Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՇՈՒՇԻՆ

Հոկտեմբեր 06,2006 00:00

\"\"Դրա համար համախմբում են նյութական ու հոգեւոր ռեսուրսները \"\"

14 տարի է անցել Շուշիի ազատագրումից, սակայն մինչեւ այժմ հայ ժողովրդի պատմության մեջ կարեւոր նշանակություն ունեցած քաղաքն ավերակների մեջ է: Նրա՝ համահայկական մշակութային, կրթական եւ հոգեւոր կենտրոնի կարգավիճակը վերականգնելու նպատակով գարնանը ստեղծվել էր «Շուշիի վերածնունդ» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, անդամները՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հասարակական ու մշակութային գործիչներ: Հոկտեմբերի 4-ին հենց Շուշիում կայացան հիմնադրամի շնորհանդեսը, հոգաբարձուների խորհրդի նիստը եւ մամլո ասուլիս: Միջոցառմանը ներկա տղամարդ մասնակիցները կրում էին Շուշին խորհրդանշող սբ. Ղազանչեցոց եկեղեցու պատկերով փողկապ, իսկ կանայք՝ շարֆեր: ԼՂ վարչապետ Անուշավան Դանիելյանն ու Երվանդ Զախարյանը նշեցին, որ մշակվում են համապատասխան ներդրումային եւ քաղաքաշինական ծրագրեր: Նախատեսվում է քաղաքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը կայունացնելու համար ստեղծել 100-150 աշխատատեղ, աշխուժացնել Շուշիի կապը ԼՂՀ եւ ՀՀ բնակավայրերի շրջանում հավասարը չունեցող հաստատությունների տեղակայման միջոցով, հիմնադրել արհեստների եւ զբոսաշրջության կենտրոն, իրականացնել կրթամշակութային, սոցիալական ծրագրեր եւ այլն: Նոյեմբերի կեսերից կգործի նաեւ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի վեբ-կայքը՝ shoushi.org, որը համապարփակ տեղեկատվություն կտա: Միջոցառման մասնակիցները հույս ունեն, որ հանուն Շուշիի կհամախմբվեն հայ ժողովրդի նյութական եւ հոգեւոր բոլոր ռեսուրսները: Իսկ դրա համար, ըստ Ա. Դանիելյանի, «շատ կարեւոր է ներգործել մարդկանց զգացմունքների վրա՝ քաղաքի հանդեպ պատասխանատվության զգացում առաջացնելու համար»: Հետաքրքրվեցինք, թե Հայաստանի եւ Արցախի օլիգարխներից ներդրումներ անելու առաջարկներ ստացե՞լ են: Ե. Զախարյանի փոխանցմամբ, ոմանք արդեն ցանկություն են հայտնել արտադրամասեր, սպասարկման օբյեկտներ հիմնել: Ա. Դանիելյանն էլ հիշեց, որ տարիներ առաջ, արտերկրում կազմակերպվող թելեթոնների ժամանակ եւս այս հարցը բարձրացվում էր. «Սակայն վերջին 2-3 տարին Հայաստանի եւ Արցախի գործարարները սկսել են մասնակցություն բերել»:

«Շուշիի վերածնունդ» հիմնադրամի ֆինանսների գծով պատասխանատու Արա Պռոշյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ներկայումս Շուշիի բնակիչների մեջ մեծ թիվ են կազմում բարձրագույն կրթությամբ մարդիկ, հատկապես իրավաբանները, տնտեսագետները, մանկավարժներն ու երաժիշտները, կա նաեւ կենսաբանական գիտությունների մեկ դոկտոր: Ա. Պռոշյանի փոխանցմամբ, կանանց ու տղամարդկանց թիվը Շուշիում հավասար է, աշխատունակ զանգվածը գերակշռում է: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք չի՞ պատրաստվում մի ֆիլմ էլ Շուշիի մասին նկարահանել ու այն ներկայացնել միջազգային կինոփառատոներում, որտեղ մշտապես հաջողություններ է ունենում: Կինոռեժիսորը չբացառեց նման ֆիլմի ծնունդը, իսկ ԼՂՀ վարչապետը «Առավոտի» հարցն ընդունեց իբրեւ առաջարկություն: Անդրադարձ եղավ նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի որոշ փուլեր Արցախ տեղափոխելուն: Կինոռեժիսորը հայտնեց, որ փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Արցախում, իսկ արտերկրի ճանաչված կինոգործիչները կհյուրընկալվեն այնտեղ՝ այդպիսով կծանոթանան Ղարաբաղի պատմությանն ու Շուշիին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել