Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 25,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնութերորդ

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՓՈՍՏ

Երբ ես ու Ռոլանդը փոստատար Սողոմոնին հարցրինք՝ ինչպե՞ս են էդ անկնիք ու անանուն նամակները «Ծիծեռնակ» հասնում, Սողոն մանրամասն բացատրեց, եւ մեզ համար պարզ դարձավ, որ էդ անանուն ծրարներն ամեն առավոտ գցվում են «Ծիծեռնակի» դիմացի փոստատան փոստարկղը, որը հենց փոստատան պատին էր դրսի կողմից ամրացված, ու Սողոն էլ՝ իբրեւ էդ անհասցե նամակագրին լավություն, մյուս նամակների հետ նաեւ սրա՛ նամակն էր «Ծիծեռնակ» բերում, եւ երբ Սողոն ինձ ու Ռոլանդին հարցրեց՝ «ուզո՞ւմ եք վաղվանից էդ անհասցե նամակները չբերեմ», ես ասացի՝ «բեր», եւ երբ Սողոն ինձ ու Ռոլանդին բացատրեց, որ նոր օրենքով ինքն իրավունք ունի հետադարձ հասցե չունեցող նամակներն ուղղակի աղբարկղը գցել, ես իրեն ասացի՝ «չէ՛, աղբարկղը մի՛ գցի», ու հենց հաջորդ առավոտ Ռոլանդն ու ես «Ծիծեռնակի» պատուհանից միանգամայն պատահաբար տեսանք, թե ինչպես իմ էդ մանկագիրը, որի անունից պարբերաբար ոտանավորներ էի գրում ու «Ծիծեռնակում» տպագրում, թղթապանակից ծրարը հանեց ու գցեց փոստատան դռան մոտի փոստարկղը, ու ես առանձնապես անակնկալի չեկա, որովհետեւ մինչ այդ էլ ենթադրում էի, որ էդ անհասցե անանունը մանկագիրներից մեկնումեկն է, եւ երբ տեսա ու հասկացա, որ հենց է՛դ մեկն է, իր հանդեպ վերաբերմունքս տարօրինակորեն չփոխվեց ու նույնը մնաց, եւ էդ հիսունն անց անձնավորությունը շատ հաճախ նամակը փոստարկղը գցելուց անմիջապես հետո մտնում էր խմբագրություն ու ժամերով հետս քննարկում ու պարզաբանում էր իր ոտանավորների հետագա ճակատագիրը, եւ երբ իրեն ցույց էի տալիս իր փոխարեն ու իր անունից գրածս հերթական սեզոնային ոտանավորը, ինքը դրանից ո՛չ դժգոհում էր եւ ո՛չ էլ իրեն վատ էր զգում եւ եթե դժգոհում է՛լ էր, դժգոհում էր միայն էն առումով, որ իր անունից գրածս էդ բանաստեղծությունները քանակով առանձնապես շատ չէին, այսինքն՝ առաջվա պես էլի եռամսյակը մեկ էին հայտնվելու «Ծիծեռնակի» էջերում, ու ինքն էլ ընդամենը եռամսյակը մեկ էր Վալոդին ներկայանալու ու իր անունից գրածներիս հոնորարներն անձամբ ու բարեխղճորեն ստանալու, եւ էս պատմության մեջ ամենից հետաքրքիրն ու ամենից արժանահիշատակն էն էր, որ շատ շուտով էդ անձնավորության անունից գրած ոտանավորներիցս երկուսը հայտնվեցին երկրորդ դասարանի ընթերցարանում, եւ էդ անձնավորությունն էլ մի առավոտ հաղթական մտավ խմբագրություն եւ երկրորդ դասարանի մեկական ընթերցարան նվիրեց ինձ ու Ժենյա Ղուկասովնային, եւ, իհարկե, դրանից հետո իր էդ անհասցե ու անանուն նամակներն առավել եւս շարունակվեցին, եւ իմ հանդեպ իր վերաբերմունքը բացարձակապես չփոխվեց, այսինքն, էլի արտաքուստ գոհ ու ներքուստ շատ դժգոհ էր, որովհետեւ դրանից հետո է՛լ իմ անունով գրածս ոտանավորները «Ծիծեռնակի» գրեթե բոլոր համարներում էին տպագրվում, իսկ իր անունով գրածներս՝ վերստին եռամսյակը մեկ ու վերստին «Գարուն», «Ամառ», «Աշուն» ու «Ձմեռ» վերնագրերի տակ, եւ ո՛չ միայն ինքն էր ինձանից մշտապես դժգոհ, այլեւ՝ մյուս բոլոր իրնմանները, որովհետեւ հատկապես էդ տարիներին մեր գրողները դժվարությամբ էին հանդուրժում ու չափազանց ծանր էին տանում սերնդափոխություն կոչվածը, իսկ մանկագիրներն էդ երեւույթն առանձնապես չէին պատկերացնում, որովհետեւ «մանկագիր» կարգավիճակը Հայաստանում իրենցով ու իրենցից սկսվել եւ, հիմա արդեն գիտեմ, իրենցով էլ ավարտվելու էր, եւ եթե ես ու Ռոլանդն ի տարբերություն իսկական մանկագիրների՝ «Ծիծեռնակի» գրեթե բոլոր համարներում էինք տպվում, դրա պատճառը ո՛չ թե այն էր, որ Ժենյա Ղուկասովնան էս երկուսիցս սպեցիֆիկ հոտեր չէր առնում, այլ այն, որ Ժենյա Ղուկասովնան պահանջում էր, որ հաստիքով աշխատողներս պարտադիր ամեն համարում նյութ ունենանք, եւ, փաստորեն, Ժենյա Ղուկասովնան դրանով մեծ լավություն էր անում հաստիքով աշխատողներիս էն իմաստով, որ աշխատավարձերիս, փաստորեն, ռեգուլյար ու շոշափելի հոնորարներ էին գումարվում, բայց Ժենյա Ղուկասովնան իր էդ լավությունը չէր էլ գիտակցում, որովհետեւ ինքը երբեւէ նյութեր չէր գրել եւ հոնորար չէր ստացել եւ «Ծիծեռնակի» խմբագիր էլ դարձել էր իր ամուսնու՝ Կենտկոմի էն ժամանակվա կուլտուրայի բաժնի վարիչ Գուրգեն Առաքելյանի խորհուրդով, եւ քանի որ էն տարիներին ամուսինների նույն հիմնարկում աշխատելը չէր խրախուսվում, Ժենյա Ղուկասովնան Կենտկոմի հրահանգչի իր պաշտոնը զիջելով երիտասարդ մի կադրի՝ իր ամուսնու խորհուրդով որոշել էր իր խաղաղ ծերությունն անցկացնել «Ծիծեռնակի» պես անշառ ու ապաքաղաքական մի հիմնարկում, ու հենց էդպես էլ կլիներ, եթե չլինեին Ժենյա Ղուկասովնայի քիմքի ու զանազան այլ նրբությունները, որոնց հեչ չէր համապատասխանում «Ծիծեռնակի» հեղինակային ու հատկապես բանաստեղծական կոնտինգենտը, որը դուռ թակել չգիտեր եւ սովոր էր առանց որեւէ նախազգուշացման ներխուժել ցանկացած խմբագրի կաբինետ, իսկ Ժենյա Ղուկասովնան իր գրեթե ողջ գիտակցական կյանքում Կենտկոմում աշխատելով՝ հեչ սովոր չէր էդպիսի արտակարգ իրավիճակների ու էդպիսի իրավիճակներից հատկապես էր սրտնեղում ու նույնիսկ սարսափում, եւ իմ էդ անհասցե ու անանուն ներխուժողը հարյուրավոր ներխուժողներից ընդամենը մեկն էր, ու էդ ընդամենը մեկի անունն ու ազգանունն էստեղ ու էս պահին չեմ նշում հիմնականում էն պատճառով, որ եթե նշեմ՝ երեւի, այնուամենայնիվ, դադարեցնի նամակագրությունը, իսկ դա էս պահին ինձ հեչ ձեռնտու չի, որովհետեւ ինձ ու հատկապես «Առավոտի» խմբագրին էդ ամենօրյա նամակները հեչ տհաճություն չեն պատճառում, մանավանդ որ՝ արդեն դրանք չենք կարդում, որովհետեւ էդ անանունն արդեն մի տարի է՝ նույն բանն է գրում, այսինքն, մի ամբողջ տարի ինքը գրում է ու մենք էլ տեղեկանում ենք, որ էս վեպիս անվերջանալի երկխոսություններն արդեն սպառնալի չափերի են հասել, ու եթե դրանց դեմն անհապաղ չառնվի, սերունդները հաստատ մեզ չեն ներելու։ Այդուհանդերձ, ես իսկապես միանգամայն անկեղծորեն չեմ ուզում, որ իմ էդ վաղեմի մանկագիրը դադարեցնի իր նամակագրությունը, որովհետեւ նաեւ իր նամակների՛ շնորհիվ է, որ Արամ Աբրահամյանը համառորեն շարունակում է էս վեպիս տպագրությունն իր թերթում, քանզի ինքն էն կարծիքին է, որ եթե քննադատում են՝ ուրեմն կարդում են, այսինքն, փաստորեն, էս պահի դրությամբ ինձ համար էդ նամակները շատ էլ ցանկալի են, ու ես ամենեւին մտավախություն չունեմ, թե էս գրածս կարդալով՝ իմ անհասցե ու անանուն նամակագիրը կդադարեցնի իր նամակագրությունը, որովհետեւ եթե դադարեցնի՝ առավել եւս կհաստատվի, որ դրանց հեղինակը հենց ինքն է, եւ, բացի այդ, եթե նույնիսկ ուզենա էլ, էլի երեւի չկարողանա դադարեցնել, որովհետեւ իր նամակագրությունն արդեն իր ապրելու հիմնական ու միգուցե միակ ձեւն է, ինչպես որ՝ իմ ապրելու ու շարունակվելու հիմնական ու միգուցե միակ ձեւն էլ իմ էս երկխոսությունների անընդհատությունն ու շարունակականությունն է, ու չնայած երկխոսություններիցս էս ու մյուս դժգոհողները հիմնականում հիսունն անց մարդիկ են, բայց երեւի մոռացել են, որ հատկապես յոթանասունականների մեր կյանքը հիմնականում երկխոսություններից էր բաղկացած, ու իրադարձային նշանակալի բաներ գրեթե տեղի չէին ունենում, եթե, իհարկե, հաշվի չառնենք էդ անհասցե ու անանուն նամակագիրների անձնվեր ու անանձնական ինքնագործունեությունը, որը, ինչպես տեսնում եք, էական պակասորդներով դեռեւս շարունակվում եւ ինձ ժամանակավորապես շեղում է իսկապես ձանձրալի ու իսկապես սպանիչ երկխոսությունից, եւ եթե հիշողությունս չի դավաճանում, էդ անդրդվելի ու անուղղելի նամակագիրը Կրկեսի մոտերն էր ապրում, ու եթե տրամաբանությունս է՛լ ինձ չի դավաճանում, հիմա է՛լ պիտի նույն տեղում ապրելիս լինի, թե չէ՝ ինչքան էլ անդրդվելի ու անուղղելի լիներ, էսօրվա զառամյալ տարիքում դժվար թե ամեն Աստծո օր գար հասներ Մամուլի շենք ու իր գրավոր ահազանգերը փոխանցեր «Առավոտին», իսկ ինչ վերաբերում է յոթանասունականների հավերժական դիալոգներից մեր երբեմնակի շեղումներին, դրանք իսկապես եղել են, եւ ես դրանց հետեւողականորեն անդրադարձել եմ ու առաջիկայում էլ կշարունակեմ անդրադառնալ, որովհետեւ իսկապես անտանելի ու անտանելիորեն ձանձրալի է, երբ գրական երկը բացառապես երկխոսություններից է բաղկացած լինում, թեկուզեւ իր մեջ ներառի բացառապես երկխոսություններից բաղկացած յոթանասունականների կյանքը եւ նույնիսկ երջանկահիշատակ յոթանասունվեցը, երբ ես աշխատանք չունեի ու առավոտից իրիկուն «Պապլավոկում», «Սկվազնյակում», «Կազիրոկում» ու նկարիչների սրճարանում ուղնուծուծով մերձգրական ու մերձարվեստային խոսակցությունների մեջ էի խրված, եւ որ ասում եմ «մերձգրական» ու «մերձարվեստային», դա բնավ չի նշանակում, թե ուրիշ բաներից չէինք խոսում, եւ էդ օրերի մեջ օրեր էլ կային, որ բերնեբերան լցված էին Բրեժնեւի ու մյուսների մասին անեկդոտներով, այսինքն՝ էդ թվերի մեր կյանքը հիմնականում բաղկացած էր բառերից, խոսակցություններից ու երկխոսություններից, եւ էս «երկխոսություն» ասածս է՛լ է միանգամայն հարաբերական, որովհետեւ իրականում ու հիմնականում դրանք ո՛չ թե երկխոսություններ էին, այլ, ավելի հաճախ, եռախոսություններ, քառախոսություններ ու շատախոսություններ, եւ երբ մի անգամ հորաքրոջս ասացի, որ երկխոսություններս արդեն շատ են քննադատում, հորաքույրս հարցրեց՝ «ո՞վ է քննադատում», եւ երբ պատասխանեցի ու ասացի՝ «հիմնականում գրողներն ու գրականագետները», իմ գլխավոր ընթերցող Շեկոյան Մարգոն զարմացած ասաց՝ «Էդ գրականագետները չեն հասկանո՞ւմ, որ դու երկխոսություն չես գրում», եւ երբ զարմացած հարցրի՝ «բա ի՞նչ եմ գրում», հորաքույրս ասաց՝ «երկխոսություն նշանակում է երկու հոգու խոսակցություն, բայց քեզ մոտ հիմնականում երեք ու չորս հոգի են իրար հետ խոսում», եւ երբ ասացի՝ «էդ է՛լ են երկխոսություն համարում», հորաքույրս զարմացած ասաց. «Ղալաթ են անում. քո էդ գրականագետները փոխանակ նստեն ու ճշգրիտ տերմիններ հորինեն, ուրիշների հորինածն ե՞ն քննադատում»։

Հորաքրոջս հետ էս խոսակցությունն էն օրերին էր, երբ դեռ Ֆրունզիկի, Շերենցի ու Լեւոն Ներսիսյանի խոսակցությունն էի հրապարակում, ու դա իսկապես եռախոսություն էր, իսկ երբեմն էլ (եթե երբեմն-երբեմն համարձակվում էի իրենց էդ խոսակցությանը խառնվել)՝ քառախոսություն, իսկ իմ ու Լիզայի միջեւ տեղի ունեցողը գրականագիտական ու ամեն իմաստով մաքուր երկխոսություն էր՝ ընդհուպ է՛ն պահը, երբ Նորոն վերջապես ու վերջնականապես ավարտեց «Երեքնուկը», եւ Թամրազյանն ու Նորան դադարեցնելով պարը՝ մոտեցան մեզ։

Նորոյի «Երեքնուկն» արդեն դադարել էր, բայց ես ու Լիզան դեռեւս կիսագրկված էինք, ու մեզ մոտենալով՝ Թամրազյանն ասաց.

– Էս արդեն առանց նվագի ե՞ք պարում։

– Չզգացինք, ընկեր Թամրազյան,- ասաց Լիզան։

– Ի՞նչը չզգացիք,- հարցրեց Թամրազյանը։

– Չզգացինք, որ երգն ավարտվել է. մեզ թվում էր՝ այդ երգը երբեք չի ավարտվելու,- իր տեղը նստելով՝ ասաց Լիզան։

– Շատ կուզեիք, որ չավարտվեր,- ասաց Թամրազյանը։

– Լավ էլ պարում էիք,- իր աթոռին տեղավորվելով՝ մեզ ասաց Նորան։

– Դուք է՛լ պակաս չէիք պարում,- ասաց Լիզան։

– Էս վերջին բաժակն էլ խմենք ու վեր կենանք,- ասաց Լիզան.- արդեն շատ ուշ է։

– Ձեր տարիքում ուշը ո՞րն է,- զարմացավ Թամրազյանը։- Ինչի՞ց եք ուշանում։ Հերնումերդ գյուղում են, տանն էլ սպասող չունես, Լի՛զըչկա։

– Ո՞նց չունեմ,- ասաց Լիզան.- բա քո՞ւյրս։

– Քույրդ հաշիվ չի,- ասաց Թամրազյանը.- քրոջդ կասես՝ Թամրազյանի հետ քեֆ էի անում։ Էսօրվա օրը հո էսպես կիսատ չե՞նք թողնելու։

– Այսինքն, ո՞նց կիսատ չենք թողնելու,- ճչաց Լիզան։

– Մի՛ գոռա,- ասաց Թամրազյանը։- Էսպես բոլորովս էստեղից գնում ենք մեր տուն։

– Ինչպե՞ս,- զարմացավ Լիզան։

– Շատ հասարակ,- ասաց Թամրազյանը,- նստում ենք տաքսի ու գնում ենք մեր տուն։

– Արդեն շատ ուշ է, ընկեր Թամրազյան,- ասացի ես։

– Քեզ խոսք չի՛ հասնում, երիտասա՛րդ,- անսպասելի գոռաց Թամրազյանն ու ավելացրեց.- դու տեղդ հանգիստ նստիր, ավելի ճիշտ՝ մտածիր, թե էս վերջին բաժակով ինչ կենաց ենք խմելու։

– Էսօրվա կենացը խմենք,- կմկմացի ես։

– Ապրե՛ս,- ասաց Թամրազյանը.- որ մտածում ես՝ շատ խելոք բաներ ես ասում։ Էս ասածդ խմում ենք ու էսպես բոլորովս գնում ենք մեր տուն։ Նորան է՛լ է հետներս գալիս։

– Ես աշխատանքի մեջ եմ, Թամրազյա՛ն ջան,- ասաց Նորան։

– Ի՞նչ աշխատանք,- զարմացավ Թամրազյանը.- հիմա ռեստորանը չի փակվո՞ւմ։

– Կլիենտների համար ա փակվում,- ասաց Նորան.- մենք պիտի մնանք, որ էս սեղաններն ու ամեն ինչը հավաքենք։ Առանց էդ էլ՝ էս պարելուս համար վրես ահագին խոսակցություն ա գալու։

– Սամսոնը որ հանկարծ քեզ բան ասի՝ կուղարկես ինձ մոտ,- ասաց Թամրազյանը։

– Մինչ իրան քու մոտ ուղարկեմ՝ ինքն ինձ արդեն ուղարկած կըլնի,- ասաց Նորան։

– Քեզ ո՞ւր ուղարկած կըլնի,- հարցրեց Թամրազյանը։

– Մեր տուն,- ասաց Նորան։- Էս պարելս տենամ ո՞նց եմ մարսելու։ Ախր մեր մոտ հե՛չ ընդունված չի, որ աշխատողը կլիենտի հետ պարի։

– Եթե պարելուդ հաշվով խոսակցություն բացվի, Սամսոնին կբացատրես, որ ես եմ քեզ ստիպել,- ասաց Թամրազյանը։

– Մի բան կասեմ,- ասաց Նորան։- Բայց հիմի պիտի մնամ՝ ժողովրդի հետ էս ամեն ինչը հավաքենք։ Որ հետներդ գամ՝ իմ կողմից անշնորհքություն կըլնի։ Համ էլ՝ էրեխեն տանը մենակ ա. էս գործերս պիտի շուտ պրծնեմ, որ էթամ իրան հասնեմ։

– Համոզեցիր,- ասաց Թամրազյանը.- ուրեմն, դու մնում ես, իսկ ես ու ջահելները գնում ենք մեր տուն։

– Ախր շատ ուշ է, ընկեր Թամրազյան,- ասաց Լիզան։

– Ծպտուն չլսե՛մ,- գոռաց Թամրազյանը։

– Քույրս շատ կանհանգստանա,- կմկմաց Լիզան։

– Ընկերոջդ առաջարկած կենացը չե՞նք խմելու, թե՞ որոշել ես էսօրվա օրը հարամ անել,- Լիզային սաստեց Թամրազյանը։

– Խմենք, միայն թե՝ արագ,- ասաց Լիզան։

– Արագն ու դանդաղը դո՛ւ չես որոշելու,- ասաց Թամրազյանը։

– Ներողություն,- ասաց Լիզան։

– Այսօրվա՛ կենացը,- բաժակս բարձրացնելով՝ ասացի ես։

– Թող մեր ամենավատ օրը սա՛ լինի,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Թամրազյանը։

– Քո՛ կենացը, Թամրազյա՛ն ջան,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Նորան։

– Անհատական կենացներն ավարտել ենք,- ասաց Թամրազյանը.- էսօրվա՛ կենացն ենք խմում։

– Այսօրվա կենացը՝ ձեր գլխավորությամբ,- բաժակս Թամրազյանի բաժակին խփելով՝ ասացի ես.- եթե ձեզ չհանդիպեինք՝ էսօրվա օրը բոլորովին ուրիշ կլիներ։

– Եթե ի՛նձ չհանդիպեիր,- ականջիս շշնջաց Լիզան։

– Էդ ի՞նչ ես քչփչում, Լի՛զըչկա,- Լիզային ժպտաց Թամրազյանը։

– Հե՛չ,- բաժակը Թամրազյանի բաժակին խփելով՝ ասաց Լիզան։- Ինչպես Արմենն ասաց՝ այսօրվա կենացը՝ ձեր գլխավորությամբ։

– Էդքան բա՞ն,- ժպտաց Թամրազյանը,- ավելացնելու բան չունե՞ս։

– Ձեր մասին կարող եմ անվերջ խոսել,- ասաց Լիզան.- ժամերով կարող եմ ձեր արժանիքները թվարկել։

– Էս վերջին բաժակով առաջարկում եմ խմել այսօրվա ու բոլորիս կենացը,- ոտքի կանգնելով ու բաժակը բարձրացնելով՝ ասաց Թամրազյանը,- հոտնկայս ենք խմում։ Կանայք ու աղջիկները կարող են նստած մնալ։

– Բոլորի՛ս կենացը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Նորան։

– Եթե մեզանից որեւէ մեկն այսօր այստեղ ներկա չլիներ, այսօրվա օրը միանգամայն այլ կլիներ,- ասաց Թամրազյանը։

– Փաստորեն, ճիշտ է ասում,- ոտքի կանգնելով՝ ականջիս շշնջաց Լիզան։

– Հիմա՞ ինչ ես քչփչում, Լի՛ զըչկա,- ասաց Թամրազյանը.- բարձր ասա՝ մենք է՛լ լսենք։

– Ներողություն, ընկեր Թամրազյան,- ասաց Լիզան։

– Ես ասացի՝ կանայք եւ աղջիկները կարող են նստած մնալ,- ասաց Թամրազյանը։

– Ներողություն,- ասաց Լիզան ու նորից նստեց։

– Եթե որեւէ մեկիս ներկայությունը չլիներ, այսօրվա օրն էս իմաստն ու էս համուհոտը չէր ունենա։

– Շատ ճիշտ եք ասում,- ասաց Լիզան։

– Շնորհակալություն գնահատականի համար, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանն ու շարունակեց.- էս վերջին բաժակով ինքներս մեզ մաղթենք, որ իրարից անպակաս լինենք։ Ոչ ոք թող չպարծենա, թե մենմենակ կարող է որեւէ բանի հասնել։

– Մենմենակ նույնիսկ քեֆ անել հնարավոր չէ,- ասաց Լիզան։

– Իհարկե հնարավոր չէ,- համաձայնվեց Թամրազյանը։

– Բոլորիս կենացը՝ Թամրազյանի գլխավորությամբ,- տեղից վեր կենալով՝ ասաց Նորան։

– Ո՛չ մի Թամրազյան. բոլորի՛ս կենացն է։ Նաեւ Նորայրի ու նվագողների կենացն է,- ասաց Թամրազյանն ու նվագախմբի կողմ շրջվելով՝ գոռաց.- Նորա՛յր ջան, տղե՛րք ջան, ո՛ղջ լինեք, ձեր կենա՛ցը։

– Անուշ խմեք, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Նորոն։

– Անուշ,- ասացին նվագողները։

– Այսօրվա՛ կենացը,- դեպի մեզ շրջվելով՝ շարունակեց Թամրազյանը։- Մեր կյանքը հիմնականում միօրինակ օրերի շարան է, բայց էդ շարանի մեջ հանկարծակի ու բարեբախտաբար պատահում են նաեւ էսօրվա պես մի քանի օրեր, որոնք զարդարում ու իմաստավորում են մեր անհեթեթ ու միապաղաղ գոյությունը։

– Էսօրվա՛ կենացը,- ասաց Նորան։

– Երեք՝ չորս, խմեցի՛նք,- ասաց Թամրազյանն ու խմեց։

– Իսկապես, շատ հետաքրքիր օր էր,- բաժակը շրթունքներին կպցնելով՝ ասաց Լիզան։

– Քեզ համար օրը դեռեւս չի ավարտվել, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը.- հիմա երեքով մեր տուն ենք գնում։

– Քույրս շատ կանհանգստանա, ընկեր Թամրազյան,- կմկմաց Լիզան։

– Մեր տնից կզանգահարես, քրոջդ կասես, որ մեր տանն ես,- ասաց Թամրազյանը։

– Հեռախոս չունենք,- կմկմաց Լիզան, հետո կմկմալով ավելացրեց.- ավելի ճիշտ՝ հեռախոս կա, բայց հարեւանինն է, ավելի ճիշտ՝ տանտիրոջն է։ Էս ժամին հաստատ քնած կլինեն։

– Կարթնանա՛ն,- ասաց Թամրազյանը.- ես անձա՛մբ կզանգահարեմ, կարթնացնեմ ու կասեմ, որ քրոջդ զգուշացնեն։

– Արմենենց տանն է՛լ կանհանգստանան,- ասաց Լիզան։

– Քեզ համա՞ր,- ժպտաց Թամրազյանը։

– Չէ՝ Արմենի՛,- ժպտաց Լիզան։

– Արմենենք է՞լ հեռախոս չունեն,- ինձ նայեց Թամրազյանը։

– Ունենք,- ասացի ես։

– Մեր տանից կզանգահարես,- ասաց Թամրազյանը։

– Հա,- ասացի ես։

– Համ էլ՝ Արմենը տղամարդ է. իր համար շատ չեն անհանգստանա,- ասաց Թամրազյանը։

– Իմ հարցը փակենք,- ինքնավստահ ասացի ես, հասկանալով, որ Թամրազյանի տանից կարող եմ զանգահարել մերոնց։

– Գնացի՛նք,- կտրուկ վեր կենալով՝ հրամայեց Թամրազյանը։

Թամրազյանը մոտեցավ նվագախմբին, Նորոյին ու մյուսներին ձեռքով հրաժեշտ տվեց, հետո Նորային համբուրեց, այնուհետեւ, երբ արդեն ռեստորանի դռների մոտ էինք, ձեռքը գրպանը տարավ, գրպանից հանեց երկու թղթադրամներ՝ մի տասանոց ու մի հինգանոց, հինգանոցը վերստին գրպանը դրեց, իսկ տասանոցը մեկնելով ռեստորանի դուռը մեր առջեւ բաց արած դռնապանին՝ ասաց.

– Էս վերցրո՛ւ, Գեդեո՛ն։

– Էս ի՞նչ ես անում, Թարմազյան ջան,- շփոթվեց Գեդեոնը։

– Դիր գրպանդ,- սաստեց Թամրազյանը։

– Ախր ինչի՞ համար,- Թամրազյանին շիվարած նայեց Գեդեոնը։

– Քո ղսմաթն է,- ասաց Թամրազյանը:

– Որ տալիս են՝ վերցրո՛ւ,- Գեդեոնին ասաց Նորան։

– Բա որ Սամսոնն իմանա՞,- կմկմաց Գեդեոնը։

– Սամսոնը ո՞նց պիտի իմանա, ա՛յ Գեդո,- ասաց Նորան ու ավելացրեց.- ե՛ս պիտի Սամսոնին ասեի, բայց չեմ ասի։

– Ախր բան չեմ արել, Թարմազյան ջան,- տասանոցին սարսափահար նայելով՝ ասաց Գեդեոնը.- գոնե որ ձմեռ ըլներ, գոնե որ մեկնումեկիդ պալտոն բռնած ըլնեի՝ էլի կասեի հա։

– Ձմեռը որ գա, Թամրազյանի պալտոն մի քանի անգամ ձրի կբռնես՝ քվիտ կըլնեք,- ծիծաղեց Նորան։

– Էս քվիտ անել կըլնի՞,- տասնոցին նայելով՝ ժպտաց Գեդեոնը։- Համ էլ, Նորա ջան, ըտենց որ ասում ես, էս էրեխեքը կմտածեն՝ փողով պալտո բռնող եմ։

– Լա՜վ էրեխա ես գտել,- ասաց Նորան.- դու մենակ պիտի տենայիր՝ ո՜նց էին մի ժամից ավել իրար գրկած պարում։

– Տեսա,- ասաց Գեդեոնը։- Լավ էլ իրար սազում են։ Էն տնաշե՞նն ինչի էր մի գլուխ նույն երգը քոքել։

– Թամրազյանն իրան է՛լ էր էդ տասանոցից բոլ-բոլ տվել, դրա համար էլ մի գլուխ երգում էր։

– Որ փողը առել էր, գոնե պիտի մեկումեջ երգը փոխեր,- ասաց Գեդեոնը։

– Թամրազյա՛նն էր ուզում, որ նույնը երգի։ Քեզ էլ էդ տասանոցը տվեց, որ սրանից հետո իրա ազգանունը ճիշտ ասես։ Որ Թամրազյան չես կարում ասես, գոնե պրոֆեսոր ասա, տնա՛շեն։

– Շատ զգացված եմ պրոֆեսոր ջան,- Թամրազյանին ժպտաց Գեդեոնը։

– Գնացի՛նք, էրեխե՛ք,- մեզ նայեց Թամրազյանը, հետո Նորային հարցրեց.- տաքսի կա՞, Նորա։

– Տաքսին դրսում ձեզ ա սպասում, պրոֆեսոր ջան,- ասաց Նորան,- իրան նախօրոք զգուշացրել եմ, որ սպասի։

Գեդեոնը նորից մեր առաջ ռեստորանի դուռը բաց արեց, եւ երբ մենք դուրս եկանք, ինքը վազելով մեզանից առաջ ընկավ ու տաքսու դռներն է՛լ մեր առջեւ բաց արեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել