը խախտված էր: Քիմիայի քննության եկած աշակերտների ճնշող մեծամասնությունն ասում էր, որ իրենց զոռով ուղարկել են քննական կենտրոններ՝ «բարդ տարբերակները լուծելու», կարծես՝ աշակերտների որոշակի թիվ լրացնելու համար: Իրականում այս երեխաների մեծ մասը քիմիայից բավական հեռու էր, եւ Շենգավիթ համայնքի թիվ 66 դպրոցում լրագրողներն ու ԿԳՆ պատվիրակությունն ականատես եղան, թե ինչպես քննությունից 15 րոպե չանցած՝ աշակերտները սկսեցին լքել քննասենյակները: Տպավորություն կար, որ, բացի անբավարար գիտելիքներ ունենալուց, նրանք նաեւ լուրջ չեն վերաբերվում քննությանը՝ իմանալով, որ սա պարզապես փորձ է: Իսկ թիվ 52 դպրոցի մի խումբ աշակերտներ ասացին, որ «բ» տարբերակն իրենց համար բարդ էր, թեեւ իրենք 4 եւ 5 գնահատականներով սովորող աշակերտներ են: Վերջիններս էլ, ինչպես ասացին, քննական կենտրոն էին եկել ոչ իրենց կամքով, այլ՝ տնօրինության:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասում է, որ իրենք հաշվի են առել, որ որոշակի տոկոս լուրջ չի վերաբերվի քննությանը, եւ մտավախությունը, թե այսպիսի անլրջության պայմաններում ռեալ պատկեր չի ապահովվի, որպեսզի մասնագետները կողմնորոշվեն թեստերի բովանդակության հարցում, նախարարը չի կիսում. «Հնարավորինս կունենանք պատկերը, մենք նույնիսկ հայտարարել ենք, որ եթե լավ լուծեն եւ բարձր ստանան, դա կհամարվի շրջանային օլիմպիադայի մի փուլ: Թեստերը նաեւ ամբիոնների կարծիքների ենք ուղարկել, հիմա կփորձենք հավաքել մասնագետներին, իրենց տեսակետները կասեն, հետո՝ ուսուցիչներին, այնպես որ՝ թեստերի բովանդակության եւ բարդության հարցում կկողմնորոշվենք»: Նախարարն այլ մտահոգություններ ունի. օրինակ՝ ինչպես բացառել հուշումները: Նա մտածում է, որ կարելի է նստարաններն իրարից բավականաչափ հեռու տեղադրել, որպեսզի երեխաները չկարողանան միմյանց հուշել, իսկ շարքերի միջով ոչ ոք չպետք է անցնի, որպեսզի որեւէ օտար մարդու կողմից եւս հուշումը բացառվի: Նախարարը նաեւ նկատեց, որ թեստերը բաժանելուց հետո կազմակերպիչները դեռեւս չէին ավարտել գծիկավոր կոդերի ամրակցումը՝ յուրաքանչյուր դիմորդի գրավորի վրա: Իսկ այդ ընթացքում, փաստորեն, կազմակերպիչը կարող էր դիմորդին նաեւ հուշող թերթիկ փոխանցել: Մի խոսքով, տեխնիկական կարեւոր մանրուքներ կան, որոնք դեռեւս շտկումների կարիք ունեն: Իսկ հատուկ գծիկավոր կոդերը կօգնեն անանունություն ապահովել ստուգման ողջ ընթացքում:

Համենայնդեպս՝ պաշտոնյաները վստահեցնում են, որ այն ցուցակները, որտեղ երեւում է այսինչ կոդի տերը, սկզբից մինչեւ վերջ մնալու են քննական կենտրոններում, եւ ստուգման պահին Գիտելիքների թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) հնարավոր չէ իմանալ, թե դա ում գրավորն է: Գծիկավոր կոդերից, սակայն, դեռեւս լավ գլուխ չեն հանում նաեւ կազմակերպիչները, թեեւ ժամանակին հատուկ սեմինարների են մասնակցել: Արտաշատի թիվ 2 դպրոցում ԳԹԿ տնօրեն Վանյա Բարսեղյանը ցուցակներում փակցված կոդերի մեջ պատահմամբ սխալ գտավ, ինչի արդյունքում մի ողջ խումբ (15 հոգի) աշակերտների գրավորներ պարզապես կկորչեին: Ի դեպ, նախարարը մտածում է դիմորդներին քննության երկու հնարավորություն տալ՝ այս եւ նման այլ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար. օրինակ, դիմորդն էլ կարող է իր թերթիկի վրա սխալմամբ նշում անել, ինչի արդյունքում գրավորն անվավեր կճանաչվի: Սրանք հարցեր են, որոնք վերջնական լուծումներ կստանան հենց այս փորձարկումներից հետո:

ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանին հարցրինք՝ արդյոք ինքն է՞լ է նախարարի պես համոզված, որ այս համակարգը կոռուպցիոն ռիսկերը կհավասարեցնի 0-ի: «Հուսով եմ՝ կմոտեցվի զրոյի»,- ասաց նա:

Երեկվա մեր շրջայցի վերջում Վ. Բարսեղյանը մի կարեւոր բացթողում նկատեց. Արտաշատի թիվ 1 դպրոցում չէր լուծվել աշակերտներին անձրեւից պաշտպանելու հարցը: Դպրոցի նախասրահը հնարավորություն չուներ 300 աշակերտի միանգամից ընդունել՝ փաստաթղթերը ստուգելու համար, եւ երեխաների մեծ մասը ստիպված է եղել անձրեւի տակ սպասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել