Արթուր Բաղդասարյանի փոխարեն կարող էր ԱԺ նախագահ դառնալ Արտաշես Գեղամյանը, եւ ՕԵԿ-ի փոխարեն՝ ԱՄ-ն կլիներ կոալիցիայի անդամ:
Վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատմեց, թե քանի որ իրենք ցանկանում էին հաշվի առնել ընդդիմության ձայները՝ խորհրդարանական ընդդիմադիրներին 2003-ին առաջարկել էին պաշտոն՝ անգամ ԱԺ փոխնախագահի, սակայն նրանք հրաժարվել էին:
Այս փաստի մասին մինչ այժմ հայտնի չէր: Եվ հակառակը՝ հայտնի էր տրամագծորեն հակադիր վերաբերմունքի մասին վկայող փաստը՝ նույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ եթե ընդդիմությանն առաջարկ արվի մաս կազմել իշխանության մարմիններին՝ այն արդեն կդադարի ընդդիմություն լինելուց: Ստացվում է, որ Անդրանիկ Մարգարյանն այդ ժամանակ գործել էր հակառա՞կ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների:
Փորձեցինք պարզել այս ամենի մանրամասները: Սակայն «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը մեր հարցին, թե իրենց նման առաջարկ արվե՞լ է, պատասխանեց. «Ինձ հետ նման խոսակցություն չի եղել, այդպիսի առաջարկ չի եղել: Սակայն եթե լիներ էլ՝ միեւնույն է, կմերժեինք: Եթե հիշում եք, մենք հստակ հայտարարել էինք, որ ԱԺ ղեկավար մարմինների ընտրություններին չենք մասնակցելու, քանի որ ընտրությունների արդյունքները կեղծված են եւ ԱԺ պատկերը չի արտացոլում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը»: Ստեփան Դեմիրճյանը նաեւ վերապահում արեց. «Ես չգիտեմ՝ գուցե ինչ-որ մարդկանց հետ առանձին, անդրկուլիսյան խոսակցություննե՞ր են եղել, ինչ-որ մեկի ականջին շշնջացե՞լ են այդ մասին: Դա արդեն ուրիշ պատմություն է՝ սա այլեւս առաջարկ չէ, այլ հավաքագրում, «վերբովկա»: Նման առաջարկները պիտի հրապարակավ արվեն, ինչպես արեց «Միասնություն» դաշինքը, որը հրապարակայնորեն առաջարկեց ու հանձնաժողովների ղեկավարների տեղերի ուղիղ կեսը հատկացրեց ընդդիմությանը»:
Այսուհանդերձ, պարզեցինք, որ նման առաջարկ եղել է: Ուղղակի խորհրդարանական մեծամասնությունը դրանք արել էր «Արդարությունից» էլ պակաս ձայներով խորհրդարան մտած «Ազգային միաբանությանը»: Իրողությունն այս է՝ Ազգային ժողովի ղեկավար կազմի ընտրության նախաշեմին ՀՀԿ խորհրդում բուռն քննարկումներ են եղել, թե ում թեկնածությունը պիտի պաշտպանի կուսակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում: Երբ այնտեղ փոխանցել են, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը՝ հանրապետականներն ասել են, որ եթե անպայման ուզում են, որ ընդդիմադիր դաշտից լինի նախագահը՝ այդ դեպքում իրենք ավելի շուտ Արտաշես Գեղամյանի հետ կհամագործակցեն, քան կաշխատեն Արթուր Բաղդասարյանի հետ: «Նրանք լսել անգամ չէին ուզում ՕԵԿ նախագահի անունը»,- վստահեցրեց այս իրադարձություններին մասնակից մեր զրուցակիցներից մեկը: Դրանից հետո Անդրանիկ Մարգարյանն Արտաշես Գեղամյանին հրավիրել էր առանձնազրույցի (այդ մասին չի եղել որեւէ պաշտոնական հաղորդագրություն) եւ պատմել ներկուսակցական այդ խոսակցության մասին: Վարչապետը նաեւ տեղեկացրել էր, որ Հանրապետականը հակված է պաշտպանել Արտաշես Գեղամյանի թեկնածությունն ԱԺ նախագահի պաշտոնում: Եվ հետաքրքրվել, թե ինչպե՞ս է պատկերացնում Ռոբերտ Քոչարյանին այդքան քննադատելուց հետո նրա հետ աշխատելը: Արտաշես Գեղամյանը պատասխանել էր, թե ինքը հայտարարությամբ հանդես կգա, թե քանի որ ստեղծվելիք կոալիցիան պաշտպանում է իր հակաճգնաժամային ծրագրի հիմնադրույթները եւ աջակցելու է դրանց իրականացմանը՝ միայն այդ պատճառով «Ազգային միաբանությունը» համաձայն է մաս կազմել կոալիցիային եւ ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը:
Այս պայմանավորվածություններից որոշ ժամանակ անց «Ազգային միաբանության» եւ ՀՀԿ-ի առաջնորդները նորից էին հանդիպել: Եվ այս երկրորդ հանդիպման ժամանակ Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը կտրականապես դեմ է Արտաշես Գեղամյանին եւ պնդում է Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը: Նույն օրվա երեկոյան վարչապետը զանգել էր ԱՄ նախագահին՝ տեղեկացնելով, որ խորհրդակցել ու պայմանավորվել են՝ առաջարկել էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Սակայն Գեղամյանը պատասխանել էր, թե բարձր է գնահատում նրա հումորի զգացումը: Մեր ունեցած այս տեղեկությունները ճշտելու փորձին ի պատասխան՝ Արտաշես Գեղամյանը միայն ասաց, թե ոչ հերքում է դրանք, ոչ էլ հաստատում, ու նաեւ առաջարկեց. «Չխոսենք անցած-գնացած բաների մասին»:
Ի դեպ, նշենք, որ անցած 3 տարիներին «Ազգային միաբանության» գործիչներն ընդհանրապես չեն տվել վարչապետի անունը եւ ձեռնպահ են մնացել նրան քննադատելուց: Թերեւս միակ բացառությունը Արմեն Աշոտյանի ելույթի պատճառով ծագած վիճաբանությունն էր: