Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 22,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնյոթերորդ

ԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

– Շատերն են հպարտանում, որ Շերենցն իրանց ընկերն ա,- ասացի ես:

– Շատերը՝ ո՞վ,- հացրեց Լիզան:

– Օրինակ, Լեւոն Ներսիսյանը:

– Ես իրեն շատ լավ եմ ճանաչում, բայց էդ ասածդ չեմ զգացել:

– Չես զգացե՞լ, որ ինքը շատ հպարտ մարդ ա:

– Ասենք թե զգացել եմ՝ հետո՞:

– Բա հեչ քեզ հարց չես տվե՞լ՝ ինչի ա ինքն էդքան հպարտ:

– Ինչո՞ւ է հպարտ. քե՛զ եմ հարց տալիս:

– Որովհետեւ Շերենցն իրա է՛լ ընկերն ա:

– Ընկերներիդ հույսին որ մնայինք, երեւի ամբողջ կյանքում չիմանայի՝ ռեստորանն ինչ բան է:

– Չկա չարիք՝ առանց բարիք: Դժգո՞հ ես, որ քո՛ ընկերոջ շնորհիվ ռեստորան էկանք:

– Թամրազյանն ընկերս չի. դասախոսս է:

– Դասախոսդ ա, բայց իրան ընկերոջ պես ա պահում, դրա համար էլ մենք մեզ էսքան ազատ ենք զգում:

– Լեւոն Ներսիսյանի հետ է՛լ մեզ ազատ կզգայինք:

– Հաստատ չես կարա ասես: Ինքը պիտի խոսար՝ մենք էլ պիտի բերաններս բաց լսեինք: Ինչքան չըլնի՝ դասախոս մարդ ա:

– Թամրազյանը դասախոս չի՞:

– Թամրազյանն է՛լ ա դասախոս, բայց զբաղված ա:

– Ինչո՞վ է զբաղված:

– Նորայի հետ պարելով ու Նորոյին շաբաշ տալով:

– Լեւոն Ներսիսյանն է՛լ կպարեր:

– Ո՛չ կպարեր, ո՛չ էլ շաբաշ կտար:

– Դրանով ի՞նչ ես ուզում ասել:

– Ուզում եմ ասեմ՝ էղա՛ծ տեղից պիտի տար. Մոռանում ես, որ Թամրազյանի ձեռն էսօր ավելորդ փող ա ընկել: Համ էլ՝ Լեւոն Ներսիսյանը դժվար թե Նորայի հետ պարեր:

– Նորայի հետ միգուցե չպարեր, բայց ինձ հետ հաստատ կպարեր:

– Որ ինքը քո հետ պարեր՝ ես ինձ ազատ չէի զգա:

– Այսինքն:

– Այսինքն, կեցցե՜ ազատությունը:

– Եթե ձերոնց հետ ռեստորան գայինք, քեզ շատ ավելի ազատ կզգայիր:

– Ես հիմա է՛լ եմ ինձ ազատ զգում:

– Ուրեմն, շուտ մերվող ես:

– Ընդհակառակը. անծանոթների հետ շատ դժվար եմ մերվում:

– Բա մեզ հետ ո՞նց մերվեցիր:

– Ես ու դու շա՜տ հին ծանոթներ ենք:

– Թամրազյանին ու Նորային ընդհա՛նրապես ծանոթ չես:

– Ծանոթ չեմ, բայց իրանց հետ ինձ շատ լավ եմ զգում:

– Ինչի՞ց է, որ լավ ես զգում:

– Չգիտեմ: Երեւի նրանից ա, որ բնական մարդիկ են: Համ էլ՝ իրանք իրանց համար պարում են. ոչ մեկիս չեն խանգարում:

– Մենք էլ մե՛զ համար ենք պարում:

– Ոչ իրանք են մեզ ինչ-որ բան պարտադրում, ոչ էլ մենք՝ իրանց:

– Մեզ չեն պարտադրում, բայց Նորայրին պարտադրում են:

– Ի՞նչ են պարտադրում:

– Պարտադրում են, որ նույն երգը հազարերորդ անգամ երգի:

– Պարտադրելն էն կըլներ, որ ձրի՛ երգել տային,- ասացի ես.- ինքը շատ էլ գոհ ա ու հաճույքով էլ երգում ա:

– Բայց խիղճն է՛լ լավ բան է,- հոգոց հանեց Լիզան.- արդեն զահլեքս գնաց իր էդ «Երեքնուկից»:

– Իմ զահլեն հեչ էլ չի գնացել:

– Չհոգնեցի՞ր էս երգից:

– Ես էդ երգը չեմ լսում, որ հոգնեմ կամ չհոգնեմ:

– Բա ի՞նչ ես լսում:

– Քեզ եմ լսում: Դու որ խոսում ես, էդ երգն ու ամեն ինչ մոռանում եմ:

– Հիմա իր էս աղաղակը վրադ չի՞ ազդում:

– Ի՞նչ աղաղակ: Խեղճ տղի ձենն արդեն լրիվ կտրվել ա:

– Ավելի վատ՝ ի՛ր համար: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Արդեն մեր խոսակցությունն էլ է ձանձրալի դառնում, որովհետեւ չափից ավելի ձգձգվեց:

– Չեմ զգացել:

– Որովհետեւ անզգա ես,- ուսերս մատներով սեղմելով՝ ծիծաղեց Լիզան:- Դու քիչ առաջ չէիր ասո՞ւմ, որ շատախոսությունն անկեղծության թշնամին է:

– Շատ ե՞նք խոսել:

– Արդեն տասը ժամից ավելի է՝ խոսում ենք,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:- Ընդ որում՝ նույն բաներն ենք ասում ու կրկնում:

– Կրկնությունը գիտության մայրն է,- ասացի ես:

– Բառերը որ շատ են կրկնվում՝ մի տեսակ մաշվում են,- ասաց Լիզան:- Մտքերն էլ են կրկնվելուց մաշվում:

– Էդ բաների մասին հեչ չեմ մտածել:

– Ո՞նց չես մտածել,- զարմացավ Լիզան:- Ես հենց քո՛ ասածն եմ կրկնում:

– Այսինքն, ինձանից ցիտատ ե՞ս բերում:

– Գոհ չե՞ս, որ քեզ ցիտում եմ:

– Ամեն ինչից էլ գոհ եմ: Մի բան էլ ասե՞մ:

– Ասա:

– Որ մարդ կյանքից ու ամեն ինչից գոհ ա ըլնում, ոչ իրա՛ շատախոսությունն ա զգում, ո՛չ էլ՝ դիմացինինը:

– Այսօր իսկապե՛ս շատ խոսացինք:

– Գոհ չե՞ս, որ շատ խոսեցինք:

– Ոչ մի բանից էլ գոհ չեմ: Մարդ որ կյանքից ու ամեն ինչից դժգոհ է լինում, ե՛ւ իր շատախոսությունն է զգում, ե՛ւ դիմացինինը:

Ես էն ժամանակվա մեր էս խոսակցությունը հիշելով ու գրի առնելով՝ վերստին եմ հասկանում, որ մեր մեջ, այնուամենայնիվ, կյանքից ու ամեն ինչից դժգոհ մարդիկ քիչ չեն, ու դժգոհներ շատ են պատահում հատկապես ընթերցողների մեջ, էնպես որ՝ եթե ձեզանից ոմանց վրա էս շատախոսությունս արդեն չափազանց է ազդում, մի կերպ փորձեք ներել ինձ, եւ համոզված եմ՝ դա անպայման կհաջողվի ձեզ, ավելի ճիշտ՝ եթե շատ ցանկանաք, էդ դեպքում հեշտությամբ կհաջողացնեք ներել ինձ, ընդ որում՝ ո՛չ միայն շատ, այլեւ՝ սրտա՛նց պիտի ցանկանաք, իսկ ավելի ճիշտ՝ դուք առաջին հերթին պիտի փորձեք ներել կյանքից ու ամեն ինչից գոհ լինելս, որովհետեւ շատ է պատահել, երբ մարդիկ հատկապես է՛ս տարօրինակ հատկությունս չեն հանդուրժել եւ չեն ներել, ու չեն ներել հատկապես ու առանձնապես նրանք, ումից հատկապես ու առանձնապես եմ ներում ակնկալել, ու գոհ լինելս չեն հանդուրժել ու չեն ներել հատկապես ու առանձնապես նրանք, ովքեր էս կյանքից ու ամեն ինչից գոհ լինելու լիքը հիմքեր ու պատճառներ ունեն, այսինքն՝ սոցիալական զամբյուղի ու մի շարք այլեւայլ իմաստներով ինձանից հարյուրապատիկ ու հազարապատիկ բարվոք վիճակներում են, բայց, այդուհանդերձ, կյանքից ու ամեն ինչից գոհ լինելս իրենց ջղերի վրա ուղղակի ու շեշտակի է ազդում, չնայած իրենց դժգոհության բուն պատճառն, այնուամենայնիվ, այն է, որ ես մշտապես դժգոհությունս ու փնթփնթոցս ներս եմ գցում ու ներսերիցս հանում եմ երբեմն նույնիսկ գոյություն չունեցող գոհությունս եւ ուրախությունս, որովհետեւ էն մարդկանցից չեմ, ովքեր իրենց տրտունջքը փաթաթում են խալխի վզին, ու շատ հաճախ հարազատներս է՛լ են դժգոհում, որ շարունակաբար ուրախ ու մեր էս վիճակից շարունակաբար գոհ եմ, այսինքն, գոհությունիցս հավասարապես դժգոհ են ե՛ւ ուզողներս, ե՛ւ չուզողներս, եւ եթե ուզողներիս ու չուզողներիս տեսադաշտից առժամանակ չքվում ու բացակայում եմ, ուզողներս ու չուզողներս միահամուռ կարծում են, թե էդ բացակայությանս ժամանակամիջոցում է՛լ եմ կյանքից ու ամեն ինչից գոհ, ու ես էս առումով ամենադժբախտ մարդկանցից մեկն եմ, որովհետեւ ուզողներիցս ու չուզողներիցս փախչելու որեւէ տեղ չունեմ, այսինքն՝ մի տեղ չկա, որ ես է՛լ առանձնանամ ու բոլորից թաքուն մարդավարի տառապեմ ու մարդավարի տխրեմ, եւ երբ ուզողներիցս ու չուզողներիցս փախչում ու թաքնվում եմ բուքմեյքերական տարածքներում, մեկ էլ հանկարծակի ու հուսահատորեն հայտնաբերում եմ, որ էստեղ էլ նույն ուզողներս ու նույն չուզողներս են, այսինքն, հիմի էլ սրա՛նց տեսնելով ու հիմի էլ սրա՛նց հանդիպելով՝ վերստին զվարթանում եմ, ու էլի տրամադրությունս փերթ-փերթ բացվում է, ու հիմի էլ սրա՛նք են սկսում նեղսրտել ու սրտնեղել տրամադրությանս բարձրությունից, ու եթե բան է՝ Ռոնալդոն կամ Ռոնալդինյոն գոլ են խփում, էստեղի ուզողներս ու չուզողներս դեմքիս պայծառությունից վստահաբար ենթադրում են, թե վերստին շատ հաջող խաղադրույք եմ դրել «Ռեալի» կամ «Բարսելոնայի» վրա, եւ, ճիշտն ասած, էդպես կարծելու որոշակի հիմքեր ունենում է՛լ են, քանի որ՝ սովորաբար նախապես սրան-նրան հաշվետվություն չեմ տալիս դրածս խաղադրույքների վերաբերյալ, մանավանդ որ՝ վերջերս դեպքից դեպք եմ բախտս էդ ասպարեզում փորձում, իսկ սիրածս թիմերի ու սիրածս ֆուտբոլիստների վրա խաղադրույք կատարելը վերջնականապես եմ սկզբունքներիցս դուրս մղել, որովհետեւ, եթե սիրածդ թիմի ու սիրածդ ֆուտբոլիստի վրա խաղադրույք ես դնում, պարտվելու դեպքում, փաստորեն, կրկնակի ես տանուլ տալիս ու տուժում, այսինքն՝ ե՛ւ հոգեպես ես տուժում, ե՛ւ նյութապես, իսկ երբ սիրածդ թիմն ու սիրածդ ֆուտբոլիստը հաղթում են, ու դու էլ նյութապես շահում ես, հոգեկան ցնծությունն առանձնապես չի ստացվում հատկապես ի՛մ դեպքում, որովհետեւ, ինչպես տարիների ընթացքում պարզ դարձավ, վճարովի ուրախությունն ու վճարովի ցնծությունն իմ հոգում չափազանց կարճ կյանք են ունենում, ու էս առումով ինձ մշտապես զարմացրել ու շարունակում է զարմացնել հոգեւոր դասի՝ առ Աստված մշտական ցնծությունը, եւ եթե մենք՝ անհավատ մահկանացուներս շատ ժամանակ Աստծուն պանծացնում ու Աստծով փառավորվում ենք, դա ինձ համար միանգամայն պատկերացնելի ու տրամաբանական է, քանի որ մենք՝ աշխարհիկներս, ի տարբերություն հոգեւոր դասի, մեր պանծացնելու ու մեր փառավորվելու համար ո՛չ աշխատավարձ ենք ստանում եւ ոչ էլ՝ որեւէ նյութական խրախուսանք, եւ եթե առանձնապես խորը հավատացյալ չես, նույնիսկ դրախտի հանգամանքն է՛լ քեզ առանձնապես շահագրգռել չի կարող, այսինքն, այնուամենայնիվ, անշահախնդիր աստվածապաշտության մենաշնորհը վերջնականապես աշխարհիկներիս է պատկանում, ու ինչքան էլ էս ասածս անհեթեթություն լինի, որեւէ մեկդ հակառակն ապացուցել չի կարող, եւ եթե ասածս իսկապես տարօրինակ ու անհեթեթ է, դա դեռ չի նշանակում, թե՝ ասածս սխալ ու սուտ է, եւ ոչ ոք չի կարող պնդել, թե՝ ճշմարտությունն անպայման պիտի սովորական լինի եւ ոչ թե՝ տարօրինակ ու անհեթեթ, որովհետեւ չափազանց տարօրինակ ու չափազանց անհեթեթ է նաեւ է՛ն ճշմարտությունը, որ ես ինձ հոգեհարազատ մարդկանց վրա ստավկա չեմ դնում ո՛չ միայն բուքմեյքերական տարածքներում, այլեւ՝ բուն կյանքում, եւ վերստին՝ հենց նույն պատճառով, որպեսզի հանկարծ չլինի թե՝ կրկնակի հիասթափվեմ ու հուսահատվեմ, ու էս ասածս առանձնապես օրինաչափության վերածվեց հատկապես իմ պարագայում, ու էս ամենավերջին ու ամենադժվարին տարիներն ինձ վերջնականապես վստահեցրին, որ օժանդակություն ու օգնություն ավելի հաճախ ստանում ես էն մարդկանցից, ում վրա ո՛չ միայն ստավկա չես արել, այլեւ մտքովդ անգամ չես անցկացրել ստավկա անել, ու էս ասածս վերստին ու բացառապես մահկանացուներին է վերաբերում, իսկ ինչ վերաբերում է Բարձրյալին, իր վրա մշտապես եմ ստավկա արել, ու չնայած բնույթովս առանձնապես խնդրող չեմ, Իրենից մշտապես եմ մտքովս անցածը խնդրել, ու ստացածիս համար մշտապես ու առանձնապես եմ գոհ, որովհետեւ կարող էր եւ իրավունք ուներ ընդհանրապես որեւէ էական բան չտալ ինձ ու ինձնմաններին, ովքեր շարունակաբար մոռանում ու հետեւողականորեն չեն հիշում, որ Բարձրյալից շարունակաբար ստացել եւ շարունակում են լիուլի ստանալ է՛ն ամենամեծն ու ամենաէականը, ինչը համեստորեն ու պայմանականորեն անվանում ենք կյանք:

Այսուհանդերձ, ես հիմնականում ու ընդհանուր առմամբ գոհ եմ կյանքից ու ամեն ինչից՝ մանավանդ է՛ն մահկանացուների համեմատությամբ, ովքեր ո՛չ միայն շարունակաբար դժգոհ են էդ ամենամեծ ու ամենաէական պարգեւից, այլեւ շարունակաբար դժգոհ են մյուսներիս գոհությունից, ու էդ հավերժական դժգոհների մեջ քիչ չեն էնպիսիք, որ եթե հանկարծ հաջողացնում են ժպիտդ որսալ, քեզ անմիջապես ու տեղում սկսում են մեղադրել իշխանություններից գոհ լինելու մեջ, ու հակառակի պես սրանք հենց է՛ն մարդիկ են, ովքեր Բարձրյալից գրեթե ամեն ինչ են ստացել, ընդ որում՝ ավելցուկով ու ավանսով են ստացել եւ ստանում, բայց քանի որ սրանք սովոր են մշտապես իրենց չստացածի՛ մասին մտածել ու իրենց չստացա՛ծն աջուձախ տեսնել, էդ պատճառով էլ իրենց իսկ ստացածի դեմ իրենց իսկ աչքերը մշտապես փակ են, եւ իրենց ուղեղներն արդեն ի վիճակի չեն հաշվել իրենց իսկ ստացածն ու ունեցածը, եւ խոսքս, իհարկե, բացառապես նյութականին է վերաբերում, քանզի էդ մարդիկ միան նյութականն են պատկերացնում եւ միայն նյութականն են տեսնում, ընդ որում՝ նյութականն էլ տեսնում ու նկատում են միայն ուրիշների մոտ, իսկ անձամբ իրենց ստացածն ու ունեցածն ի վիճակի չեն տեսնել, որովհետեւ, էլի եմ ասում, իրենց ամենատես աչքերը մշտապես փակ են իրենց իսկ ստացածի եւ իրենց իսկ ունեցածի դեմ, եւ իրենց էդ կուրության հիմնական վնասն էն է, որ իրենք իրենց է՛լ արդեն ի վիճակի չեն նկատել ու տեսնել, եւ իրենց դժբախտությունն էլ է՛ն է, որ առաջիկայում է՛լ իրենց եւ իրենց ունեցածը տեսնելու որեւէ շանս չունեն, եւ եթե հանկարծակի որեւէ շանս հայտնվում ու առաջանում է՛լ է, մշտապես բաց են թողնում էդ շանսը, որովհետեւ էդ մարդիկ ո՛չ միայն կույր են, այլեւ՝ խելապակաս, եւ երբեք չեն ըմբռնում իրենց շանսերն ու հնարավորությունները, քանզի էս մարդիկ է՛ն գլխից սովոր են ամեն ինչ պատրաստի ստանալ, եւ եթե երբեմն-երբեմն որեւէ բանի ձգտում է՛լ են, ապա իրենց էդ ձգտումը վերստին վերաբերում է որեւէ բան պատրաստի ու հանպատրաստից ստանալուն, եւ եթե վերստին պատրաստի ու հանպատրաստից ինչ-որ նշանակալի ու երեւացող բան են ստանում, էդ ստացածի համար վերստին Աստծուց շնորհակալ չեն լինում է՛ն հասկանալի ու միանգամայն բացատրելի պատճառով, որ իրենք նախապես որեւէ բան Աստծուց խնդրած չեն եղել եւ չէին էլ կարող խնդրել, քանզի իրենք երբեւէ չեն ճանաչել Հավատացյալ Խորենին, եւ երբեք Հավատացյալ Խորենն իրենց չի հուշել՝ «խնդրեք եւ կստանաք», ու էդ մարդիկ հենց է՛դ պատճառով են ամեն ինչից անտեղյակ ու բեխաբար, իսկ ես, որ բախտ եմ ունեցել նախ Հավատացյալ Խորենին մոտիկից ճանաչել ու այնուհետեւ նաեւ միանգամայն ինքնուրույն կոնտակտներ հաստատել Բարձրյալի հետ, մշտապես Իրենից խնդրում, ստանում ու նաեւ գիտակցում եմ, որ հենց խնդրա՛ծս եմ ստացել, եւ մեր էս երկար ու ձիգ ժամանակի մեջ նաեւ հասկացել ու շարունակում եմ հասկանալ, որ հնարավորինս քիչ եւ հնարավորինս քիչ բան պիտի խնդրես, այլապես՝ նախկինում ստացածդ է՛լ հետ կվերցվի քեզանից, իսկ էդ «քիչն» ու «քիչ բանն» էլ միանգամայն ինքնուրույն պիտի ճշտես ու հասկանաս, ընդ որում՝ էդ «քչի» ու «քիչ բանի» իրական չափերն ամեն կորցնելուց հետո ես միայն որոշակիորեն ճշտում ու հասկանում, եւ արդեն վեց ամիս է՝ նաեւ ե՛ս եմ էդ չափերը միանգամայն ինքնուրույն փորձում ճշտել ու հասկանալ, որովհետեւ արդեն վեց ամիս է՝ Հավատացյալ Խորենը մահացել է, ավելի ճիշտ՝ փրկվել է, ու էս «փրկվելը» հենց ի՛ր բառն է հենց ի՛ր առումով, որովհետեւ երբ վերջին անգամ իր պարկինսոնի հանգամանքներում իրեն տեսա ու վերջին անգամ իրեն հույս տվի, ինքն ասաց՝ «Արմեն ջան, ես է՛լ եմ հավատում, որ կփրկվեմ», եւ երբ իրեն խաբելով ու հուսադրելով ասացի՝ «հարեւանս ճիշտ քո վիճակում էր, բայց հիմի շատ լավ ա», Հավատացյալ Խորենն ինձ վերջին անգամ ժպտաց ու ասաց՝ «որ ասում եմ կփրկվեմ՝ մա՛հը նկատի ունեմ», եւ իր էդ խոսքերից ընդամենը երեք օր անց՝ դեկտեմբերյան ահավոր ցուրտ մի իրիկուն իսկապես փրկվեց ցրտից, շոգից ու ամեն ինչից, եւ իր արդեն փրկված դեմքին մի էնպիսի գոհություն էր շողշողում, ինչպիսին երբեւէ չէր շողշողացել նույնիսկ ի՛ր մշտաժպիտ ու մշտագոհ մանկական աչքերում, եւ ինքը, որ գոհության փիլիսոփայության իմ հիմնական ուսուցիչն էր, երկրայինի ու նյութականի իմաստով բոլորիցս քիչ էր ստացել, բայց իր ստացածից ավելի գոհ էր, քան՝ բոլորս միասին վերցրած, եւ եթե ես հիմա ասում եմ, թե ես է՛լ եմ մշտապես կյանքից ու ամեն ինչից գոհ, ապա էս պահի համեմատությանս առարկան ո՛չ թե Հավատացյալ Խորենն է, այլ՝ միանգամայն ուրիշ մարդիկ, ովքեր արդեն չեն դիմանում գոհությանս եւ արդեն նյարդայնանում են գոհությունիցս, առանց հասկանալու, որ իրականում ո՛չ թե Հավատացյալ Խորենի պես անմնացորդ տիրապետում եմ գոհության արվեստին, այլ ընդամենը ձեւացնում եմ՝ թե տիրապետում եմ, եւ ընդամենը փորձում եմ բեռ չդառնալ առանց այն էլ շատ ու շատ բաներից դժգոհ շրջապատիս վրա, եւ եթե դա ինձ ժամանակ առ ժամանակ հաջողվում է՛լ է, ապա հաջողվում է կյանքիս գնով, որովհետեւ դեմքիս ու հոգուս լույսերն աջուձախ սփռելով ու բաժանելով՝ ամեն անգամ պարզում եմ, որ ինձ համար լույսի նշույլ անգամ չեմ պահել, ու էդպես անլույս ու մթամած՝ վերստին ինձ կտրում եմ բոլորից ու վերստին էս ճերմակ թղթի վրա կռկվելով՝ իմ փայ դժգոհությունս ու մաղձս տալիս եմ էս անմեղ ու անկապ թղթերին, բայց, ինչպես տեսնում եք, էդ է՛լ ինձ առանձնապես չի հաջողվում, որովհետեւ ամեն անգամ, մինչեւ մարդկանցից պոկվում ու տուն եմ հասնում՝ ճանապարհին վերստին լցոնվում եմ զանազան լույսերով, ու իմ էդ լցոնման գործընթացը վերստին առանց որեւէ կոնկրետ առիթի է տեղի ունենում ու վերստին անբացատրելի է, մանավանդ որ՝ իմ շրջապատից մինչեւ Կայարան՝ իմ տան ճանապարհին առանձնապես լուսավոր բան չկա, այլ միայն՝ շարան-շարան պուտանկեք, մուրացկաններ եւ մեծուփոքր բուքմեյքերական բաժանմունքներ, որոնցից յուրաքանչյուրն ի՛ր չափով է հաջողացնում դատարկել գրպաններս եւ յուրաքանչյուրն ի՛ր չափով է հոգիս վերազինում նորանոր մեծուփոքր լույսերով, քանզի իմ ավելի քան տարօրինակ հոգին արդեն վարժված է կորուստներից հետո՛ միայն վերալիցքավորվել, ու եթե էս ամենից հետո երբեմն-երբեմն էս գրածիս մեջ տխրության ու հուսահատության երանգներ են հայտնվում, դա իմ կողմից ընդամենը սովորական դերասանություն է, որովհետեւ ժամանակ առ ժամանակ մեջս բուռն ցանկություն է առաջանում ցույց տալ, թե ես է՛լ ձեզ պես շատ տխրող ու քիչ ուրախացող մեկն եմ, ու էս դերասանությունս ձեւավորվում ու առաջանում է նախեւառաջ ընթերցողական պահանջարկից, որովհետեւ ընթեցողներիցս շատերն է՛լ են տխրամած վիճակներս ուրախ վիճակներիցս գերադասում, ու գոհությունս նրանց վրա օրեցօր ավելի ու ավելի է ազդում, եւ եթե «Առավոտի» խմբագիրն առաջներում ընդամենն օրումեջ էր էս վեպիս առիթով դժգոհությամբ լեփլեցուն նամակներ ստանում, վերջերս արդեն օրական մի քանի էդպիսի ծրար է ստանում, ու քանի որ իմ բախտից ինքը մշտապես զբաղված է թերթի գործերով, արդեն չի հասցնում էդ շուրջօրյա նամակները կարդալ եւ դրանք արդեն ինձ է կարդալու տալիս, բայց, փաստորեն, էս վեպիս պատճառով, ես է՛լ եմ զբաղված մարդկանց շարքերում հայտնվել, այսինքն, ես է՛լ արդեն չեմ ղմշում էդ բոլոր նամակները մեկ առ մեկ կարդալ, այլ միայն աչքի եմ անցկացնում, ընդ որում՝ աչքի եմ անցկացնում ո՛չ թե ձախի վրա շեղված ու տղամարդու սիրուն ձեռագրով գրված օրական նամակները, այլ, ընդհակառակը, մյուսնե՛րը, որովհետեւ ձախի վրա շեղված սիրուն ձեռագրովների հեղինակը հաստատ գիտեմ՝ ով է, ու երեւի ինքն է՛լ է արդեն մոռացել, որ յոթանասունականների վերջերին ու ութսունականների սկզբներին, երբ «Ծիծեռնակի» պոեզիայի բաժնի վարիչն էի, ինքն էլի չէր ալարում եւ խմբագրի անունով ու ձախի վրա շեղված ձեռագրով օրական նամակներ էր գրում՝ բոլորեքյան ու հնարավորինս ձաղկելով «Ծիծեռնակում» տպված մանկական ոտանավորներս, ու Ժենյա Ղուկասովնան էլ, որ «Ծիծեռնակի» գլխավոր խմբագիրն էր, չէր կարդում էդ մարդու էդ հանապազօրյա նամակներն ու Արամի պես ինձ էր փոխանցում, ու հիմա որ էդ ամենը հիշում ու համեմատում եմ, սկսում եմ հասկանալ, որ հին ու նոր խմբագիրների հիմնական ընդհանրությունն էն է, որ երկուսն էլ հավասարապես չեն սիրել ու չեն սիրում ընթերցողների նամակները կարդալ է՛ն դեպքում, երբ էդ նամակները շատանալով՝ օրական բնույթ են սկսում կրել, եւ ձախի վրա շեղված գեղեցիկ ձեռագրով էդ ամենօրյա գրախոսություններիս էդ մանկագիր հեղինակը եթե իմանար, որ խմբագիրը չի կարդում իր էդ ձախի վրա շեղված ուլունքները, երեւի ամեն օր չգրեր, ու «երեւի» եմ ասում, որովհետեւ շատ հնարավոր է՝ իմանար ու էլի շարունակեր ամեն օր գրել, քանզի մանկագիրները մարդկային միանգամայն առանձնահատուկ տեսակ են ու ենթակա չեն դարերով եկած ու արդեն հասկացված մարդկային օրինաչափություններին, այսինքն՝ եթե ամենօրյա իմ էդ մանկագիրը հաստատ իմանար էլ, որ Ժենյա Ղուկասովնան իր ձախի վրա շեղված ուլունքներն աչքի չի անցկացնում, միգուցե էլի շարունակեր մշտապես անստորագիր ու հետադարձ հասցեից զուրկ էդ ծրարներն ամեն Աստծո օր ուղարկել, չնայած դրա բարոյական իրավունքը չուներ էլ, որովհետեւ նույն Ժենյա Ղուկասովնայի խնդրանքով սեզոնին մի ոտանավոր էդ նամակագրի անունից ի՛նքս էի բստրում ու տպագրում մեր էդ «Ծիծեռնակում», որովհետեւ իր գրածները թեեւ բավական գեղեցիկ շրիֆտով մեքենագիր էին, բայց որպես կանոն՝ որեւէ միտք չէին պարունակում, ու ես սեզոնին մի հատ իր անունից բստրում ու տպագրում էի հատուկ Ժենյա Ղուկասովնայի խնդրանքով, որովհետեւ էն ժամանակվա ու հիմիկվա գլխավոր խմբագիրները մի ընդհանուր գիծ էլ ունեն. նրանք չեն սիրում, երբ հեղինակներն անտեղի ներխուժում են խմբագրի կաբինետ, ու էդ իմաստով Ժենյա Ղուկասովնայի դրության մեջ մտնում էի, մանավանդ որ՝ Ժենյա Ղուկասովնայի համար հատկապես է՛դ նամակագրի ներխուժումն էր հույժ անցանկալի, որովհետեւ մեր էդ ամենօրյա նամակագրի վրայից հոտ էր գալիս, իսկ ավելի ճիշտ՝ ո՛չ թե էդ ամենօրյա նամակագրի վրայից էր հոտ գալիս, այլ՝ Ժենյա Ղուկասովնան, որ Կենտկոմից նոր-նոր էր «Ծիծեռնակ» տեղափոխվել, գրեթե բոլոր գրողներից ու մանավանդ մանկագիրներից էր զանազան հոտեր առնում, եւ էդ առումով Շառոյան Ռոլանդն ու ես երջանիկ բացառություն էինք, որովհետեւ ես ու Ռոլանդը նախ Ժենյա Ղուկասովնայի աշխատողներն էինք եւ հետո նոր միայն՝ բանաստեղծ ու արձակագիր, բայց, ի տարբերություն պոեզիայի բաժնի, արձակի բաժնով հազվադեպ էինք նամակներ ստանում, եւ Ռոլանդի բախտից արձակագիրները մանավանդ էդ թվերին քչություն էին անում, բայց, ի տարբերություն ինձ, հենց Ռոլա՛նդը կռահեց ու գլխի ընկավ իմ էդ ամենօրյա նամակագրի ինքնությունը, ավելի ճիշտ՝ ո՛չ թե էդ անձնավորության ով լինելը կռահեց ու գլխի ընկավ, այլ պատահաբար նկատեց ու ինձ էլ բացատրեց, որ էդ անձնավորության ուղարկած ծրարների վրա ո՛չ միայն հետադարձ հասցե չկա, այլեւ՝ փոստատան կնիք, ու էդ բանը Ռոլանդն անմիջապես նկատեց, որովհետեւ ինքը նախքան համալսարան ընդունվելն Աշնակում փոստատար ու կինոմեխանիկ էր աշխատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել