«Արդեն 15 տարի անկախ պետություն ենք, բայց մեր նմաններին ուշադրություն չեն դարձնում, մեզ գնահատում են մի կգ չամիչ տալով»,- ասում է ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը:
Արսեն Ավետիսյանը 44 տարեկան է, եւ 14 տարի է, ինչ առաջին կարգի հաշմանդամ է: Կարողանում է քայլել միայն հենակների օգնությամբ: Նա իր ընտանիքով ապրում է Շենգավիթ համայնքի Արագածի 93ա հասցեում գտնվող հանրակացարանային շենքի 18 բնակարանում: Երեք անձից բաղկացած ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է: Ազատամարտիկի խոսքերով՝ պետությունը նրանց սատարում է ամիսն ընդամենը 35 հազար դրամ թոշակ տրամադրելով, տարին մեկ անգամ էլ պաշտպանության նախարարությունն է 30 հազար դրամ տալիս: «Սակայն այս փոքր գումարով մենք չենք կարողանում գոնե փոքր-ինչ լավ ապրել: Ստիպված կինս ուրիշների համար գորգ է լվանում, որպեսզի սովից չմեռնենք, արդեն 10 օր է, ինչ հեռախոսի վարձը չտալու պատճառով այն անջատել են, շուտով լույսն էլ կանջատեն, քանի որ չենք կարող գոյացած գումարը վճարել: Մեկ աղջիկ ունեմ, արդեն դպրոցից 12 հազար դրամ են ուզել տետրի, վարագույրի համար, չգիտեմ, թե որտեղից եմ տալու, մինչդեռ փող չունեմ, որ բինտ գնեմ՝ հաճախ բորբոքվող վերքս կապելու համար»,- պատմում է ազատամարտիկը:
Ազատամարտիկի բնակարանը կիսախարխուլ ու ավերված վիճակում է, ապրում են բետոնի վրա, նորմալ զուգարան չկա, պատերը գաջած չեն, որը նպաստում է պատերի շարժվելուն ու քանդվելուն, անգամ լուսամուտներն ապակեպատ չեն, շորերով են ծածկված, տան մեջ եղած իրերն էլ հարեւաններն ու բարեկամներն են տվել՝ «Անկախություն ենք տոնում, բայց մեր ղեկավարները մեզ ոչնչով չեն օգնում: Եթե ուզեն, 10-20 պարկ ավազ ու գաջ կտան, որ ազատվեմ այս ահավոր պատերից, գոնե մարդավայել կապրեմ»,- տարակուսած շարունակում է նա:
Այսուհանդերձ, ազատամարտիկի ներկայացմամբ՝ իր ընտանիքն այսպիսի անելանելի վիճակում է հայտնվել, քանի որ անկախ հայրենիքի պաշտպանությանը նվիրվելը իր պարտքն է եղել ու կյանքի անցած ուղին բացառապես տվել է Արցախի պաշտպանությանը: Նրա ներկայացմամբ՝ 1988թ. Օրենբուրգից վերադարձել է հայրենիք՝ երկրաշարժից տուժած մարդկանց օգնելու նպատակով: Երբ սկիզբ առավ ազատագրական շարժումը, Արսենի խոսքերով՝ «Մեր շրջանի տղաների հետ կազմեցինք 17 մարդուց կազմված ջոկատ եւ մասնակցում էինք ցույցերին, զենք էինք ուզում, որ գնանք Ղարաբաղը պաշտպանելու»: Տակավին 1989թ. ընդգրկվում է ՀԱԲ-ի՝ Հայոց ազգային բանակի շարքերը, ծանոթանում է Մովսես Գորգիսյանի եւ Աշոտ Նավասարդյանի հետ, դառնում ԱԻՄ-ական: 1989թ. ձմռանից մասնակցել է Երասխի մարտերին, կռվել 3 տարի: 1992թ. հունիս ամսին, երբ պետք է հսկեին Ղոչազ գյուղը, ազերիների կողմից անակնկալ շրջափակման մեջ են ընկնում, պայքարում շուրջ 6 ժամ, գնդից փրկվում է միայն 3 մարդ, որից մեկը Արսենն է լինում:
Վիրավոր տեղափոխվելով Երեւան՝ մինչ օրս նա 8 անգամ վիրահատվել է, որպեսզի կարողանա քայլել, սակայն անօգուտ՝ «Բժիշկներն ասում են, որ պետք է գնամ բուժվեմ արտասահմանում, որը շատ թանկ հաճույք է, եւ ես գումար չունեմ: Եթե չգնամ՝ ոտքս պետք է կտրեն»:
Ներկայումս Արսենն անդամակցում է «Երկրապահին» ու Ազատամարտի վետերանների միությանը: «Միայն «Երկրապահն» է երբեմն 3-5 հազար դրամով օգնում, իսկ ԱՎՄ-ին ոչ տեսնում եմ, ոչ էլ գիտեմ, թե ուր են նստում, ինձ երբեք այս վիճակից դուրս գալու համար նրանք չեն օգնել»,- իր շահերը պաշտպանող կազմակերպությունների վերաբերմունքից դժգոհեց ազատամարտիկը:
Ի դեպ, ազատամարտիկի անկողնու գլխավերեւում փակցված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի նկարը, որը, ըստ նրա, իրեն ապրելու ուժ ու եռանդ է տալիս՝ «Եթե նա կենդանի լիներ, իմ վիճակն էլ, ժողովրդի վիճակն էլ այլ կլիներ»:
Հ. Գ. Երեկ հետեւելով անկախության զորահանդեսին, ազատամարտիկը մի ցանկություն էլ հայտնեց. «Կուզեի, որ իմ տան հեռուստացույցն էլ ժամանակակից պուլտով լիներ, ինչպես բոլորինը»: