Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՐԱԲՅԱՆՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ

Հոկտեմբեր 16,2006 00:00

Հայտարարում է նրանց պաշտպան Հովիկ Արսենյանը

Մի քանի ամիս առաջ սպանվեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանը: Սպանության փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում սեպտեմբերի 16-ին որոշում էր կայացվել 2 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ըստ այդմ, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա հարկայինի 7-րդ վարչության պետ Արմեն Վիրաբյանին ու նրա եղբորը՝ «Սեմուր & Co» ընկերության ղեկավար Գուրգեն Վիրաբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Թվում էր, թե սպանությունը բացահայտված է: Սակայն իրականությունն այն է, որ արդեն շուրջ մեկ ամիս քննչական մարմիններին չի հաջողվում հաստատել կալանավորված Արմեն ու Գուրգեն Վիրաբյանների մեղքը: Այդ մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց եղբայրների պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը: Երեկ նա միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ հույսով, որ վերջինս կվերանայի առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կփոխի իր պաշտպանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը: Սակայն միջնորդությունը չէր բավարարվել: Բանն այն է, որ հայ իրականության մեջ դատարանները դարձել են նախաքննական մարմինների որոշումները իրենց որոշումներով հաստատող ու դակող մարմիններ, որովհետեւ նրանց իրավասության մեջ չի մտնում քննարկել ու պարզել, թե արդյոք մեղադրյալի նկատմամբ այս կամ այն խափանման միջոցն ընտրելու համար բավարար ապացույցներ կա՞ն, կամ կա՞ն արդյոք հակառակն ապացուցող փաստեր եւ այլն: Հ. Արսենյանը փորձեց բացատրել, թե ինչու է այդպես լինում. ըստ նրա, այն պատճառով, որպեսզի անգամ կոնկրետ հանցագործության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ, ում նկատմամբ խափանման միջոց է կիրառվել, օրինակ՝ կալանքը, հետագայում հնարավոր լինի այլ մեղադրանքներ հայթայթել ու առաջադրել, եթե հանկարծ պարզվի, որ նա իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չէ: Այլ կերպ ասած, դա արվում է մարդկանց անհիմն կերպով անազատության մեջ պահելն արդարացնելու նպատակով:

Կոնկրետ Վիրաբյանների դեպքում կիրառվում է հենց այս տարբերակը: Բանն այն է, որ Հ. Արսենյանի փոխանցմամբ, թեեւ Վիրաբյաններին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորված են, սակայն վարույթն իրականացնող քննչական խումբը հսկայածավալ աշխատանք է կատարում նաեւ այլ հնարավոր վարկածների ստուգման ուղղությամբ: Պաշտպանի ասելով, «դա արդեն իսկ նշանակում է, որ Վիրաբյաններին առաջադրված մեղադրանքները միանգամայն արհեստածին են եղել՝ ապացույցներ ու հեռանկար չունեցող»:

Ի պատասխան մեր այն հարցի, թե միգուցե նախաքննական մարմինը քննարկում է սպանությանը նաեւ այլոց մասնակցության հարցը եւ ոչ թե այլ վարկածներ, պարոն Արսենյանը հայտարարեց. «Ոչ: Մանավանդ, որ Վիրաբյանների մասնակցությունն այդ սպանությանը հերքվել է: Նրանց ալիբին միանշանակ հաստատվել է»: Ըստ Արսենյանի, «նրանք ներկայացրել են ալիբիներ իրենց այլեւեկությունը՝ որտեղ են եղել սպանության օրը, ինչ հարաբերություններ են ունեցել սպանվածի հետ եւ այլն, որոնք հաստատվել են նաեւ վկաների կողմից: Նախաքննական մարմինն էլ արդեն համոզվել է դրանում»:

Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ են Վիրաբյանները շարունակում մնալ կալանքի տակ: Պաշտպանն ինքն էլ չի հասկանում, բայց ենթադրում է. «Մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց են ընտրել, ազատ արձակելու դեպքում ի՞նչ են ասելու, մանավանդ, որ կա Վիրաբյանների կողմից վնասների փոխհատուցում պահանջելու հեռանկարը: Մյուս կողմից հաշվի է առնվում այն, որ ե՛ւ պետական մակարդակով, ե՛ւ հասարակության շրջանում այդ սպանությանը մեծ հնչեղություն է տրվել»: Ըստ նրա, «քննչական խումբն այսօր մեծ թափով աշխատում է ոչ թե այլ անձանց մասնակցության, այլ հենց սպանության այլ վարկածների ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ Վիրաբյաններին առաջադրված մեղադրանքները միանշանակ շինծու եւ շատ վաղաժամ են եղել: Ավելին, դա եղած վարկածներից ամենաթույլն է: Դժբախտաբար, ես չեմ կարծում, թե դա եղել է քննչական մարմինների թյուրիմացության կամ շտապողականության հետեւանք»:

Բայց տեղեկություններ եղան, թե իրավապահ մարմինները եղբայրներից մեկի՝ Արմեն Վիրաբյանի տանը խուզարկության արդյունքում հայտնաբերել էին ապօրինի զենք-զինամթերք: Պաշտպան Արսենյանի մատուցմամբ, «իրականում խուզարկությամբ հայտնաբերվել էր Ա. Վիրաբյանի ծառայողական ու անհատական, գրանցված զենքը՝ «Կոլտ» մակնիշի ատրճանակը՝ իր վեց փամփուշտով: Այ սա է հարցը, թե որտեղի՞ց եւ ի՞նչ նպատակով է հնչեցվել այդ ապատեղեկատվությունը: Դրա մասին խոսել է դաշնակցական մամուլը: Ես չեմ տեսել ու չեմ լսել, որ գլխավոր դատախազությունը նման հայտարարություն արած լինի»:

Ի պատասխան մեր այն հարցին, թե որքան ժամանակ եւս կարող են Վիրաբյանները պահվել կալանքի տակ, վերջիններիս պաշտպան Հ. Արսենյանը համոզմունք հայտնեց, թե նրանց կալանքի տակ պահելու ամեն րոպեն անգամ ավելորդ է: «Ինձ թվում է, դրանով փորձ է արվում հասարակության մոտ արհեստական տպավորություն ստեղծել, թե սպանությունը բացահայտված է»,- հայտարարեց պարոն Արսենյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել