Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՈՒՄ ԵՆ՝ «ՅԱՊՈՆՉԻԿԸ» ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Սեպտեմբեր 25,2006 00:00

\"\"Նրա այցը նախատեսվածից շատ է տեւում

«Առավոտի» տեղեկություններով, դեռեւս Հայաստանում է գտնվում հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Վյաչեսլավ Կիրիլի Իվանկովը՝ «Յապոնչիկ»: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, վերջինս Հայաստանում է գտնվում արդեն ավելի քան մեկ-երկու շաբաթ ու դեռ մի քանի օր էլ մնալու է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, բազմազբաղ «Յապոնչիկի» այցը Հայաստան երկարաձգվել է որոշ չնախատեսված հանգամանքներով: Բանն այն է, որ ինչպես արդեն գրվել էր մամուլում, նրա այցի նպատակը, գոնե մեր ունեցած տեղեկություններով, պայմանավորված է եղել հանցագործ աշխարհում հայտնի երեք հայերի սպանության կամ մահվան փաստով: Դրանց թվում նախեւառաջ նշվում են Մուշեղ Ազատյանի՝ «Լենինգրադցի Միշայի», գյումրեցի «Բենոյի»՝ Բենիամին Խաչատրյանի, ապա նաեւ «Հայ Հույի»՝ Ալեքսանդր Գիվոեւի անունները: Թե ինչով է պայմանավորված այդ հետաքրքրությունը հիշյալ անձանց նկատմամբ՝ որոշակիորեն հայտնի է: Հիշեցնենք, որ Մ. Ազատյանը խորհրդավոր ու դեռեւս անհայտ պայմաններում սպանվել էր Երեւանում՝ 2003թ. հունիսին: Նրա սպանությունը մինչ օրս մնում է չբացահայտված: Վ. Իվանկովը, մեր տեղեկություններով, Մ. Ազատյանի երեխաների կնքահայրն է:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունում թվով 582 «օրենքով գողերի» ցանկում թիվ 135-րդը եղել է նաեւ Ալ. Գիվոեւը, ով համարվել է վրացական հանցագործ խմբավորումների կազմակերպության անդամ եւ ռուսական իրավապահների համար իրենից հատուկ օպերատիվ հետաքրքրություն է ներկայացրել: Ասել է թե՝ Գիվոեւն էլ պատահական մարդ չէր քրեական աշխարհի համար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԱՊՀ տարածքում գործող հանցագործ խմբավորումների առաջնորդներին ու «ավտարիտետներին» մտահոգել է իրենց հայ «գործընկերների» սպանությունն ու դրանց շարժառիթը, նաեւ դրանց չբացահայտված լինելու փաստը: Ասում են, որ Վ. Իվանկով-«Յապոնչիկը» Հայաստանում է եղել հենց այդ նպատակով՝ հասկանալու համար, թե ո՞վ եւ ինչո՞ւ է սպանել մասնավորապես Մ. Ազատյանին ու Ալ. Գիվոեւին: Ինչ վերաբերում է Բենիամին Խաչատրյանին, ապա նրա անունն այդ ցանկում հիշատակելը ավելի քան խորհրդավոր է թվում, որովհետեւ հայ հանրությանը հայտնի է, որ նա ոչ թե սպանվել է, այլ զոհվել է «Արմավիայի» Ա-320 կործանված ինքնաթիռում: «Բենոյի» անվան հիշատակումը «Յապոնչիկին» հետաքրքրող հարցերի շրջանակում ենթադրում է, որ վերջինիս համար միանշանակ չի թվում ինքնաթիռի կործանման պաշտոնական վարկածը: Մամուլում արդեն գրվել է, որ քրեական աշխարհում մասնավորապես Մ. Ազատյանի սպանությունն անգամ քննարկումների ու պարզաբանումների առիթ է տվել, եւ որ այդ «ռազբիրատները» հետաձգելու համար հսկայական գումար է վճարվել: Մեր տեղեկություններով, այդ գործարքը գլուխ բերելու համար միջնորդել է Մոսկվայում բիզնես ունեցող հայաստանցի գործարար պատգամավորներից մեկը:

Մեր աղբյուրների ասելով, Վ. Իվանկովը իր բարձրացրած հարցերի շուրջ սպառիչ պատասխան այդպես էլ չի ստացել, որովհետեւ այդ սպանությանն ուղղակիորեն առնչվողները, որոնք նաեւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ են, փորձում են էլի երկարաձգել հատուցման պահը եւ պատճառ են բերել Հայաստանի խառը վիճակը՝ կապված անկախության տարեդարձի հետ: Նույն աղբյուրների ասելով էլ, «Յապոնչիկը» հայտարարել է, որ եթե դա է խնդիրը, ինքը կհարգի ու էլի մի-երկու օր կսպասի՝ դրանից հետո ակնկալելով իր հարցադրումների լիարժեք պատասխան: Թե որքանով ակնկալվող պատասխանները կփարատեն «Յապոնչիկի» մտահոգությունները՝ իհարկե, դեռ պարզ չէ: Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, թե Վ. Իվանկովը Հայաստանում ձեռքի հետ նաեւ իր բիզնեսի հարցերն է փորձում լուծել. նա մտադիր է ներդրումներ անել շինարարության ոլորտում, եթե, իհարկե, ՀՀ-ում բավարարեն իր պայմանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել