Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆՔԸ «ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿՈՎ

Հոկտեմբեր 06,2006 00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության աշխատակից Արամ Հակոբյանը թմրանյութ էր մատակարարում դատապարտյալներին:

2006թ. հունվարի 21-ին ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) կալանավոր Աշոտ Չիլինգարյանին տրվող՝ Հայկ Վարդանյանի եւ Սվետլանա Մարտիրոսյանի հանձնուքի մեջ հայտնաբերվել ու առգրավվել էր 3,2 գրամ ափիոն (այս քանակը տվյալ թմրանյութի դեպքում համարվում է առանձնապես խոշոր չափի): Անձնական խուզարկության ժամանակ Վարդանյանի եւ Մարտիրոսյանի մոտ գտնվել էր եւս 2,1 գրամ մարիխուանա: Հարուցվել էր քրեական գործ, ինչի մասին «Առավոտը» տեղեկացրել էր դեռ փետրվարին: Հայկ Վարդանյանը նույնպես հայտնվեց «Նուբարաշենում»:

Սակայն ազատությունից դեպի ՔԿՀ գործող եւ թմրանյութ տեղափոխող «կամուրջը» դրանով չէր փակվել: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Վարդան Մուրադյանի (ով իրականացրել է այս գործի նախաքննությունը), Հայկ Վարդանյանը գտնվելով 67 խցում՝ «նախնական համաձայնության գալով մեկուսարանի անվտանգության կրտսեր մասնագետ Արամ Հակոբյանի հետ», նրանից ապօրինաբար ձեռք է բերել ափիոնով ներծծված բամբակյա գունդ: Անվտանգության աշխատակիցը չէր զլացել դատապարտյալին տալ նաեւ հոգեներգործուն «Տրամադոլ» դեղահաբի 10 կոճակ:

Հայկը իր բջջային հեռախոսով դրսից, մեկ այլ կալանավորի՝ Գոռ Մանուկյանի կնոջից, նախնական համաձայնությամբ ստանում եւ օգտագործում է 5 գրամ ափիոն: Թմրանյութի մեկ այլ զանգված՝ 8 գրամ, որը պիտի մտներ քրեակատարողական հիմնարկ՝ «վառվում» է, եւ իրավապահները Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում, «Միցուբիշի Լ-300» մակնիշի 0250Լ պետհամարանիշի երթուղային տաքսու ուղեւորի թխվածքաբլիթի միջից հայտնաբերում են այն:

Կալանավայրի անվտանգության աշխատակիցը՝ Արամ Հակոբյանը, իր մատակարարածի դիմաց փող է աշխատել: Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ վերջինս թմրանյութ է տրամադրել նաեւ ներսի մականունավորներին. 39 խցի կալանավոր «Ապիկ» մականունով Ռաֆիկ Շալունցից թմրանյութի յուրաքանչյուր փոխանցման ժամանակ ստացել է 10 000 դրամ գումար: Իսկ Հայկ Վարդանյանից՝ 15 000 դրամ, ապա՝ 20 000: Հետագայում Արամ Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, խուզարկել են նրան, մոտից առգրավել ներարկիչներ:

Ըստ գլխավոր դատախազության մեր աղբյուրի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության մեկ այլ աշխատակցի՝ Երվանդ Կարապետյանի նկատմամբ էլ է հարուցվել քրեական գործ, քանի որ նա էլ, պաշտոնեական դիրքը չարաշահելով, շահադիտական դրդումներով խախտել է ներքին կանոնակարգը եւ 38, 64, 67, 54, 55 խցերում գտնվող կալանավորներին գումար փոխանցելու նպատակով յուրաքանչյուրի հարազատից 5-10 000 դրամ է ստացել: Պարզվել էր նաեւ «տուլիկի» հանձնման մեխանիզմը. «տեսակցությունների հանձնուքների, ծանրոցների եւ փաթեթների» հաշվառման քարտում կեղծ տեղեկություններ էին գրանցվել: Անվտանգության այս աշխատակիցն էլ համագործակցել էր բռնավորների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել