Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 16,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանմեկերորդ

ԱՊՐԵԼ ԵՎ ՀԻՇԵԼ

– Էրեխեքը մեղք են, ա՛յ Հրանտ,- ասաց տիկին Լենան։

– Ի՞նչ էրեխեք,- հարցրեց Թամրազյանը։

– Լիզիկն ու մանավանդ Ժաննան,- ասաց կինը.- հիմի էն խեղճի աչքը ջուր դառավ։

– Ավելի լավ է՝ սուրճ դնես,- կնոջն ասաց Թամրազյանը.- էս մեկից բան չհասկացանք։

– Հա,- ասաց տիկին Լենան ու Լիզային նայելով՝ ավելացրեց.- Լիզիկ ջան, կոֆեները կխմեք ու կգնաք։

– Դո՛ւ չես որոշողը,- կնոջ վրա գոռաց Թամրազյանը։- Սուրճերը կբերես՝ հետո կտեսնենք։

– Խեղճ էրեխեքին բանտարկել ես,- դժգոհեց կինը։

– Լավ բան չես անում,- կնոջն ասաց Թամրազյանը.- փաստորեն, հյուրերիդ հասկացնում ես, որ վեր կենան ու գնան։ Փաստորեն, հյուրերիդ վռնդում ես։

– Մեկ ա՝ չեմ համոզի,- ասաց կինը.- գնամ կոֆեն դնեմ։

– Գա՞մ օգնեմ, Լենա ծյոծյա,- հարցրեց Լիզան։

– Է՞դ ինչ հարց է. իհա՛րկե պետք է օգնես,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- համ էլ՝ մենք տղամարդկանցով մի-մի թաս հալալ կխմենք։

Թամրազյանի կինն ու Լիզան գնացին խոհանոց, եւ երբ տղամարդկանցով մնացինք, Թամրազյանը Զորիկին արթնացնելով՝ առաջարկեց խմել կանանց կենացը։

Մինչ տիկին Լենան ու Լիզան խոհանոցից կվերադառնային, Թամրազյանը ուրիշ կենաց էլ առաջարկեց, ու մենք էդ կենացն է՛լ խմեցինք, ու չնայած չեմ հիշում՝ էդ վերջինն ինչ կենաց էր, բայց լավ հիշում եմ, որ վերջին երկու կենացները լրիվ խմեցի ու նաեւ էդ թթի օղու անկրկնելի համն եմ հիշում ու նաեւ հիշում եմ, որ երբ Թամրազյանի կինն ու Լիզան խոհանոցից սուրճերով վերադարձան, Թամրազյանի աչքերն արդեն փակվում էին, ավելի ճիշտ՝ մերթ փակվում ու մերթ բացվում էին եւ երբ հերթական անգամ փակվեցին, ես ու Լիզան տիկին Լենայի ցուցումով տեղներիցս անշշուկ վեր կացանք եւ առանց սուրճերը խմելու՝ սուսուփուս ծլկեցինք Թամրազյանի հյուրընկալ օջախից։

Ես, իհարկե, էդ ամբողջ ընթացքում ինձ տագնապահար սպասող մորս մասին էի մտածում, բայց էդ մասին ոչ մի անգամ չակնարկեցի. ընդհակառակը, շարունակ ձեւացնում էի, թե ընդամենը Լիզայի ու Լիզայի քրոջ համար եմ անհանգստացած, եւ երբ արդեն Լիզայի հետ բարեհաջող ծլկել էինք Թամրազյանի հյուրընկալ օջախից, ուշքս ու միտքս էն էր, թե ե՞րբ պիտի Լիզային իր քրոջը հասցնեմ ու ինձ էլ՝ մեր տուն։

Մենք էնքան սրտանց դուրս թռանք Թամրազյանենց տնից եւ իրար կիսագրկած՝ էդ համատարած խավարի միջով էնքան արագ էինք վազում, որ Ձերժինսկու դպրոցի մատույցներում միայն հասկացանք, որ տեղատարափ է, եւ անձրեւի ահավոր շիթերն էլ ո՛չ թե մեզ վրա զգացինք, այլ՝ Ձերժինսկու դպրոցի աստիճանաշարի մոտի էլեկտրասյան պայծառ լույսի ֆոնին տեսանք, եւ երբ տեսանք ու հասկացանք, որ տեղատարափ է, արդեն ոտից գլուխ ջուր էինք, եւ երբ Լիզան տեսավ, որ էդ ահավոր տեղատարափի տակով դժվար թե շատ առաջանանք, ասաց.

– Հետ չգնա՞նք՝ Լենա ծյոծյայից զոնտիկ ուզենք։

– Ոչ թե զոնտիկ, այլ՝ հովանոց,- ասացի ես։

– Էս հեղեղին ի՞նչ հովանոց,- ծիծաղեց Լիզան.- մեզ մենակ զոնտիկը կփրկի։

– Հազիվ ենք պրծել. որ հետ գնանք՝ Թամրազյանը մեզ նորից կկալանավորի։

– Ճիշտ ես ասում։ Բա ի՞նչ անենք։

– Միայն դեպի առաջ։ Ձեր տներն Այգեստանում են, չէ՞։

– Մինչեւ Այգեստան հասնենք՝ թրջված մուկ կդառնանք։

– Արդեն թրջված մուկ ենք։ Գնանք՝ էն շենքի դալանը մտնենք։

– Հա,- ասաց Լիզան, ու երկուսով վազեցինք դեպի դալանը։

Չարենցի փողոցն անհամեմատ լուսավոր էր, եւ Լիզայի կարմիր ու թաց շալվարը մեկին մեկ էր գծագրում ու տեսցնում նրա պարարտ ազդրերը, ու տեղատարափի տակով Լիզայի հետ գիրկընդխառն վազեցինք դեպի դալանը եւ մինչեւ դալան հասնելը մի քանի անգամ կանգ առանք ու համբուրվեցինք, եւ էդ պահերին զգացի ու հասկացա, որ ինքը կյանքում առաջին անգամ է համբուրվում, ու մինչեւ դալան մեր էդ ընդհատումներով վազքն էսօրվա պես եմ հիշում, եւ իր տաք ու անփորձ շնչառությունն էս պահին էլ ականջներիս մեջ է, ու էդպիսի տեղատարափ ուրիշ անգամ չեմ տեսել, եւ էս գրածներիս ու հատկապես էս վերջին ասածիս թերահավատորեն վերաբերվողներն օդերեւութաբաններից կարող են ճշտել ու հավաստիանալ, որ հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի լույս ութի էդ գիշեր ահավոր տեղատարափ էր։

Մինչեւ դալան հասնելը մենք մի քանի անգամ կանգ առանք ու համբուրվեցինք, ավելի ճիշտ՝ ե՛ս իրեն համբուրեցի, որովհետեւ ինքը՝ թաց ու կրավորական, իմ թելադրանքով դադարեցնում էր վազքն ու կանգ էր առնում՝ թողնում էր, որ իրեն համբուրեմ, բայց երբ արդեն մոտեցել էինք դալանին, դալանի մոտի էլեկտրասյան լույսի տակ ժամացույցին նայեց ու ճչաց, որովհետեւ արդեն երեքն ահագին անց էր, բայց մենք ստիպված էինք գոնե ժամանակավորապես դալան մտնել, որովհետեւ, չնայած իրենց Այգեստանն արդեն շատ մոտ էր, բայց անձրեւն ավելի ու ավելի էր ուժգնացել, այսինքն՝ անձրեւի տակով մեր ընթացքը շարունակելը ո՛չ միայն ցանկալի չէր, այլեւ անհնար է՛լ էր, բայց, մյուս կողմից էլ, մեր դալան մտնելն է՛լ էր անիմաստ, որովհետեւ մենք արդեն ոտից գլուխ ջուր էինք, եւ էդ դալանը մեզ օգոստոսյան էդ աննախադեպ անձրեւից արդեն չէր փրկելու եւ ո՛չ էլ էդ օրվա աննախադեպ քամուց էր փրկելու, որովհետեւ, ինչպես քիչ անց պարզվեց, Չարենցի փողոցի էդ դալանում էդ պահին ահավոր միջանցիկ քամի էր, եւ երբ արդեն դալանում էինք, Լիզան սկսեց ահավոր դողալ, եւ երբ իրեն մի անգամ էլ արդեն դալանի մեջ համբուրեցի, իր դողոցն ավելի սաստկացավ, ու ես չէի հասկանում՝ իր էդ ահավոր դողոցի պատճառն անձրեւն ու քամի՞ն էին, քրոջ հետ մոտալուտ առերեսման սարսա՞փն էր, թե՞, այնուամենայնիվ, իր առաջին ու թաց համբույրներն էին։

– Երեւի հիմա մտածում ես, որ հազար հոգու հետ հազար անգամ էսպես համբուրվել եմ,- դողդողալով ու դեմքը դեպի դալանի պատը շրջելով՝ կմկմաց Լիզան։

– Էդպիսի բան չեմ մտածում,- ասացի ես.- ճիշտ հակառակն եմ մտածում։

– Ճիշտ հակառակը ո՞րն է,- նորից դեպի ինձ շրջվեց Լիզան։

– Մտածում եմ, որ կյանքում առաջին անգամ ես համբուրվում։

– Ինչի՞,- ժպտաց Լիզան։- Խամությո՞ւն եմ անում. սխա՞լ եմ համբուրվում։

– Սխալ ու ճիշտ չկա,- ասացի ես՝ նորից համբուրելով իրեն։

– Որ սխալ ու ճիշտ չկա, ո՞նց իմացար, որ առաջին անգամ եմ համբուրվում,- կտրուկ հեռու քաշվելով՝ ասաց Լիզան։

– Որովհետեւ դու ինձ չես համբուրում։

– Բա ի՞նչ եմ անում,- զարմացավ Լիզան։

– Ուղղակի թողում ես, որ քեզ համբուրեմ։

– Ուշքս ու միտքս քույրս է,- կմկմաց Լիզան։

Ես նորից իրեն համբու րեցի, ու ահագին ժամանակ լուռ էինք։

– Ի՞նչ ես մտածում,- լռությունը խզեց Լիզան։

– Քրոջդ մասին եմ մտածում։

– Քրոջս մասին ի՞նչ ես մտածում։

– Քրոջդ կասես, որ անձրեւի պատճառով ուշացար։

– Վատ միտք չի,- ժպտաց Լիզան։- Լավ է, որ էս վիճակում կարողանում ես մտածել։

– Ի՞նչ վիճակ։

– Չգիտեմ։ Երեւի մի քանի օր է հարկավոր, որ էսօրվա էս ամբողջ տպավորությունները կարողանամ ի մի բերել։

– Քրոջդ կասես, որ Թամրազյանի տանն էինք, բայց քանի որ անձրեւ էր, չկարողացանք շուտ դուրս գալ։ Համ էլ կասես, որ իրանց հեռախոսը փչացել էր։

– Մի բան կասեմ,- կմկմաց Լիզան.- քրոջս հաշվով իզուր ես էդքան անհանգստանում։

Ես Լիզային էդ խորհուրդը տվի, ու անմիջապես մտքովս անցավ, որ ես էլ մերոնց առաջ նույն ձեւով կարդարանամ։

Հիմա էսպես ուղղագիծ ու միագիծ շարունակում եմ հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի յոթի ցերեկն սկսված ու լույս ութին շարունակված մեր էդ համատեղ օրվա քրոնիկոնը, բայց էս հանգամանքը դեռեւս չի նշանակում, թե ես էս պահի դրությամբ միայն անցյալովս եմ ապրում, ու էս ներկա ժամանակիս մեջ իրադարձություններ ու փոփոխություններ չկան. ճիշտ հակառակը. ինչքան շատ եմ անցյալիս ու անցյալ հանգամանքների մեջ տարածվելով ու տարրալուծվելով խորանում, էնքան ավելի ու ավելի եմ իմ ու բոլորիս ներկան տեսնում, կարեւորում, արժեքավորում ու, ինչու չէ, նաեւ ապրում, եւ ամենահետաքրքիրն էն է, որ իմ ու ձեր էս ներկան անհամեմատ բուռն ու արագ է զարգանում, քան՝ էս գրվածքիս իրադարձություններն ու սյուժեն, ու էս ասածս բնավ չի վերաբերում գազի, ջրի ու ամեն ինչի թանկացմանը, դոլարի արժեզրկմանը, իշխանությունների հաբռգածությանը, ընդդիմության գոլորշիացմանն ու արտաքին այլեւայլ երեւույթներին, այլ միայն՝ իմ խորապես անձնական կյանքին ու առօրյային, որոնցում, ինչպես պարզվում է, ավելի՛ աշխուժություն ու շարժ կա, քան՝ իմ էս վեպում եւ նույնիսկ մեր էսօրվա համընդհանուր քաղաքական ու հասարակական կյանքում։

Բանն այն է, որ ես երեք ամսվա ընդմիջումից հետո վերստին վերադարձել եմ «Եվրոֆուտբոլ» ու «Տոտո», այսինքն՝ բուքմեյքերական դաշտ, որտեղից, ճիշտն ասած, չէի էլ բացակայել էն առումով, որ առաջվա պես շարունակում էի էդ տարածքներում անցկացնել օրերիս երկրորդ կեսերը, ավելի ճշգրիտ՝ իմ օրվա երկրորդ կեսի առաջին կեսը, իսկ իմ բաժին օրվա առաջին կեսի երկրորդ կեսին, ինչպեսեւ նախկինում, նստում ու համբերությամբ շարունակում եմ գրի առնել իմ էս անվերջանալին ու անիմանալին, որն ահա լռվեց ու լճացավ իմ ու Լիզայի ընդամենը մի քանի ժամվա հարաբերությունների մեջ, իսկ ինչ վերաբերում է իմ օրվա առաջին կեսի առաջին կեսին, ես էլի էդ առաջին կեսի առաջին կեսում հասցնում եմ էլեկտրոնայինի նյութս ու «Ժուկով ժամանակովի» սցենարս գրել, եւ էդքանով, փաստորեն, ավարտվում է իմ հերթական օրվա առաջին կեսն, ու սկսվում է երկրորդը, ու երկրորդն, ինչպես նախկինում, սկսվում է բուքմեյքերական որեւէ տարածքում, որտեղ հիմնականում նախկին ծանոթներիս եմ հանդիպում, ու էդ նույն դեմքերն ու էդ նույն մարդիկ մշտապես հետաքրքիր են, որովհետեւ մշտապես փոխվում են՝ ինչպես որ ե՛ս եմ մշտապես փոխվում, ու մշտապես փոխվում են ո՛չ միայն շահելու կամ տանուլ տալու հանգամանքների հետ կապված, այլեւ ու հիմնականում է՛ն պատճառով, որ իրենք է՛լ ինձ պես ժամանակ առ ժամանակ թարգում են խաղադրույք դնելը՝ կապված անբավարար միջոցների ու ինքնախարազանման միանգամայն ներքին գործընթացների հետ, բայց իրենց դեպքերում է՛լ է դա միանգամայն ժամանակավոր բնույթ կրում, այսինքն՝ իմ ու իրենց դեպքերում ե՛ւ խաղադրույք դնելն է ժամանակավոր բնույթ կրում, ե՛ւ, ուրեմն, էդ գործը թարգելը, ու «անբավարար միջոցներ» ասածս բնավ չի նշանակում, թե մենք խաղադրույքներ ենք դնում միայն էն դեպքերում՝ երբ մեր արտաբուքմեյքերական գործերը լավ են գնում, ու մեր սոցիալական զամբյուղներն էլ ուռճանալուց պայթում են, ու հիմա որ էս նյութի մեջ ավելի ու ավելի եմ խորանում, միանգամայն հստակ սկսում եմ հասկանալ, որ մեր՝ խաղացողներիս գործերը լավ են գնում միայն էն դեպքերում, երբ խաղում ենք, ու մեր խաղադրույքներն էլ արդյունավետ ավարտ են ունենում, այսինքն, ուզում եմ ասել, միշտ չէ, որ մենք պարտվողի դերերն ստանձնած ունենք, այսինքն, ժամանակ առ ժամանակ շահում է՛լ ենք, եւ մեր շահելն ու պարտվելը շարունակական ու սեզոնային բնույթ ունեն, այսինքն, մի քանի ամիս շարունակ կարող ես շահել եւ, ընդհակառակը, նույնքան ժամանակ վրա-վրա կարող ես տանուլ տալ, եւ զգոնությանդ աստիճանն ու իրական մակարդակն ի հայտ են գալիս հատկապես պարտություններիդ սեզոնին, ավելի ճիշտ՝ էդ սեզոնի ամենասկզբում, եւ եթե ճիշտ ժամանակին ես զգում, որ անհաջողություններիդ ու պարտություններիդ էդ շարանն սկսվում ու ծայր է առնում, եւ եթե հենց էդ պահին ես թարգում խաղադրույքներ դնելը, ապա շատ հնարավոր է՝ մեծ հաշվով ու ընդհանուր առմամբ շահած դուրս գաս էս խաղից, որովհետեւ էս խաղն ու բոլոր մյուս մոլախաղերն իրենց բնույթով ու էությամբ հար եւ նման են մեր համընդհանուր կյանքին թեկուզեւ էն առումով, որ մեր բուն կյանքում է՛լ հաջողությունների ու անհաջողությունների տեւական շրջաններ, ինչպես գիտեք եւ անձամբ ձեր մաշկի վրա զգացած կլինեք, լինում են եւ էդ երկու շրջաններն էլ ահագին երկար են ձգվում ու տեւում, բայց, ի տարբերություն մոլախաղերի, բուն կյանքի ընթացքը փոխելն ու բուն կյանքի ուղղության վրա ազդելը բավական բարդ ու դժվար գործ է, եւ եթե հին ու նորագույն պատմության մեջ դա մի քանիսին նույնիսկ հաջողվել է՛լ է, էդ հաջողությունը չափազանց կարճատեւ ու չափազանց ժամանակավոր բնույթ է կրել, եւ եթե էդ ժամանակավորը նույնիսկ հիսուն ու վաթսուն տարի է տեւել, մենք շատ լավ գիտենք, որ մեծ հաշվով ու հավերժության համեմատ էդ հիսուն ու վաթսուն տարիներն է՛լ հինգ ու վեց տարիներին հավասար բան են, այսինքն, մեծ հաշվով ոչ ոք չի կարող գլուխ գովել, թե ինքը որոշակիորեն փոխել է էս կյանքի ընթացքը, որովհետեւ գլուխ գովելու համար նախ պիտի ողջ մնաս ու դիմանաս էդ փոխածդ կյանքին, եւ եթե առժամանակ ողջ է՛լ մնաս ու դիմանաս, էլի չես համարձակվի գլուխ գովել ու խոստովանել, թե ինքդ ես կյանքի ընթացքը փոխողը, որովհետեւ մեր էս համընդհանուր կյանքի ընթացքը եթե երբեմն կտրուկ փոխվում է՛լ է, հիմնականում դեպի վատն է փոխվում, եւ եթե նույնիսկ դեպի լավն ու լավ իմաստով է փոխվում, մարդիկ հակված են լինում կարծել, թե դեպի վատն է փոխվել, որովհետեւ մարդիկ մշտապես իրենց ներկայից են դժգոհ եւ ո՛չ թե անցյալից, ու մարդիկ միշտ հետին թվով ու իրենց վերջին խելքով են անցյալը գնահատում ու գերագնահատում, այսինքն՝ վտանգ կա, որ վաղն էլ էսօրվա՛ օրը կգնահատենք ու կգերագնահատենք, ու էսքանից հետո էլ մենք միշտ մեր բախտից ենք դժգոհում եւ ոչ թե՝ մեր խելքից, եւ բուքմեյքերական տարածքներում հատկապե՛ս է էդպես, այսինքն՝ էստեղի մարդիկ է՛լ են մի գլուխ իրենց բախտից դժգոհում եւ երբեք՝ իրենց խելքից ու տրամաբանությունից, եւ առավել եւս՝ խելքի ու տրամաբանության բացակայությունից կամ թեկուզ պակասությունից, եւ «չի սիրում» արտահայտությունն էս սպեցիֆիկ ու ազարտային տարածքներում շատ ավելի է ընդունված ու տարածված, քան՝ իմ ու ձեր համընդհանուր բուն կյանքում, եւ եթե մեր բուն ու հիմնական կյանքում հիմնականում ջահելությունն է գործածում էդ «չի սիրում» արտահայտությունը, ապա բուքմեյքերական էս տարածքներ ոտք դնելով՝ էստեղ տարիքային բոլոր խմբերից կլսեք էդ արտահայտությունը, եւ եթե էս տարածքներ մուտք գործելով՝ որեւէ ջահելից կամ ահելից լսեք՝ «չի սիրում» կամ՝ «չի սիրում, հո զոռո՞վ չի», հանկարծ չմտածեք, թե խոսքը որեւէ աղջկա կամ կնոջ մասին է, այլ ընդամենը բախտն է էդ տարիքային խմբերին չսիրողն ու էդ տարիքային խմբերից երես թեքողը, ու էստեղ առավել ստաժավորներն ու հնաբնակներն էդ «չի սիրում»-ը համարյա չեն գործածում, այլ հիմնականում օգտվում են «քաքի մեջ եմ» արտահայտությունից, եւ եթե էս ստաժավոր կոնտինգենտին բարեւում ու ասում ես՝ «ո՞նց ես», հիմնականում իրենցից հենց է՛դ պատասխանն ես լսում, որը, փաստորեն, «չի սիրում»-ի գերագույն ու գերադրական աստիճանն է, եւ եթե էս «չի սիրում»-ը օգտագործում են հիմնականում մինչեւ տասը հազար դրամ խաղադրույքների ասպետները, ապա մյուս արտահայտությունից օգտվողները հիմնականում տասը հազարից բարձր խաղադրույքներ դնողներն են, չնայած հակառակն է՛լ է երբեմն պատահում. այսինքն, պատահում է նաեւ, որ տասը հազարից անհամեմատ ցածր խաղադրույք դնող մի նորեկ դեղնակտուց ո՛չ թե ասում է «չի սիրում», այլ, ընդհակառակը, գերադրական մյուս արտահայտությամբ է իր վրդովմունքն արտահայտում, բայց սրա հակառակը չի պատահում, որովհետեւ «չի սիրում»-ը սկսնակի արտահայտություն է, ու էս բնագավառում ոչ ոք չի ուզում սկսնակ լինել, եւ այդ է պատճառը, որ սկսնակներն այստեղ շատ շուտ են յուրացնում ստաժավոր արհեստավարժների բառապաշարն ու կեցվածքը եւ շատ շուտով սկսում են ներսի անվճար սուրճով չբավարարվել եւ դրսից գարեջուր են բերում ու սեղաններին շարում, ու էս ասածս վերաբերում է «Տոտոյի» բաժանմունքներին, որովհետեւ «Տոտոներում» են միայն ձրի սուրճ տալիս, ու չնայած ո՛չ բոլոր խաղացողներն են ի վիճակի ամեն օր ու ամեն պահի իրենց սեղաններին գարեջուր ունենալ, ու չնայած կլիենտներ էլ կան, որոնց սեղաններից ո՛չ միայն գարեջուրն է անպակաս, այլեւ՝ վիսկին, այդուհանդերձ, էս սպեցիֆիկ տարածքներում դասակարգային շերտավորումն ամենեւին էլ առաջին պլանի վրա չի դրված. ընդհակառակը, սրանք մեր կյանքի է՛ն բացառիկ տարածքներն են, որտեղ մարդիկ ո՛չ թե ըստ ունեցվածքի են իրար վերեւից կամ ներքեւից նայում, այլ՝ ըստ ստաժի ու փորձառության, քանզի էս տարածքների բնակիչներն արդեն վերջնականապես են պարզել, որ փողն էսօր կա՝ վաղը չէ, եւ եթե էս անդասակարգ հասարակությունն իր բախտից շարունակ դժգոհում է՝ վերոնշյալ երկու արտահայտություններն առավոտից իրիկուն շաղ տալով, դա բնավ չի նշանակում, թե հասարակության էս տեսակը մշտապես անբախտ եւ մշտապես պարտությունների մեջ կամ եզրերին է. եթե էդպես լիներ, էդ գերխիտ տարածքների մշտաբնակներս վաղուց տեղահանված կլինեինք, ու էդ տարածքներն էլ՝ վերջնականապես փակված, ու չնայած էդպիսի դեպքեր է՛լ կան, բայց առ էսօր փակվել ու փակվում են միայն է՛ն խաղատարածքները, որոնց տերերն ու աշխատացնողներն էդ խաղերով ավելի՛ են գայթակղվում, քան մենք՝ օրինական կլիենտներս, եւ սրանք գայթակղվելով ու չդիմանալով՝ շատ շուտով սնանկանում ու փակվում են, որովհետեւ իրենք ո՛չ միայն կլիենտներից ավելի են էդ տարածքներում ներկա, այլեւ իրենց տանուլ տալիք դրամը մշտապես իրենց աչքի առաջ ունեն, եւ գայթակղությանը չդիմանալու պարագայում էդ դրամը վայրկենապես է հօդս ցնդում, եւ շատ շուտով էդ տարածքն է՛լ է զուտ բուքմեյքերական իմաստով հօդս ցնդում, եւ դա չնայած ցավալի, բայցեւ միեւնույն ժամանակ շատ էլ բնական է, եւ էդ բնականության աստիճանը պատկերացնելու համար պատկերացրեք մի խինկալիանոց, որի տերը կամ աշխատացնողն առավոտից իրիկուն իր իսկ արտադրած խինկալին ուտի, ընդ որում՝ կլիենտների բաժինն է՛լ ուտի. տակ կտա, չէ՞։

Ինչ վերաբերում է բուքմեյքերական տարածքների օրինական կլիենտներիս, մենք, ի տարբերություն տերերի, մեր հաշվին հաղթանակներ եւ երբեմն նույնիսկ շոշափելի հաղթանակներ ենք գրանցում, բայց, ինչպես բուն կյանքում է լինում, շահելու դեպքում որեւէ մեկս չի խոստովանում, որ բախտը ժպտացել է իրեն, այլ մեր հաղթաթղթերն իրար ցույց տալով՝ մեկմեկու մանրակրկիտ բացատրում ենք, թե ինչ հազվագյուտ խելքի տեր ենք եւ ինչպես ենք կռահել ու գուշակել էդ բարդագույն խաղերի ելքերն ու արդյունքները. խաղեր, որոնցից մի քանիսին ընդհանրապես ծանոթ չենք ու աչքներովս տեսած չկանք, ասենք՝ բեյսբոլ կամ ամերիկյան ֆուտբոլ եւ այլն, եւ շատ հաճախ էդ միանգամայն անծանոթ ու չտեսնված խաղերից ենք շահած դուրս գալիս, ու էդ զարմանալի դեպքերում մեր ցնծությունը բազմապատիկ է, ինչպես որ՝ բազմապատիկ ու խորն է մեր իմացած ու մեր տեսած խաղերում մեր պարտությունների շարաններին ուղեկցող մեր տխրությունը, եւ եթե մենք պատահաբար ճշգրիտ գուշակում ենք բեյսբոլի ու ամերիկյան ֆուտբոլի խաղերի արդյունքները, երբեք չենք մտածում, թե բախտներս բերեց, չնայած հենց էդպես պիտի մտածեինք, քանի որ բեյսբոլ կամ ամերիկյան ֆուտբոլ հեռուստացույցով անգամ տեսած չկանք, բայց եթե չարաչար սխալվում ենք «Ռեալի» կամ, ասենք, «Միլանի» հարցում, որոնց խաղերն ամեն շաբաթ տեսնում ենք եւ խաղացողներին էլ դեմքով ու անուն առ անուն գիտենք, էս դեպքում էլ երբեւէ չենք մտածում, թե խելքներս չհերիքեց, եւ հետեւողականորեն ու շարունակաբար մտածում ենք, թե՝ էլի բախտներս չբերեց։

Այսինքն, մեկ անգամ եւս ուզում եմ նշել ու շեշտել, որ էս սպեցիֆիկ տարածքների կյանքը շատ կողմերով չափազանց նման է դրսի բուն կյանքին եւ շատ կողմերով էլ չափազանց տարբեր է, բայց որոշ խաղացողների համար էս սպեցիֆիկ կյանքը հենց բուն ու միակ կյանքն է, քանի որ՝ էդ որոշները դրսի կյանքից եւ դրսի լույսից վաղուց ու վերջնականապես են իրենց կտրել, իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ, անձամբ ինձ համար մեր դրսի ու էս ներսի կյանքերը հավասարապես գոյություն ունեն, իրար հերթագայում եւ իրար մշտապես նախորդում ու հաջորդում են, եւ եթե կոնկրետ էս պահին իմ էս սպեցիֆիկ կյանքն իմ ընդհանուր ժամանակի ընդամենը մեկ քառորդն է կազմում, շատ հնարավոր է, որ ընդամենը երեք ամսից ճիշտ հակառակը լինի, քանի որ երեք ամսից Գերմանիայում մեկնարկելու է ֆուտբոլի հերթական առաջնությունը, այսինքն՝ երեք ամսից ո՛չ միայն էս սպեցիֆիկ տարածքների բնակիչներս ենք զբաղված ու ներծծված լինելու ֆուտբոլով, այլեւ բոլորդ՝ աննշան բացառություններով, եւ «աննշան» եմ ասում, որովհետեւ դժվարին էս կյանքն առանձնապես հազվադեպ է ցնծություններ ցփնում, եւ եթե էդ ցնծություններից ամենանշանակալին՝ որ մեծ ֆուտբոլն է, արհեստականորեն պակասեցնում ու հանում ես կյանքիցդ, կնշանակի՝ իսկապես անհասկացող ու աննշան մեկն ես՝ էնքա՛ն անհասկացող ու էնքան աննշան, որ նույնիսկ չես հասկանում, որ եթե միլիոնավորները ցնծում են, ուրեմն՝ իսկապե՛ս հիմք ու առիթ ունեն, եւ եթե էդ ցնծությունից քեզ գիտակցաբար, ավելի ճիշտ՝ անգիտակցաբար զրկում ես, փաստորեն արհեստականորեն պակասեցնում ես էս մինուճար կյանքի է՛ն պահերի ու ակնթարթների քանակությունը, որոնցից մեկի մասին բանաստեղծն աղաղակել է. «Կա՛նգ առ, ակնթարթ, դու չքնա՜ղ ես»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել