Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՋՐԱԳԾԵՐԻ ԹԱԼԱՆԸ

Հոկտեմբեր 06,2006 00:00

\"\"Դատարանը չի կասեցնում այդ գործընթացը

Մոտ մեկ տարի է՝ Շիրակի մարզի մի քանի համայնքներում՝ Մարմարաշենում, Գետքում, Կապսում, Ջրաձորում, Վահրաբերդում, Բանդիվանում, սկսվել է ջրագծերի անխնա թալան: Այդ թուջե խողովակները միջազգային շուկայում բավականին թանկ են գնահատվում, եւ քանի որ խողովակաշարերի թալանը եկամտաբեր է, այդ բիզնեսում մեծ «թափ» ունեցող պաշտոնյաներ են ընդգրկված: Ոչ պաշտոնական աղբյուրները ամենից հաճախ մատնանշում են «Շիրակջրմուղկոյուղու» որոշ պաշտոնյաների անուններ:

Մինչեւ վերջերս գյուղերի ջրագծերն, ըստ էության, տեր չունեին: Շիրակի մարզպետարանի այս տարվա մայիսի 19-ի որոշմամբ՝ դրանք վերջնականապես հանձնվեցին համայնքներին: Սակայն խնդիրն այդպես էլ չլուծվեց, քանի որ «Շիրակջրմուղկոյուղին» չի ուզում հրաժարվել թանկարժեք խողովակներից եւ շարունակում է տնօրինել այն իր ցանկությամբ:

Մարմարաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը փորձել է «Շիրակջրմուղկոյուղու» փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի հետ լեզու գտնել ու համոզել, որ խողովակներից ձեռք քաշի, սակայն տեսնելով, որ «Ջրմուղն» իր եկամտաբեր բիզնեսից հրաժարվողը չի, նա դիմել է Շիրակի մարզի Տնտեսական դատարան: Դատարանն էլ, հիմք ընդունելով կառավարության թիվ 173 որոշումը, ըստ որի ՀՀ գյուղերի ու քաղաքների տարածքում գտնվող անտեր շենքերը, կառույցները, գույքը հանդիսանում են տվյալ համայնքի սեփականությունը, վճռել էր տիրազուրկ ճանաչել թուջե խողովակներն ու հանձնել Մարմարաշեն համայնքին: Սակայն հակառակորդ կողմը՝ «Շիրակջրմուղկոյուղին», դիմել էր Վճռաբեկ դատարան՝ դժգոհելով դատարանի վճռից: Զարմանալի է, որ «Շիրակջրմուղկոյուղու» բողոքարկումից հետո մի քանի ամիս անց նույն դատավորը՝ Շիրակի մարզի Տնտեսական դատարանի նախագահ Էդիկ Նահապետյանը, նախորդ վճռին հակառակ, նոր վճիռ էր կայացրել, այս անգամ՝ «Ջրմուղի» օգտին: Նա բացարձակապես անտեսել էր նախորդ վճռում իր իսկ կողմից արձանագրած այն փաստը, որ Մարմարաշենի տարածքով անցնող ջրագծերը «Շիրակջրմուղկոյուղուն» չեն պատկանում: Դատարանը նաեւ հաշվի չի առել, որ այս կապակցությամբ կան թե՛ մարզպետի, թե՛ «Շիրակջրմուղկոյուղու» նախկին տնօրեն Վարդան Մարտիրոսյանի պաշտոնական գրությունները՝ ուղղված տարածքային կառավարման նախարարին: Այժմ մեր ձեռքի տակ է նաեւ «Շիրակջրմուղկոյուղու» ներկայիս գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանի՝ այս տարվա սեպտեմբերի 12-ին տարածքային կառավարման նախարարության Ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին ուղղված գրությունը, որտեղ նշվում է՝ «Նախկին Ղազանչի-Գյումրի 1-ին ջրատարը հաշվեկշռային արժեք չունի, քանի որ դուրս է գրվել ընկերության հաշվեկշռից 1988-ին»: Այսինքն՝ Մարմարաշենի ջրատարները «Ջրմուղի» հաշվեկշռում չեն: Բայց դատավորը, չգիտես ինչ հիմքերով, վճռել է այն այլեւս ընդգրկել «Ջրմուղի» հաշվեկշռում:

Ըստ Մարմարաշենի գյուղապետի՝ «պարզ է, որ հզոր պաշտպանը կարողացել է ազդել նաեւ դատարանի վրա», իսկ այդ պաշտպանը, ինչպես ակնարկեց գյուղապետը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն է:

Իրավաբան Սուրեն Իսահակյանը ջրագծերի թալանից տուժած գյուղերի շահերի պաշտպանն է: Նրա հաշվարկներով՝ Շիրակի մարզի 5 գյուղերով անցնող թուջե խողովակաշարի շուկայական արժեքը մոտ 302 միլիոն դրամ է, որը թալանվել է միայն վերջին 3-4 ամիսների ընթացքում: 300 մլն-ը գյուղերի բյուջեից հարյուրապատիկ անգամ ավելի մեծ գումար է: Ըստ Ս. Իսահակյանի, Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովին սփյուռքահայերի հետ մայրաքաղաքի եւ մարզերի անջրպետը հեռացնելու մասին օդի մեջ խոսելու փոխարեն ավելի լավ կլիներ պարզապես բարձրացնել գյուղերի ջրագծերի թալանի խնդիրը. «Զարգացման ծրագիրը իսկական սա է, որ շանս տան՝ մենք մեր ունեցածին տեր կանգնենք, մեր ռեսուրսներով յոլա գնանք, այլ ոչ թե ազգովի աշխատենք, որ մի քանի բարձրաստիճան չինովնիկներ իրենց վզերը հաստացնեն»,- բողոքեցին թալանված գյուղերի համայնքապետերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել