Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԻՐԱԽՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՈՒԺԵՂԻ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԴԵՄ»

Հոկտեմբեր 06,2006 00:00

Վստահ է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը

– ՀՀԿ արտահերթ համագումարից հետո Հանրապետականի գլխին սեւ-մութ ամպեր կուտակվեցին, եւ եթե մինչ այդ թվում էր՝ նոր ուժերով համալրումը պետք է բարձրացնի կուսակցության վարկանիշը, կարծես հակառակը կատարվեց, եւ այսօր Հանրապետականը մեղադրվում է կրիմինալ տարրերով համալրվելու եւ այլնի մեջ. դուք, որ ներկայացնում եք Հանրապետականի չքաղաքականացված մասը, ինչպե՞ս եք գնահատում ձեր կուսակցության այսօրվա վիճակը:

– Բնական եմ ընդունում, որ այսօր Հանրապետականը քննադատվում է, որովհետեւ, սովորաբար, ուժեղի դեմ են խոսում, եւ որքան շատ են խոսում, այնքան նշանակում է, որ մեր կուսակցությունը բավականին ուժեղ է եղել եւ այսօր ավելի ուժեղ է: Մենք քննադատությունից չենք վախենում եւ կողմ ենք առողջ քննադատությանը, բայց այսօր կարծես բոլորը միավորվել են մեկի՝ Հանրապետականի դեմ: Ի դեպ ասեմ, որ կրիմինալի մասին սկսեցին խոսել ոչ թե մեր վերջին արտահերթ համագումարից հետո, այլ Շահեն Հովասափյանի սպանությունից հետո:

– Ուզում եք ասել, որ կրիմինալ տարրեր չկա՞ն Հանրապետականում:

– Եթե կան, ինչո՞ւ մինչեւ վերջին մեկ ամիսը ոչ ոք այդ մասին չէր խոսում այն շեշտադրմամբ, ինչպես խոսում են այսօր: Կարող եմ թվարկել գործարարների անուններ, որոնց անունները հնչել են որպես կրիմինալի ներկայացուցիչներ, եւ գործարարների անուններ, որոնց անունները այդպիսի շեշտադրմամբ չեն հնչել եւ, խնդրեմ, ասեք, թե ո՞րն է նրանց տարբերությունը: Միայն մի տարբերություն կարող են նշել, որ մեկի թիկնապահները իրենց ավելի սանձարձակ են պահում, քան մյուսինը, եթե դրանով են տարբերակում քաղաքական գործիչների եւ գործարարների կրիմինալ լինել-չլինելը, ապա չարաչար սխալվում են: Այն, ինչ այսօր արվում է, իսկապես սեւ PR է, որը նետվեց քաղաքական եւ լրատվական դաշտ, եւ այդ խայծը կուլ տվեցին բոլորը: Այսօր քաղաքագիտական տեխնոլոգիաները բավականին կատարելագործված են, եւ կարելի է առանձին ուժերի մղել գործողությունների՝ առանց նրանց հետ բանակցելու եւ պայմանավորվածությունների, բավական է մեկի կողմից հրապարակ նետվեր հավաքական կրիմինալ հասկացողությունը, որը իրականում չի արտացոլում այն երեւույթը, ինչպես որ կա, եւ սա անմիջապես շեղեց բոլոր ուժերի ուշադրությունը բուն խնդիրներից:

– Դուք կասե՞ք, թե կոնկրետ ո՞ւմ կողմից է նման խայծ նետված:

– Դժվարանում եմ ասել, թե ո՞ւմ կողմից է այդ խայծը նետվել, ներսի՞, թե՞ դրսի ուժերի կողմից, բայց հենց այն, որ այդ խայծը նետվեց եւ մեր քաղաքական ուժերն այն կուլ տվեցին, ակնհայտ է: Համենայնդեպս, այսօր քննադատության ենթակա են բոլոր քաղաքական ուժերը, բայց նաեւ գաղտնիք չէ, որ կան կուսակցություններ, որոնք ուղղակի չեն քննադատվում, եւ մամուլը նույնիսկ գովերգում է այդ կուսակցության բացահայտ ընտրակաշառքները, անուններ չեմ տալիս, բայց, կարծում եմ, ամեն ինչ պարզ է: Քննադատությունն էլ պետք է ազնիվ լինի: Մի օրինակ բերեմ. Ավանի թաղապետարանում (թաղապետը վարչապետի որդին է- Մ. Ե.) տեղական բյուջեի համալրման արդյունքում մանկապարտեզները թաղապետը դարձրեց անվճար, բայց անգամ այս երեւույթը սկսեցին քննադատել, փոխանակ խրախուսելի եւ օրինակելի երեւույթ դարձնեն մյուս թաղապետարանների համար, որ կատարեն իրենց բյուջեն եւ նման քայլի գնան:

– Դուք խոսում եք այն մասին, որ բոլորը համախմբվել են ընդդեմ Հանրապետականի, ինչո՞ւ:

– Գաղտնիք չէ, որ այսօր իշխանությունը բազմաբեւեռ է Հայաստանում, գործում է քաղաքական կոալիցիա, ՀՀ նախագահն ինքն անկուսակցական է, եւ այս պայմաններում խոսել իշխող կուսակցության մասին, նկատի ունենալով Հանրապետականին, այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ՀՀԿ-ն ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն չէ: Կարծում եմ՝ այս պայմաններում մրցակցությունը ծավալվել է ոչ միայն ընդդիմության եւ իշխանության ուժերի միջեւ, այլեւ հենց իշխանական ուժերի միջեւ: Դա շատ բնական է եւ բնական է նաեւ, որ թիրախը սովորաբար ուղղվում է ամենաուժեղի դեմ, այս դեպքում՝ Հանրապետականի:

– Թեպետ եւ «Բարգավաճ Հայաստանի», եւ Հանրապետականի կողմից հրապարակավ ժխտվում են այս երկու ուժերի միջեւ հակասությունների մասին լուրերը, սակայն նաեւ հայտնի է, որ այս ուժերը միմյանց, մեղմ ասած, տանել չեն կարող եւ թիկունքից շարունակ միմյանց հարվածներ են հասցնում սրա կամ նրա ձեռքով: Ձեր կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինչպե՞ս կդասավորվեն այս երկուսի հարաբերությունները:

– Քաղաքականության մեջ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, սա հայտնի եւ փորձված ճշմարտություն է, սակայն մեր կուսակցությունը քաղաքական դաշտում չի տեսնում հակառակորդների, մենք տեսնում ենք մրցակիցների: Իսկ մյուս հարցերի պատասխանը կտան ժամանակը եւ իրավիճակը:

– Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին, փորձել էր իր վերջին շրջանի լարվածությունը եւ դյուրագրգռվածությունը բացատրել լրագրողներով եւ ասել էր, թե ինքը հարցերին համարժեք տոնով է պատասխանել: Սակայն այդ բացատրությունը համոզիչ չէր, քանի որ տարիների ընթացքում Անդրանիկ Մարգարյանի հետ աշխատած լրագրողները, ինչո՞ւ չէ, նաեւ իր գործընկերներից շատերը շատ լավ նկատում են, որ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նախագահ դառնալուց ի վեր Անդրանիկ Մարգարյանը շատ դյուրագրգիռ է դարձել: Ինչո՞ւ:

– Երեւի ոչ մի անգամ Հանրապետականի մասին այնքան չէր գրվել եւ խոսվել, որքան հիմա, եւ եթե միտումնավոր հարց է տրվում մարդուն զայրացնելու համար, ապա մարդը ստիպված է համարժեք պատասխան տալ:

– Սակայն շատ հավաստի աղբյուրներից հայտնի է, որ Հանրապետականի հին գվարդիան՝ գաղափարական եւ պայքարի համատեղ ճանապարհ անցածները, դեմ են եղել Սերժ Սարգսյանի եւ մյուսների հանրապետականացմանը, եւ Անդրանիկ Մարգարյանից մեծ ջանքեր են պահանջվել իր կուսակցության այդ թեւին հանդարտեցնելու համար, հիմա չի՞ ստացվում, որ կուսակցության գաղափարական մասը տեղի տվեց:

– Այն գործիչները, ովքեր համալրեցին Հանրապետականի շարքերը, մեր գործընկերներն են եղել նաեւ դրանից առաջ, նրանց մեծ մասին մենք պաշտպանել ենք 2003-ի ընտրությունների ժամանակ, այսինքն՝ կար համատեղ աշխատանք, այնպես որ, նրանց մուտքը Հանրապետական մեզ համար անակնկալ չէր եւ խորթ չէր: Ինչ վերաբերում է հին եւ նոր Հանրապետականներին, ապա բոլորն իրար լավ ճանաչում են, եւ նրանց միջեւ հակասություններ տեսնելը ես համարում եմ ինչ-ինչ ուժերի նետած խայծ՝ լրացուցիչ կրքեր բորբոքելու եւ ներսում որոշ խմորումներ առաջացնելու համար, սակայն պետք է հիասթափեցնեմ բոլորին. մեր կուսակցության ներսում ամեն ինչ խաղաղ է, եւ նոր անդամագրվածներն ու հները միմյանց հետ կիսելու ոչինչ չունեն, քանի որ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել