Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 25,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնիններորդ

ԺՈՒԿՈՎ ԺԱՄԱՆԱԿՈՎ

– Ձերժինսկու դպրոցի մոտ, տղա ջան,- վարորդի կողքը նստելով՝ ասաց Թամրազյանը։

– Հիշում եմ, պրոֆե սոր ջան,- ասաց վարորդը.- ձեզ էլի եմ տուն տարել։

– Կներես, որ մոռացել եմ, տղա ջան,- ասաց Թամրազյանը։- Անունդ ինչ է՞ր։

– Խաչիկ,- ասաց վարորդը։

– Էս փողը վերցրու, Խաչիկ ջան,- ասաց Թամրազյանը՝ գրպանից հինգանոցը հանելով ու վարորդին մեկնելով։

Վարորդը հինգանոցը դրեց գրպանը, հետո մյուս գրպանից ռուբլիանոցներ հանելով՝ մեկնեց Թամրազյանին։

– Դա ի՞նչ է,- հարցրեց Թամրազյանը։

– Զդաչին ա,- ասաց Խաչիկը։

– Զդաչի պետք չի,- ասաց Թամրազյանը։

– Հինգ մանեթը շա՜տ-շա՜տ ա, պրոֆեսոր ջան,- ասաց Խաչիկը։

– Քեզ հալալ լինի,- ասաց Թամրազյանը, հետո շրջվեց դեպի մեզ ու ասաց.- էդ մարդու փողերից լրիվ պրծա։

– Ո՞ր մարդու,- հարցրեց Լիզան։

– Էն տականքի,- ասաց Թամրազյանը։

– Ի՞նչ տականք,- նորից հարցրեց Լիզան։

– Երեւում է՝ շատ թունդ ես սիրահարված, Լի՛զըչկա,- ժպտաց Թամրազյանը.- մոռացա՞ր՝ ում փողերով էինք քեֆ անում։ Դու էլ չես հիշո՞ւմ, Արմեն։

– Հիշում եմ,- ասացի ես.- էն, որ թատրոնում ձեր պարտքը վերադարձրել էր։

– Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը,- զգացվում է, որ դու շատ ավելի թունդ ես սիրահարված, քան՝ Արմենը։

– Չէի ասի,- ասաց Լիզան։

– Ես կասեի՛,- ասաց Թամրազյանը.- մտքերդ ուրի՛շ տեղ են։

– Ուշք ու միտքս քույրս է,- ասաց Լիզան:

– Էդ հարցն արդեն փակված է,- ասաց Թամրազյանը.- ես քեզ ասացի, որ մեր տանից կզանգենք՝ կզգուշացնենք:

– Տանտերերը հիմա երեւի քնած են,- կմկմաց Լիզան:

– Քնած են՝ կզարթնեն: Հուսով եմ՝ հավերժական քնով քնած չեն լինի,- ասաց Թամրազյանը:

– Ես է՛լ եմ հուսով,- ասաց Լիզան:

– Էդ թեման փակում ենք,- ասաց Թամրազյանը:

– Փակեցինք,- ասաց Լիզան:

Ես իմ առումով արդեն միանգամայն հանգիստ էի, որովհետեւ արդեն վստահ էի, որ Թամրազյանենց տնից կզանգեմ ու մորս կբացատրեմ իրավիճակը, եւ համոզված էի, որ մայրս իրավիճակն ըստ արժանվույն կգնահատեր, մանավանդ՝ եթե ասեի, որ Թամրազյանի տանն եմ, որովհետեւ մայրս լեզվի ու գրականության ուսուցչուհի էր, եւ Թամրազյան ազգանունն իր համար շա՛տ ավելի նշանակալի էր, քան նույնիսկ՝ Սամսոնի ու Նորայի համար, ու էդպես մտածելով՝ ես ինձ արդեն տրամադրել էի էդ երեկոյի, ավելի ճիշտ՝ էդ գիշերվա շարունակությանը, ու չնայած Թամրազյան ազգանունն անձամբ ինձ համար էլ էր նշանակալի, բայց ինձ համար էդ իրիկուն ու էդ գիշեր առավել կարեւորը Թամրազյանի՝ իմ ու Լիզայի հանդեպ եղած ու շարունակվող վերաբերմունքն էր, ու չնայած ակնհայտ զգացվում էր, որ Լիզան Թամրազյանի համար հարազատ աղջկա պես բան է, այդուհանդերձ, Թամրազյանը շարունակաբար նախապատվությունը ի՛նձ էր տալիս եւ, էսօրվա լեզվով ասած, ի՛նձ էր պերյոդ գցում՝ շարունակաբար չհիշելով ու մոռանալով, որ ես ու Լիզան ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ ենք:

– Շատ նամռոտ աղջիկ ես. զարմանում եմ՝ ո՞նց է Արմենը հետդ ընկերություն անում,- Լիզային ասաց Թամրազյանը, երբ արդեն տաքսուց դուրս եկել ու իրենց մուտքում լիֆտին էինք սպասում:

Էս անգամ արդեն Լիզան չհիշեցրեց, որ ես ու ինքն ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ ենք, ու երեւի էդ բանը չասաց ո՛չ միայն էն պատճառով, որ էդ մասին արդեն մի քանի անգամ ասել ու հիշեցրել էր, այլեւ է՛ն պատճառով, որ արդեն իրեն է՛լ էր հաճելի Թամրազյանի՝ մեր մասին էդ սխալ պատկերացումն ու թյուր իմացությունը, չնայած, մյուս կողմից էլ, եթե Թամրազյանին թվում էր, թե ես ու Լիզան հին ու վաղուցվա մտերիմներ ենք, ուրեմն՝ հենց էդպես էլ է՛ր, ու հիմա որ մեր էդ օրվա պահվածքը հիշում եմ, էդ օրը ես ու Լիզան հենց մտերիմների պես էինք ներկայանում մեր էդ օրվա սեղանակիցներին եւ ես ու ինքն է՛լ էինք միայն երբեմն-երբեմն մտաբերում, որ ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ ենք, եւ էդ ամենը հիշելով ու էդ ամենի շուրջ հիմա հավելյալ մտածելով՝ սկսում եմ հասկանալ, որ ո՛չ թե ժամանակն է մերձեցնում կամ հեռացնում մարդկանց, այլ հենց մարդի՛կ են մերձեցնում ու խտացնում ժամանակները՝ տասնամյակների բաժին իրադարձություններն ու զգացմունքները տեղավորելով մի քանի ժամվա ու նույնիսկ ակնթարթի մեջ, եւ եթե Պաստեռնակին է՛լ է թվացել, թե դարից երկար տեւող օրեր կան, դա նշանակում է, որ ո՛չ թե Պաստեռնակին ու ոմանց էդ բանն ընդամենը թվում է, այլ՝ հենց էդպես էլ կա, այսինքն՝ կան օրեր, որ դարի տեւողություն ու բովանդակություն ունեն, եւ, ընդհակառակը, կան երկար ու ձիգ տարիներ, որ հեչ վայրկյանի պարունակություն էլ չունեն, բայց էս երկրորդ տարբերակի մասին սովորաբար բանաստեղծները լռում են, եւ բանաստեղծներից միայն Արամայիս Սահակյանն է ասել՝ «եթե նման են օրերդ բոլոր, կնշանակի՝ ապրել ես մի օր», իսկ հակառակ տարբերակի վերաբերյալ արտահայտվողներ էլի են եղել, եւ արտահայտվողներից մեկն էլ արտահայտվելով ասել է՝ «կա՛նգ առ, ակնթարթ, դու չքնա՜ղ ես», ու չնայած էդ չքնաղ ակնթարթներն ընդամենը բանաստեղծական ժողովածուներում են կանգ առել, բայց դա բնավ չի նշանակում, թե միայն բանաստեղծների էդ չքնաղ ակնթարթներն են դարից երկար տեւում, այլ ընդամենը նշանակում է, որ Աստված բանաստեղծներին է արտոնել չափչփել էդ, ուրեմն, դարից երկար տեւող օրերն ու վայրկյանները, իսկ էդ վայրկյաններն ու օրերը ձրիաբար շռայլել է բոլորիս, եւ եթե Պաստեռնակի մի տողով ասածն ինձ մոտ մի հատորից ավելի է ձգվում, դա բնավ չի նշանակում, թե իմ ու Լիզայի էդ մի քանի ժամվա ապրածը գերազանցում է ձեր ու այլոց մի քանի ժամվա ապրածին, եւ հակառակն է՛լ չի նշանակում, ու չնայած էսպես գրավոր հնարավորինս ձգձգում եմ մեր էդ մի քանի ժամվա համատեղ կյանքը, էլի չեմ հաջողացնում էդ մի քանի ժամվա կյանքը խորությամբ ու լավագույնս հրամցնել ձեզ, եւ բնական է, որ չպիտի հաջողվեր հենց ի՛մ դեպքում, որովհետեւ ես մեկն եմ էն սակավաթիվ գրողներից, ովքեր կյանքը բացահայտորեն գերադասում են գրականությունից, ու էս ասածս էլ երեւի չհասկացաք, եւ դա շատ բնական է, քանի որ դուք մոտիկից չեք շփվել մեր է՛ն գրողների հետ, որոնց համար կյանքն անկարեւոր ու չափազանց անցողիկ մի բան է, իսկ գրականությունն ու մանավանդ անձամբ իրե՛նց գրականությունը՝ չափազանց կարեւոր ու չափազանց մնայուն, եւ ամենահետաքրքիրն այն է, որ գրականությունը կյանքից վեր դասող մեր էդ գրողները կյանքից ավելի՛ ամուր են կառչած, քան՝ կյանքը գրականությունից գերադասողներս, որ շարունակում ենք քռքաշ ընթանալ կյանքի հետեւից ու չնայած հենց է՛ս կյանքն ենք գրականությունից գերադասում, բայց հենց է՛ս կյանքն ենք գրասեղանի մատույցներում մսխում, եւ իմ դեպքում դա միգուցե ներելի է, որովհետեւ, ինչպես տեսնում եք, ես ո՛չ թե գրում եմ, այլ, կարելի է ասել, ապրում եմ, իսկ ավելի ճիշտ՝ վերապրում եմ այն, ինչը մի անգամ արդեն ապրել եմ:

Այդուհանդերձ, երբեմն նաեւ գրում եմ, ավելի ճիշտ՝ ո՛չ թե երբեմն, այլ ամեն առավոտ պարտադիր գրում եմ, որովհետեւ ապրուստի խնդիրը մշտապես կա, ու ես Աստծո ամեն առավոտ պատահաբար ու պատեհաբար զարթնելով՝ նախ էլեկտրոնային օրաթերթի հոդվածներս եմ մաքուր ու գեղեցիկ գրականով գրում, իսկ դրանից անմիջապես հետո հերթական մանկական սցենարս եմ գրում «Ժուկով ժամանակովի» համար ու դրանից հետո՝ էդ ամեն պարտադիրներից հետո միայն, էդ ամենից ազատվելով ու ազատագրվելով՝ ազատորեն ու անկաշկանդ շարունակում եմ էս շարունակվող անվերջանալին ու անիմանալին գրել, ավելի ճիշտ՝ ապրել, իսկ ավելի ճիշտ՝ վերապրել արդեն մի անգամ լիուլի ապրածս:

Ասածս բնավ չի նշանակում, թե պարտադրված ու հանուն ապրուստի գրածներս զուրկ ու զերծ են կյանքից, եւ, կարող եմ ասել, էլեկտրոնային թերթի համար գրածներս է՛լ կյանքի հետ ուղղակի կապ ունեն եւ ուղղակի կապ ունեն հենց մեր էսօրվա՛ կյանքի հետ, ու չնայած էդ գրածներս հիմնականում քաղաքական ու կիսաքաղաքական են, բայց էդ էլ է կյանք, մանավանդ որ՝ մեզանում հազարավոր են էն մարդիկ, ում համար քաղաքականությունն է՛լ է կյանք, էլ չեմ խոսում նրա՛նց մասին, ում համար հենց քաղաքականությո՛ւնն է կյանք, եւ նմանապես չեմ խոսում Սադոյան Արշակի ու ոմանց մասին, ում համար քաղաքականությունն ավելին է, քան՝ կյանքը, ու նաեւ չեմ խոսում ամեն առավոտ «Ժուկով ժամանակովի» համար գրածս սցենարների մասին, ավելի ճիշտ՝ խոսում ու խոսելու եմ հենց էդ մանկական հեքիաթներից, որոնց մեջ նույնպես լիուլի կյանք կա, ու էդ բանը մի ժամ առաջ վերստին ու միանգամայն հստակ զգացի, երբ շարունակում էի մեր ժողովրդական «Անահիտ» հեքիաթի հիման վրա սկսածս սերիալը, եւ եթե մանկությանս տարիներին էդ հեքիաթի հերոսուհի Անահիտն ինձ ներկայանում էր իբրեւ գերբնական ու վերերկրային մի արարած, ապա հիմա՝ շուրջ մի ժամ առաջ, երբ վերընթերցում ու գրավոր վերապատմում էի էդ, ուրեմն, բոլորիս կողմից կարդացված ու բոլորիս կողմից սիրված հեքիաթը, տեսնում ու հասկանում էի, որ Անահիտն իրականում շատ էլ պրակտիկ ու գործնական աղջիկ է եղել, եւ դա աչքի է զարնում հենց հեքիաթի ամենասկզբում, երբ Անահիտն աղբյուրից ջուր է լցնում ու փարչը տալիս է Վաչագանին, իսկ ավելի ճիշտ ու ավելի մանրամասն՝ Անահիտը ո՛չ թե անմիջապես փարչը լցնում ու տալիս է Վաչագանին, այլ մի քանի անգամ կուժը լցնելով ու դատարկելով՝ Վաչագանին ու Վաղինակին ահագին սպասեցնում է, իբր՝ որսից եկած տղերք եք ու քրտնած կլինեք, իսկ մինչ այդ, ըստ Աղայանի, Անահիտն արդեն իր ընկերուհու ձեռքից փարչը խլել էր, որ անձամբ ի՛նքը Վաչագանին ջուր տա, ու Աղայանը հենց էդպես էլ գրել է՝ «Նա (Վաչագանը- Ա. Շ.) ջուր ուզեց, եւ աղջիկներից մինը լցրեց փարչը եւ ուզեց Վաչագանին տալ, բայց մի ուրիշ աղջիկ նրա ձեռից խլեց փարչը եւ դարտկեց», եւ քիչ անց պարզ է դառնում, որ էդ «ուրիշ աղջիկը» Հացիկ գյուղի նախրչի Առանի դուստրն է ու էս հեքիաթի գլխավոր հերոսուհին, ավելի ճիշտ՝ հերոսը, որն աղբյուրի էդ տեսարանում, փաստորեն, ըստ Աղայանի ու ժամանակակից հայերենով ասած՝ իր ընկերուհու ձեռից ատբիտ է անում արքայազն Վաչագանին, այսինքն, ուզում եմ վերստին ընդգծել, որ իրականում մեր էս Անահիտն իսկապես գործնական, զոռբա ու լավ էլ շուստրի աղջիկ է եղել, ու էս ասածս վերստին ու մի ավելորդ անգամ ապացուցում է, որ մեր ժողովրդական ու մշակովի հեքիաթներն ամենեւին էլ զուրկ ու զերծ չեն իրական կյանքից, իսկ դրանց հերոսներն էլ՝ թեկուզեւ արտաքուստ հրեղեն, բայց ներքուստ շատ էլ հողեղեն ու կյանքային են եւ շատ իմաստներով հար ու նման են մեզ՝ էս պահին ապրողներիս, չնայած, այսուհանդերձ, չափազանց դժվար է սպառիչ պատասխանել հետեւյալ հարցերին. եթե Անահիտը մեր օրերում ապրեր ու մեր ժամանակակիցը լիներ, ղարաբաղյան պատերազմում թուրքի ակա՞նջ կկտրեր, Բժշկականի ռեկտո՞ր կդառնար, Հրանուշ Հակոբյանի փոխարեն կամ Հրանուշ Հակոբյանի կողքին խորհրդարանո՞ւմ նստած կլիներ, իր արհեստն ու գորգագործությունը թարգելով՝ մտավորականության բանա՞կը համալրած կլիներ, թե՞, ընդհակառակը, Հրանուշ Խառատյանի պես իր ազգագրական ունակությունները կծառայեցներ պետության կայացման գործին, թե՞, այնուամենայնիվ, հանրահավաքում թղթակցուհուն ծեծելու համար հենց ի՛նքը դատարանի ու դատավորի առաջ կկանգներ:

Համոզված եմ, որ դուք էլ կդժվարանաք պատասխանել էս հարցերին, բայց, եթե մեր երեւակայությունն էսքանին հերիքեց, ինչո՞ւ չերեւակայենք, որ Անահիտը հենց մեր օրերում էլ կարող էր արքայազնի հետ ամուսնանալ եւ, ինչու չէ, նաեւ չափազանց օգտակար խորհուրդներ տալ իր արքայազնին. ասենք, արքայազնին ասեր՝ «անպայման մի արհեստ պիտի սովորես՝ թեկուզ կաֆելչիկ կամ պարկետչիկ», կամ, ասենք, իր արքայազնին օգտակար խորհուրդ տար ու ասեր՝ «չգնա՛ս Պերոժ ու հազարդոլարանոց շամպայն չխմե՛ս», եւ եթե մեր երեւակայությունն էսքանին հերիքեց, մնացածին դժվար թե հերիքի, որովհետեւ էս երկու դեպքում էլ մեր պայմանական արքայազնը մեր պայմանական Անահիտին քոթակելով՝ տնից դուրս կաներ, ու մեր գերժամանակակից հեքիաթն էլ էսպես ու էսքանով կհանգուցալուծվեր, բայց շատ հնարավոր է, որ մեր գերժամանակակից հեքիաթն ավելի շուտ ավարտվեր, եւ շատ հնարավոր է, որ գերժամանակակից Անահիտը ո՛չ թե արքայազնին կաֆելչիկության, պարկետչիկության եւ այլ ռոմանտիկ զբաղմունքների մղեր, այլ, ընդհակառակը, իր արքայազնից խորապես նեղանար, որ առանց իրեն գնացել է Պերոժ ու մենմենակ է խմել էդ, ուրեմն, հազարդոլարանոց շամպայնը:

Բայց վերադառնանք մեր բուն հեքիաթին ու բուն Վաչագանին, որպեսզի ձեզ համար վերջնականապես պարզ դառնա, որ մեր ամենահին ու ամենահրաշապատում հեքիաթներն անգամ սերտորեն կապված են երկրային էս կյանքի հետ ընդհանրապես եւ անձամբ մեր կյանքի հետ մասնավորապես, եւ Անահիտի մասով, կարծում եմ, ձեզ արդեն համոզեցի ու վստահ եմ, որ Վաչագանի եւ իր բեռնակիր ընկերների մասով է՛լ շուտով կհամոզվեք, ու էս համոզելուս նպատակն էն է, որ ինձ պես դուք էլ վերջնականապես հասկանաք ու իմացած լինեք, որ մեր ժողովրդական հեքիաթներն ու մեր նույնիսկ հրաշապատում հեքիաթները միանգամայն պայմանականորեն ու հարաբերականորեն են հեքիաթ եւ իրական կյանքի հետ ուղղակիորեն ու սերտորեն են կապված, եւ մեր հեքիաթների իրապատում ու հրաշապատում լինելն է՛լ է միանգամայն պայմանական ու հարաբերական, եւ եթե «Անահիտն» իրապատում հեքիաթ է հատկապես Մեսրոպ Վարժապետի ու հայոց գրերի ստեղծման գործընթացի մասով, ապա չափազանց հրաշապատում է է՛ն մասով, որ նախ՝ հայ կինն իր արքայազն ու թագաժառանգ ամուսնուն դեպի արհեստներ է շեղում, եւ երկրորդ՝ արքայազն ու թագաժառանգ հայ ամուսինն անսալով յուր տիկնոջ յորդորին՝ մոլեռանդորեն սկսում է արհեստ սովորել, իսկ ինչ վերաբերում է հեքիաթի ու անձամբ մեր կյանքի միջեւ կապին, անձամբ ի՛մ օրինակով կարող եմ էդ, ուրեմն, կապը ամրապնդել, քանի որ էսօր առավոտ վերընթերցելով «Անահիտն» ու հասնելով էն հատվածին, ուր Վաչագանն ու իր ընկեր բեռնակիրներն ընկնում են քրմապետի սարքած դժոխքը, ես հասկացա, որ էս հեքիաթն ամենասերտ կապի մեջ է անձամբ ի՛մ կյանքի ու ի՛մ կենսագրության հետ, եւ երբ կարդալով հասա է՛ն տեսարանին, ուր քրմապետն ու քուրմը հարցնում են Վաչագանին ու բեռնակիր ընկերներին, թե՝ որեւէ արհեստ գիտե՞ն, բոլորն էլ մի մարդու պես պատասխանում եւ ասում են՝ «այո՛, գիտե՛նք», որովհետեւ Վաչագանն իր բեռնակիր ընկերներին նախապես զգուշացրել էր՝ «եթե հարցնեն, կասեք՝ արհեստ գիտենք», եւ երբ էդ հատվածը կարդացի, անմիջապես հիշեցի Նասոսնին, Կիրովաբադցի Վալոդին, նվագախմբի մեր տղերքին ու անձամբ ինձ, որովհետեւ Կիրովաբադցի Վալոդն էլ մե՛զ էր նախապես զգուշացրել՝ «Նասոսնիում որ հարցնեն, կասեք՝ սաղս էլ մուզիկանտ ենք», ու համոզված եմ, որ էս նմանությունն անմիջապես նկատեցին նաեւ նրանք, ովքեր ժամանակին «Առավոտում» կամ գրքով կարդացել են էս վեպիս առաջին գիրքը, իսկ նրանք, ովքեր չեն կարդացել, դեռեւս կարող են մայրաքաղաքի կենտրոնական գրախանութներից առնել, կարդալ ու համոզվել, որ ո՛չ միայն հեքիաթներում կյանք կա, այլեւ երբեմն-երբեմն մեր էս կյանքի մեջ է՛լ հեքիաթային լիքը բաներ կան, եւ եթե իմը կարդալուց հետո չալարեք ու նաեւ «Անահի՛տը» վերընթերցեք, ո՛չ միայն Վաչագանի մեջ Կիրովաբադցի Վալոդին կհայտնաբերեք ու բեռնակիրների մեջ՝ նվագախմբի մեր տղերքին ու ինձ, այլեւ, ի դեմս քրմապետի ու քրմի, համապատասխանաբար գնդապետ Շկարուպետային ու փոխգնդապետ Կարավանին կհիշեք ու նկատի կունենաք:

Այսինքն, ուզում եմ ասել, որ ո՛չ միայն պատմությունը կարող է աննշան փոփոխություններով կրկնվել, այլեւ՝ հենց մարդիկ, եւ էս աննշան փոփոխություններն ու տարբերություններն էլ ընդամենը ժամանակների ու հանգամանքների փոփոխության հետեւանք են, եւ եթե Կիրովաբադցի Վալոդին ու նվագախմբի տղերքիս բախտը ժպտաց ճիշտ այնպես, ինչպես Վաչագանին, Վաղինակին ու իրենց բեռնակիր ընկերներին էր ժամանակին ժպտացել, դա ընդամենը հանգամանքների զուգադիպության հետեւանք է, եւ եթե Շկարուպետա-Կարավան ու քրմապետ-քուրմ զույգերի ճակատագրերն իրարից միանգամայն տարբեր ստացվեցին, դա եւս հանգամանքների բերումով էր, ավելի ճիշտ՝ իրավիճակի փոփոխության բերումով:

Եվ հանգամանքների բերումով, ահա, աժդահա Լիզան, որ կարող էր երբեւէ Անահիտ ու գորգագործ լինել եւ մի զարկով մի ամբողջ քրմապետ տապալել, հիմա կուչուձիգ ու խեղճացած կանգնել էր Թամրազյանենց լիֆտի դռների առաջ, ու չնայած Լիզան աժդահա ու թիկնեղ էր, բայցեւ չափազանց քնքույշ հոգի ուներ, ու ամբողջ ժամանակ ուշքումիտքն էն էր, որ քույրն իրեն է սպասում եւ իր պատճառով կարող է անհանգստանալ, իսկ որ ինքն արդեն մի քանի ժամ քրոջ պատճառով անհանգիստ ու ասեղների վրա էր՝ էդ մասին հեչ չէր էլ մտածում, ու էդ մի քանի ժամվա ընթացքում հասկացա, որ Լիզան պատկանում է մարդկանց է՛ն տեսակին, որ շրջապատին չափազանց ինքնիշխան ու ինքնասեր են ներկայանում, բայց իրականում ուրիշների՛ հոգսերն են իրենց ուսերին բարձում, ու ես դրանում վերջնականապես համոզվեցի արդեն Թամրազյանի տանը, երբ Թամրազյանը կնոջը հրամայում էր սեղան գցել ու արդեն քնած որդիներին էր հարայհրոցով արթնացնում, եւ հենց էդ ընթացքում Լիզան ու ես իրենց հյուրասենյակում մի քանի րոպե մենակ էինք, ու մեր էդ մենակ մնացած միջոցին Լիզան ինձ ժպտաց ու ասաց.

– Ուզո՞ւմ ես Թամրազյանի մոտ աշխատանքի հաշվով խոսակցություն բաց անեմ:

– Ի՞նչ աշխատանք,- ցնցվեցի ես:

– Բա չէիր ասո՞ւմ՝ աշխատանք չունես:

– Շա՛տ բան էի ասում,- անկախ ինձանից գոռացի ես:- Հանկարծ էդ թեմայով խոսակցություն չբացե՛ս:

– Որ չես ուզում՝ չեմ բացի,- հանգիստ ասաց Լիզան:

– Ուզում ես ինձ խայտառակ անե՞ս,- նորից գոռացի ես:

– Հանգստացի՛ր,- ասաց Լիզան:- Էդ թեման փակենք:

– Չըլնեմ չիմանամ՝ էդ թեմայով խոսակցություն բացես,- էլի գոռացի ես:

– Հո հոգեկան չե՞ս,- շշնջաց Լիզան:- Ասացի՝ էդ թեման փակված է:

– Քեզ շատ չկա,- ձայնս ցածրացրի ես:- Ավելի լավ ա մտածես՝ ո՞նց ես քրոջդ զանգում:

– Արդեն հազար անգամ ասացի՝ հեռախոս չունենք:

– Հարեւա՛նդ հեռախոս ունի:

– Իմ դարդը քեզ չեն տվել: Ավելի լավ է՝ դու ձերո՛նց զանգես: Որ զանգես՝ երեւի մի քիչ հանգստանաս. շատ նյարդայնացած ես:

– Լավ էլ հանգիստ էի. որ աշխատանքիս հաշվով խոսակցություն բացեցիր, դրանից նեղվեցի:

– Ղալաթ եմ արել: Ներողությո՛ւն:

– Ներողության հարց չկա: Ուղղակի՝ խնդրել չեմ սիրում:

– Դո՛ւ չէիր խնդրելու. ես էի, փաստորեն, խնդրելու: Ավելի ճիշտ՝ ո՛չ թե խնդրելու էի, այլ ընդամենը խոսակցություն էի բացելու:

– Պետք չի:

– Հասկացա: Էլ չենք շարունակում:

Խեղճ Լիզան աշխատանքիս հարցով ինձ համար ուզում էր բարեխոսել, իսկ ես իր էդ չափազանց մարդկային վերաբերմունքին ահավոր կոպիտ արձագանքեցի, ու մինչ Թամրազյանի կինը սեղանը կպատրաստեր, ես փորձում էի Լիզայի սիրտը հետ առնել, բայց Լիզայի սիրտն ահավոր էր նեղված, ու քրոջ հետ կապված իր անհանգստությանն արդեն նաեւ իմ բռի արձագանքն էր գումարվել, եւ ստացված գումարն արդեն լրիվ մթնեցրել էր Լիզայի լուսավոր դեմքն ու վճիտ հայացքը, բայց իր էդ մթամածությունն առանձնապես երկար չտեւեց, որովհետեւ քիչ անց իրար հետեւից հյուրասենյակ մտան Թամրազյանի որդիները՝ երեքն էլ գրեթե նույն տարիքի, երեքն էլ գրեթե կապուտաչ ու երեքն էլ գրեթե քնած, եւ նրանց հետեւից հաղթական հայտնվեց իսկական կապուտաչ հայր Թամրազյանը՝ արդեն լվացված, թարմացած ու տնական շորերով, եւ իր էդ թարմ ու առույգ տեսքը նշան էր, որ մեր օրը ո՛չ թե ավարտին է մոտենում, այլ՝ նոր-նոր պիտի սկսվի, ու Թամրազյանից հետո որդիներն է՛լ մեկը մյուսի հետեւից մտան լոգարան ու լվացվեցին, ու լվացվելուց հետո նրանց աչքերի կապույտն ավելի՛ ընդգծվեց, ավելի ճիշտ՝ լվացվելուց հետո նրանց աչքերն արդեն լրիվ բացվեցին, եւ աչքերի կապույտն էլ լավագույնս ի հայտ եկավ, եւ երբ սկզբում իրենք կիսափակ աչքերով հայտնվեցին ու մեզ կիսատպռատ բարեւեցին, ես հասկացա, որ իրենց համար գիշերվա մեկին հյուրեր ընդունելը սովորական բան է, եւ Թամրազյանի տիկնոջ առանց մուննաթի ու պատրաստակամ սեղան գցելն է՛լ էր ապացույց, որ էդ ընտանիքում էդ ժամին հյուրեր ունենալը ո՛չ թե անակնկալ էր, այլ, ընդհակառակը, ավանդույթ, եւ երբ որդիներն արդեն լրիվ բաց աչքերով մեզ տեսան, կարծես նույնիսկ ուրախացան, որովհետեւ իրենք Լիզային ու Լիզան իրենց փոքրուց գիտեին, ու իրենք արդեն լրիվ բաց աչքերով մեկ առ մեկ մոտեցան Լիզային ու մեկ առ մեկ թուշը պաչեցին, ու ինձ էլ երկրորդ անգամ բարեւեցին՝ արդեն ձեռքով ու լրիվ բաց աչքերով, իսկ մինչ այդ Լիզայի թուշը մայր Թամրազյանն էր պաչել, ու արդեն պարզից էլ պարզ էր, որ էդ պահին էդ տան մեջ միակ անկոչը ես էի, բայց Լիզան էդ տանն էնքան սիրելի ու ցանկալի էր, որ անկոչ լինելս առանձնապես չէի զգում, ավելի ճիշտ՝ իրե՛նք չէին թողնում, որ անկոչ լինելս զգամ, իսկ ավելի ճիշտ՝ իրենք զգում ու հասկանում էին, որ մենք է՛ն հյուրերից չենք, որ ամեն իրիկուն ու ամեն գիշեր Թամրազյանից կառչած՝ սողոսկում էին էդ հյուրընկալ օջախ, այլ, ճիշտ հակառակը, իրենք լավ էլ զգում ու հասկանում էին, որ ինքը՝ Թամրազյա՛նն է մեզ զոռով քարշ տվել իր հյուրընկալ օջախ, եւ իրենց էդ միանգամայն իրազեկությունն էր պատճառը, որ իրենք իրենցից կախված ամեն ինչ անում էին, որ մենք մեզ անկոչ չզգանք, ու էս գրություններիս թերահավատորեն վերաբերվողներին կարող եմ հարյուր տոկոսով հավաստիացնել, որ, իսկապես, հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի յոթի՝ լույս ութի էդ գիշեր Լիզան ու ես Թամրազյանի օջախում միանգամայն հաճելի ու միանգամայն ցանկալի հյուր էինք, եւ էդ գիշեր էդ հյուրընկալ օջախում միանգամայն ջերմ ու միանգամայն տրամադրող մթնոլորտ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել