Երկու փառատոների գլխավոր պրոդյուսեր, «ALFAEL» կենտրոնի ղեկավար Լեւոն Աբրահամյանը բացում է փակագծերը:
Հոկտեմբերի 4-14-ը Հայ դերասանների միությունը, «ALFAEL» պրոդյուսերական կենտրոնը եւ Կովկասյան ծրագրերի բյուրոն 4-րդ անգամ կանցկացնեն «Հայֆեստ» միջազգային թատերական փատատոնը, որին կմասնակցի 250 մասնակից շուրջ 30 երկրից: Այս փառատոնին, որի բյուջեն երբեք չի հրապարակվում, մշտապես աջակցում են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մշակույթի հարափոփոխ նախարարները անգամ չեն բարեհաճում բացմանը ներկա գտնվել: Գալիք փառատոնի մասին զրուցեցինք վերջինիս գլխավոր պրոդյուսեր Լեւոն Աբրահամյանի հետ:
– «Հայֆեստն» արդեն ճանաչվել է որպես կովկասյան տարածաշրջանի ամենամեծ փառատոն, տարեցտարի ավելանում են հյուրերն ու մասնակիցները: Ինչպե՞ս եք կարողանում հսկայական ծախսերի տակից դուրս գալ:
– Գնալով «Հայֆեստին» մասնակցել ցանկացողների թիվն աճում է, սակայն շատերին ստիպված ենք մերժել, որովհետեւ բավականաչափ փող չունենք: Զարմանալի է, որ դրսում մեզ ավելի շատ են ճանաչում ու ընդունում, քան Հայաստանում: Ամեն տարի մեր հյուրն են լինում հայտնի փառատոների նախագահներ ու ճանաչված թատրոններ: Արդեն քանի տարի է՝ Հայաստան է ժամանում նաեւ Բեռնար դ՛ Արսիեն՝ աշխարհում իր մեծությամբ երկրորդ՝ «Ավինյոնի» փառատոնի նախագահը: Մարդ, որին բոլորը երազում են տեսնել իրենց երկրում, իսկ մեզ հետ նա ընկերացել է, հարկ եղած դեպքում կարող ենք դիմել ցանկացած հարցով: Եվ եթե, օրինակ, Արտաշատի թատրոնի ղեկավարը «Հայֆեստ» ակումբում կարող է նրա հետ գարեջուր խմել ու զրուցել, կարծում եմ, դա էլ քիչ բան չէ: Նմանատիպ բոլոր փառատոների կողքին սովորաբար կանգնած է լինում երկիրը, մեր պարագայում այդպես չէ: ՀՀ մշակույթի նախարարությունը կողքից նայողի դերում է: Ճիշտ է, պաշտպանության նախարարն ու վարչապետն այսօր անձնապես օգնում են, բայց կարող է վաղը ուրիշը լինել վարչապետ կամ պաշտպանության նախարար եւ չօգնել, ի վերջո՝ դա նրանց խնդիրը չէ:
Ամեն տարի մշակույթի նախարարությունում ասում են, թե լավ են տրամադրված մեր փառատոնի հանդեպ, բայց փող չունեն: Մինչդեռ փառատոներ կան, որ 40-50 մլն են հատկացնում (նկատի ունի «Ոսկե ծիրանը», «Արամ Խաչատրյան» մրցույթը): Այս անգամ էլ խոստացել են, որ իբր 2007-ին 2 մլն դրամ կհատկացնեն: Հետաքրքիր է ինչո՞ւ հենց 2 մլն եւ ոչ թե ասենք՝ 1 մլն 464 կամ 7 մլն 621 հազար: Ինչո՞վ են առաջնորդվում գումարի չափը որոշելիս: Ի դեպ, նախորդ տարի էլ խոստացան 1 մլն դրամ, մեկ տարի տարան-բերեցին, էդպես էլ չտվին: Արդեն հոգնել ենք էդ թեմայով իրենց հետ խոսել: Փող չեն տալիս, գոնե էժան գներով դահլիճ տրամադրեն, հոգեպես մեր կողքին լինեն, մի քիչ չարչարվեն:
Մշակույթի նախարարներից միայն Թամար Պողոսյանն է մեզ աջակցել մոտ 2 մլն դրամով: Ասում էին մշակույթից հեռու է, բա ո՞նց հոտառությամբ զգաց, որ պետքական փառատոն է ու օգնեց:
– Դուք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ «Հայֆեստ» փառատոների գլխավոր պրոդյուսերն եք: Ինչո՞ւ մի դեպքում ձեզ քննադատում են, իսկ երկրորդ փառատոնի մասին դրական են արտահայտվում:
– Ես «Մեկ ազգ, մեկ մշակույթի» 1/5-րդ մասն եմ միայն: Այդտեղ ինձ տվել էին որոշակի գումար ու ասել, որ տեղավորվեմ դրա մեջ: Այնպես որ, «Մեկ ազգում» ես ընդամենը կատարող եմ: Որպես «ALFAEL»-ի ղեկավար, ինչքան աստղ բերել եմ, ոչ մի անգամ «պրավալ» կամ քցոցի չի եղել, որովհետեւ պատասխանատուն ես էի: Բայց եթե «Մեկ ազգի» ժամանակ ինձ ասվում է կիլոմետրը 350 դրամով ավտոբուս գտիր, ես ո՞նց «Մերսեդես» գտնեմ, այդ դեպքում ճարում եմ «Իկարուս», որը բնականաբար վատն է: Կամ եթե որոշված է փառատոնի մասնակիցներից մի մասին չկերակրել, հետո որոշվում է՝ կերակրել ու գումար չի տրամադրվում, Լյովան ինչո՞վ է մեղավոր:
– Ի՞նչ չափանիշներով են ընտրվում «Հայֆեստ» փառատոնի մասնակիցները:
– Եթե առաջին տարին բոլորին ընդունում էինք, այսօր մերժում ենք 80%-ին՝ վերը նշված պատճառով: Շատերն իրենք են գումար հայթայթում, որ գան մեր փառատոնին ու ծանոթանան աշխարհահռչակ դեմքերի, օրինակ՝ «Ոսկե դիմակի» հիմնադիր Էդուարդ Բայկովի հետ: Մոսկվայի ռուսական թատրոնը Էդիկ Բայկովին տեսնելու համար կյանքի կեսը ծախսում է, էլի չի ստացվում: Պատահում է, որ ոմանք մեզ խնդրում են իրենց երկրների մշակույթի նախարարություններին նամակ գրել: Գրում ենք, իրենց փող են տալիս: Փաստորեն, մեզ աջակցում են այլ երկրների մշակույթի նախարարություններ եւ ոչ թե մերը: Իսկ ընդհանրապես ընտրություն կատարելիս ճանաչված թատրոններին ու բարձրարվեստ ներկայացումներին ենք նախապատվությունը տալիս, մեկ էլ կոլեկտիվի փոքրաթիվությանը: Ի դեպ, այս տարի «Հայֆեստը» կբացվի մեզ համար հրատապ խնդիր հանդիսացող՝ «Պիես փողի մասին» ներկայացմամբ, որը կխաղան Էդուարդ Բայկովի հիմնած «Պրակտիկա» թատրոնի դերասանները: