Երեկ ՀՀ իշխանություններին համակրող մի խումբ ճանաչված մտավորականներ հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Արդեն տեւական ժամանակ որոշակի քաղաքական շրջանակների ջանքերով ստեղծված եւ նրանց խոսափողի դերը ստանձնած «Մտավորականների ֆորում» կոչվող անհասկանալի կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում հանդես գալ ՀՀ արտաքին եւ ներքին խնդիրների շուրջ քաղաքական հայտարարություններով։
«Մտավորականների ֆորումի» քաղաքական շարժիչը հանդիսացող կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող գործակալները, թաքնվելով մեր կողմից հարգելի եւ որոշակի վաստակ ունեցող մտավորական մի քանի գործիչների անվան եւ հեղինակության հետեւում, փորձում են իրենց ազգադավ հայտարարությունները ներկայացնել իբրեւ մտավորականության տեսակետ։ Այդ գործիչներն այնքան հեռու են գնացել, որ մտավորականության անունից հայտարարում են, թե «երկիրը վերածվել է միջազգային կրիմինալի հենակետի»։ Զերծ մնալով ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչների վերաբերյալ նրանց հնչեցրած կարծիքները գնահատելուց՝ մենք չենք կարող անպատասխան թողնել մեր հայրենիքի հեղինակությանն ուղղված հարվածները։ Իսկ ֆորումականների վերոնշյալ հայտարարությանն այլ կերպ, քան մեր երկրի պետականությունը խարխլելու փորձ, գնահատել հնարավոր չէ։ Ինքնին հասկանալի է, որ օտար տերությունների հատուկ կառույցներում իրենց կենսագրությունը կերտած գործակալները մեր անկախ հայրենիքը ցանկանում են վերածել այն ուժերի հենակետին, որոնց ծառայում են, սակայն վստահեցնում ենք, որ նրանց բոլոր ջանքերն ապարդյուն են, քանզի 15-ամյա մեր պետականության հիմքերը շատ ավելի ամուր են, քան նրանք ու նրանց տերերը կուզենային։ Մենք՝ ներքոստորագրյալ մտավորականներս, դիմում ենք «Մտավորականների ֆորումի» քաղաքական տերերին. մի՛ շահարկեք մտավորականության անունը, քանզի մտավորականությունն ազգի խիղճն է, որը, փառք Աստծո, մեռած չէ։ Այնպես որ, պարոնայք, մտավորականության անունից խոսել, առավել եւս՝ հայտարարություններ անել, կարող են միայն մտավորականները»։
Հ. Գ. Հիշեցնենք, որ «Մտավորականների ֆորումի» մեջ մտնում են ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, դիրիժոր Օհան Դուրյանը, դերասան Երվանդ Մանարյանը, բանասեր Խորեն Պալյանը: