Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ՝ «խղճուկների» մասին

Սեպտեմբեր 22,2006 00:00

Պարզաբանում է պաշտպանության նախարարը

Ինչպես հայտնի է, երկու օր առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հատուկ հրավերքով քաղաքի տոնակատարությանը մասնակցելու էր եկել նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Նախարարը կարճատեւ զրույց է ունեցել նաեւ լրագրողների հետ։ Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Արթուր Բաղդասարյանի՝ վերջերս մամուլով հայտնած մտքին, թե ղարաբաղցին չպետք է լինի հանրապետության նախագահ, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, պատասխանեց. «Գիտեք, նախ նա այդպես չի ասել, նա ասել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է լինի հայաստանցի, ճիշտն ասած՝ ցանկություն չունեմ որեւէ միտք մեկնաբանել, ուղղակի ասեմ, որ դա նոր բան չէ, ցանկացած տառաճանաչ մարդ եթե բացի ՀՀ Սահմանադրությունը, 50-րդ հոդվածում գրված է այդ պահանջը. տարօրինակ կլինի, եթե Հայաստանի Հանրապետության նախագահը լինի աֆրիկացի կամ մեքսիկացի։ Եթե դուք նկատի ունեք ենթատեքստը, ապա այն մեկնաբանելու հնարավորությունը թողնում եմ ուրիշներին, ես հարիր չեմ գտնում մեկնաբանել այդպիսի բաները»։

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախարարը Հայկ Բաբուխանյանի վերջին հրապարակմանը՝ բաց նամակին՝ կապված Հովհաննես Գալաջյանի հետ, եւ խղճուկների ու հզորների պատերազմում ո՞ւմ է համարում հզոր. լրագրողներից մեկի այս հարցին նախարարը պատասխանեց. «Առաջին տպավորությունն այն է, որ անհրաժեշտ է հանգամանորեն ծանոթանալ բաց նամակին, մի հիմնավոր պատասխան պատրաստել եւ դրանով տալ այն բոլոր հարցերի կամ բամբասանքների պատասխանները, որոնք երկար ժամանակ որոշ մարդիկ փորձում էին փաթաթել մեր հասարակության վզին։ Բայց ծանոթանալով այդ նամակին՝ ես հասկացա, որ դա պատրաստի մեղադրանք է, դատավճիռ է, եւ հեղինակի տոնը ամբարտավան է, դրա համար ես նպատակահարմար չեմ գտնում պատասխան տալու այդ բաց նամակ կոչվածին։ Իրենց ոճին հարիր, համապատասխան՝ նրանք այս անգամ եւս փորձել են իմ ասածները խեղաթյուրել եւ այդ «խղճուկ» բառը կոնկրետ հասկանալ, որպես պիտակ մի մարդու, ես խղճուկ ասելով նկատի եմ ունեցել այն մարդկանց, ովքեր զազրախոսում են, ովքեր բամբասանքներ են տպագրում, ովքեր ցեխ են շպրտում ուրիշների վրա, ովքեր կոսմոպոլիտ են, ովքեր ծույլ են, չեն աշխատում, ուրիշների աշխատանքը փորձում են թերագնահատել, ովքեր փորձում են քաղաքական վերլուծություններ անել ուղղակի զուտ խոհանոցային մակարդակով, ովքեր իրենց կարծիքով հստակ եզրակացություններ են անում երեւույթների մասին, որոնցից գաղափար իսկ չունեն։ Ով էլ իր հասցեին ընդունել է, ես կարծում եմ, ես ուղիղ հասել եմ իմ նշանակետին։ Նրանք ամբարտավան են՝ նույնիսկ այն աստիճանի, որ իրենց նույնացնում են հայ ժողովրդի հետ եւ իրենց իրավունք են վերապահում հայ ժողովրդի անունից խոսելու։ Ինչ վերաբերում է այդ հզորներին, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ Հայաստանում որեւէ կոնկրետ մարդու դեմ չեմ պայքարում, եթե պայքարել եմ, ապա պայքարել եմ երեւույթների դեմ։ Նույն այդ կրիմինալի դեմ եմ պայքարել՝ լինելով ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարար։ Շատ մարդիկ, ովքեր խոսում են այդ կրիմինալի մասին, նրանք օրերով քարշ էին գալիս ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի իմ ընդունարանում եւ փորձում էին միջնորդություններ անել այդ նույն կրիմինալի համար՝ ստանալով մերժողական պատասխաններ։ Իսկ հիմա իրենց դրել են դատախազների, սրբերի տեղ եւ մարդկանց փորձում են պիտակներ կպցնել»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել