«Օրրան» եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունների հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը՝ անկախության մասին:
– Նշվեց Հայաստանի անկախության 15-ամյակը: Իբրեւ հայաստանաբնակ սփյուռքահայ, ի՞նչ զգացողություն ունեք:
– Յուրաքանչյուր հայի երազանքն է՝ Հայաստանը տեսնել անկախ: Մենք էլ դաստիարակվել ենք այդ ոգով, հուսալով, որ մի օր պիտի վերադառնանք անկախացած հայրենիք: Դեռ համալսարանական տարիներին ես ու Րաֆֆին երազում էինք ապրել Արարատի փեշերին եւ 14 երեխա ունենալ: Ապրելով հեռավոր ԱՄՆ-ում, չէինք պատկերացնում, որ իրապես պիտի տեսնեինք անկախ Հայաստանը: Հայրենիք եկանք երկրաշարժից անմիջապես հետո, հետագայում պատիվ ունենալով հաղորդակից լինել ժողովրդի ցնծությանը՝ Անկախության հռչակման առիթով: Իսկ Րաֆֆին ծառայեց որպես ՀՀ առաջին արտգործնախարար եւ ՄԱԿ-ում մեր երկրի դրոշը բարձրացրեց: Մենք երջանիկ էինք, որ մասնակցեցինք անկախության կերտմանը, կրեցինք մեր ուսերին այն դժվարությունները, ինչ բաժին էր հասել ողջ ժողովրդին, որն այդ տարիներին համախմբված էր: Տարիների ընթացքում շատ խնդիրներ լուծվեցին, հիմա ողողված ենք լույսով, ունենք հարմարավետ ծառայություններ, բայց դա էլ կարծես ունեցավ իր գինը: Չկա նախկին համախմբվածությունը, հանդուրժողականությունը, մեծացել է անջրպետը վերնախավի ու մասսաների միջեւ: Մի բան, որ բնորոշ է 3-րդ կարգի երկրներին: Ես կուզենայի տեսնել հայ երիտասարդություն, որը յուրաքանչյուր օր «սնվում» է հայրենասիրությամբ ու համամամարդկային արժեքներով: Բայց, ցավոք, ոգու սովը նոր թափ է առել մեր օրերում:
– Հաստատվելով հայրենիքում, հիմնադրել եք «Օրրան» հասարակական բարեգործական կազմակերպությունը…
– 6 տարի է Րաֆֆիի հետ հիմնել ենք «Օրրանը»: Մեծ ցավ էինք ապրում՝ Հայաստանում մուրացիկ մանուկներ տեսնելիս: Մի բան, որ պատմության դասագրքերում էինք կարդացել: Ես որպես 5 երեխաների մայր, հասկանում էի, թե ինչ է նշանակում անոթի երեխա: Դրա համար էլ ստեղծեցինք մի տաքուկ օջախ երեխաների եւ մեծահասակների համար: Հասկանում եմ, որ դրանով ահռելի գործ չեմ անում՝ օգնելով 80 մեծահասակների եւ 70 կարիքավոր երեխաների: Բայց մյուս կողմից շատ կուզենայի, որ ուրիշներն էլ մտածեին, եթե հնարավոր է՝ նման բան անել, ինչո՞ւ մենք էլ չանենք:
– Արտերկրում աստղերը, ազդեցիկ դեմքերը բարեգործական ակցիաների ժամանակ կարեւոր դերակատարություն ունեն: Երբ նշվեց «Օրրանի ամիսը», Հայաստանում ովքե՞ր արձագանքեցին:
– «Օրրանի» շուրջ համախմբված են շատ աստղեր՝ Շուշան Պետրոսյանը, Անդրեն, Քրիստինե Պեպելյանը, Արմինկան: Հունիսի 1-ին նրանք մասնակցեցին մեր փառատոնին: Ինչ վերաբերում է «Օրրանի ամսին», որ անցյալ տարվանից «փորձարկում» ենք «Մարիոթ Արմենիայում», այս տարի ավելի մեծ գումար հավաքվեց բարեգործական նպատակների ուղղելու համար: Միջոցառման «մեխը» ճաշկերույթն էր, որի ժամանակ էլ ընդունված կարգով նվիրատվություններ կատարվեցին, եւ աճուրդի հանվեցին մի խումբ արվեստագետների նվիրաբերած աշխատանքներ: Ի դեպ, զանգահարեցի ճանաչված դերասաններից մեկին՝ խնդրելով վարել այդ օրվա աճուրդը, բայց նա հրաժարվեց, պատճառաբանելով, որ նման ակցիաներն այստեղ երբեմն ճիշտ չեն ընկալվում:
– Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր երեխաների ապագան անկախ Հայաստանում:
– Շատ ուրախ եմ, որ նրանք հոգով, սրտով կապված են հայրենիքի հետ: Իմ ցանկությունն է, որ երեխաներս մեծանան որպես լավ հայ եւ աշխարհի լավ քաղաքացիներ, որպեսզի կարողանան կրել հայրենիքի բոլոր ցավերն ու բերկրանքներն իրենց սրտում: Շատ եմ ուզում, որ ստեղծենք ամուր, հզոր եւ ապահով հայրենիք, որը հպարտ լինենք ժառանգելու գալիք սերունդներին: