Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական կրքեր մանկապարտեզում

Հոկտեմբեր 06,2006 00:00

Նժդեհական տնօրենի դեմ խաղ չկա

Օրերս մեզ դիմեց թիվ 172 մանկապարտեզի նախկին դաստիարակչուհի Լուսյա Հովհաննիսյանը եւ հայտնեց, որ իր տնօրեն Քնարիկ Գասպարյանն ստիպում է ինքնակամ դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից. «Նա վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 10 աշխատակցի այս նույն եղանակով ազատել է, հիմա հերթն իմն է: Սակայն ես նրան ասել եմ, որ իմ ձեռքով դիմում չեմ գրի, եթե ուզում եք՝ ինքներդ հեռացրեք: Այժմ ես անորոշ կարգավիճակում եմ հատնվել, քանի որ թեեւ աշխատանքից ազատված չեմ, բայց չեմ էլ աշխատում»: Իր հերթին տնօրենն արդեն հեռացրել էր դաստիարակչուհուն եւ որպես հեռացման հիմք Ք. Գասպարյանը ներկայացրեց Լ. Հովհաննիսյանին ուղղված 2 նկատողություն, որոնցից մեկը՝ աշխատանքային ժամերի ընթացքում աշխատանքը լքելու, մյուսը՝ մանկապարտեզի ներքին աշխատանքային կանոններին չենթարկվելու համար էր: Ըստ տնօրենի, ծնողներից շատերը հրաժարվել են երեխաներին մանկապարտեզ բերել, եթե այնտեղ Լ. Հովհաննիսյանը աշխատի: Նա ներկայացրեց նաեւ մի շարք ծնողների դիմում-բողոքներ, որտեղ նշվում էր, թե դաստիարակը կոպիտ է վարվել հատկապես նորեկ երեխաների հետ, ծնողների ներկայությամբ հրել է նրանց:

Լ. Հովհաննիսյանի կարծիքով, տնօրենի վատ վերաբերմունքին արժանանալու պատճառներից մեկը հետեւյալն է. «Անցյալ տարի, երբ հեռացնում էր հերթական դաստիարակին, տնօրենը կանչեց աշխատակիցներին ու ստիպեց ստորագրել հեռացվող դաստիարակին վատաբանող մի քանի թղթերի տակ: Ես չենթարկվեցի»: Տնօրենը նույն միջադեպի մասին մեզ հայտնեց իր տարբերակը. «Անցյալ տարի մի դաստիարակի հետ կապված իրոք խնդիրներ եղել են, սակայն նա աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, նա ինձ մոտեցավ եւ ասաց, որ այլեւս չի կարողանում աշխատել, իսկ մինչ այդ նրանից բազմիցս բողոքել էին մեր սաների ծնողները: Նա ամեն օր ուշացած էր գալիս, քանի որ մանկապարտեզից հեռու էր ապրում»: Անդրադառնալով մանկապարտեզից դուրս եկած մյուս աշխատակիցներին, տնօրենը հայտնեց, որ նրանք բոլորն էլ իրենց ցանկությամբ են ազատվել, քանի որ դժվարանում էին ցածր աշխատավարձով աշխատել:

Խնդիրը պարզաբանելու համար Դավիթաշենի թաղապետարանը հանձնաժողով է ստեղծել, որն էլ օրերս քննարկել է հարցը՝ տնօրենի առանձնասենյակում: Քննարկմանը չեն թույլատրել մասնակցել Լ. Հովհաննիսյանին: «Ներս չթողեցին անգամ ինձ հետ մանկապարտեզ եկած ծնողներին: Սենյակ հրավիրեցին միայն նրանց, ովքեր կանխավ բացասական դիմումներ էին գրել իմ հասցեին»,- ասաց դաստիարակը: Հանձնաժողովը նախագահող Դավիթաշենի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Բարֆյանը այս առիթով նշեց, որ հանձնաժողովը մանկապարտեզ էր գնացել միայն գրավոր փաստերը ստուգելու համար. «Իսկ տիկին Լուսյան նման փաստեր չուներ, մենք էլ դատավոր չէինք, որ պարտավորված լինեինք լսել երկու կողմերին»:

Այժմ դաստիարակը պատրաստվում է դիմել դատարան եւ տնօրենի հետ ունեցած տարաձայնությունները պարզաբանել օրենքի օգնությամբ:

Ք. Գասպարյանը Դավիթաշենի ՀՀԿ «Կին» խորհրդի նախագահն է: Լ. Հովհաննիսյանը պատմում էր, որ նրա շնորհիվ մանկապարտեզի գրեթե բոլոր աշխատակիցները ՀՀԿ անդամ են դարձել: Ըստ Լ. Հովհաննիսյանի, տնօրենը հաճախ էր պարծենում հետեւյալ արտահայտությամբ՝ «Իմ դեմ խաղ չկա, ամբողջ հանրապետական կուսակցությունն է իմ թիկունքում կանգնած…»: Տնօրենը նշեց, որ մանկապարտեզում կան նաեւ այլ կուսակցություններին պատկանող աշխատակիցներ, եւ իրենք աշխատանքի ընթացքում ընդհանրապես քաղաքական հարցեր չեն քննարկում: «Բացի այդ, ոչ բոլորը կարող են անդամագրվել մեր կուսակցությանը: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ցանկացել են, բայց մենք չենք ընդունել, քանի որ համապատասխան արժանիքներ չեն ունեցել (խոսքն այստեղ Նժդեհյան գաղափարախուսությունը ճիշտ ընկալելու մասին է.- Լ.Օ.)»,- ասաց տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել