Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր՝ Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա

Սեպտեմբեր 25,2006 00:00

Այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF-ի վարկածով միջին (մինչեւ 72,574 կգ) քաշային կարգում աշխարհի չեմպիոն հայաստանցի Արթուր Աբրահամը Գերմանիայի Վացլար քաղաքի «Ռիտալ Արենա» մարզասրահում չեմպիոնի իր գոտին պետք է պաշտպանի պարտադիր հավակնորդ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մարտում: Մենամարտն անչափ մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում (Արթուրը ծնվել ու մեծացել է Ներքին Չարբախում), այլեւ ամբողջ աշխարհում: Բանն այն է, որ արդեն քանի՜ ամիս մրցակիցները հեռվից հեռու ռինգում միմյանց ոչնչացնելու խոստումներ են տալիս: Հեռակա այս հակամարտությունը, ասես, վերածվել է մոլի ատելության: Եվ դրա նախաձեռնողը Միրանդան է:

Միմյանց հասցեին արված բազմաթիվ արտահայտություններից հետո բռնցքամարտիկները վերջապես միմյանց տեսել են մենամարտից երեք օր առաջ: Արտասահմանյան լրատվամիջոցները մամուլի ասուլիսին նախորդած այդ հանդիպման մասին տեղեկացնում են, որ Միրանդան Աբրահամի հանդեպ ունեցած իր վերաբերմունքը ցույց է տվել ձեռքի ափը կզակի առջեւ հորիզոնական շարժելով՝ հասկացնելով, թե նրան ի՞նչ է սպասվում ռինգում, որին հայ բռնցքամարտիկը պատասխանել է երկու ձեռքերի միջնամատը վեր բարձրացնելով: «Ես այս մարտը շահելու եմ նոկաուտով,- լրագրողներին խոստացել է հավակնորդը:- Պայքարը երկար չի տեւի: Գոտին նրա մոտ կմնա եւս երկու օր: Այնպես որ, նա լավ կանի, քանի դեռ ժամանակ կա, հիշատակի համար նկարվի»: Բնականաբար, Արթուրը հենց տեղում հակադարձել է. «Միրանդան դեռ մեծանալու շատ տեղ ունի: Տեսնենք, թե այս մեծաբերան տղան ի՞նչ կասի մարտից հետո: Նա ոչ թե բռնցքամարտիկ, այլ՝ դասատու պետք է դառնար ու դպրոցում երեխաներին հեքիաթներ պատմեր: Ափսոս, որ ինձ նրան հետագայում տեսնելու ընդամենը երեք առիթ է մնում. կշեռքի ժամանակ, անմիջապես ռինգում եւ հիվանդանոցում, ուր ես նրան կայցելեմ մարտից հետո»:

Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները նույնպես ոչ մի կասկած չունի, որ իր սանը հաղթելու է: «Միրանդան բախտ է ունեցել իր վրա չզգալ Աբրահամի հարվածների հզոր ուժը: Արթուրը նրան կոչնչացնի: Նա կհաղթի նոկաուտով»,- հայտարարել է Վեգները:

Վերջում մեկ անգամ եւս հիշեցնենք, որ թե Արթուր Աբրահամը, թե Էդիսոն Միրանդան պրոֆեսիոնալ ռինգում միայն հաղթանակներ են տոնել: Արթուրը 21 մարտից 7-ն ավարտել է նոկաուտով, իսկ Միրանդան 26 մենամարտից ժամանակից շուտ ավարտել է 23-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել