Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՏԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Սեպտեմբեր 22,2006 00:00

\"\"Կառավարության տարբեր ծրագրերով հանրապետությունում իրականացվող մարզադպրոցների շինարարության եւ հիմնանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ սպորտպետկոմի եւ մի քանի լրատվամիջոցների համատեղ հերթական ստուգայցը մայրաքաղաքի տարածքում էր:

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած միջոցներով, նոր մարզադահլիճների կառուցումը, եղածների հիմնանորոգումն ավարտվել է անցած տարի: Արդյունքում ստացել ենք ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող մի մարզահամալիր: Այս տարի հիմնանորոգվում է ննջարանային մասնաշենքը: Աշխատանքներն սկսվել են մայիսին: Մասնաշենքը լրիվ պատրաստ վիճակում շահագործելու համար 247 միլիոն դրամ արժողությամբ շինարարությունը 219 մլն-ով շահած «Վանի» ՍՊԸ-ին պայմանագրով տրված է 170 օր: Յուրաքանչյուր օր ուշացնելու դեպքում շինարարը տուգանքներ պետք է վճարի:

Ստուգայցի ընթացքում այստեղ ի հայտ եկան այնպիսի հիմնախնդիրներ, որոնք լուծելու համար լուրջ միջամտություն եւ լրացուցիչ դրամական հատկացումների (27-28 միլիոն դրամ) անհրաժեշտություն է առաջացել: Ըստ նախագծողների («Երեւաննախագիծ»), շուրջ 40 տարի առաջ կառուցված մասնաշենքի արտաքին հիմնապատերը հարկավոր էր մասնակիորեն ուժեղացնել: Սակայն արդեն հաստատված նախագծով աշխատանքներն սկսելուց հետո է միայն պարզվել, որ դրանք ամբողջովին քայքայված են: Ավելին, շենքի հիմքն ընդամենը 60 սմ հաստություն ունի: Խորհրդային տարիների շինարարները խոտանի տիպիկ օրինակներ են թողել նաեւ մասնաշենքի ներսում (անորակ մանրահատակի վրա կանգնեցրած միջնապատեր եւ այլն): Ճիշտ է, աշխատանքները շարունակվում են, սակայն ստեղծված իրավիճակից ելք չգտնելու դեպքում, կարծում ենք, ամեն բան կկորցնի իմաստը:

Այս էլ որերորդ անգամ ստիպված ենք արձանագրել, որ նախագծողներն անփույթ են աշխատում: Եթե նրանք ժամանակին մանրամասն ու հիմնավոր ուսումնասիրեին շենքը, ավելի հստակ կպատկերացնեին խնդիրները, հետեւաբար՝ նաեւ իրենց անելիքը, պետության գումարները խնայելու, որպես կանոն, իրեն չարդարացնող ձգտումներ չդրսեւորեին, հնարավոր է նաեւ միանգամայն այլ առաջարկներ անեին: Ու, ինչպես նկատեց Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը, շինարարության ընթացքում անընդհատ լրացուցիչ գումարներ հատկացնելու փոխարեն, գուցե ավելի ճիշտ կլիներ շենքն ամբողջությամբ քանդել ու տեղում նորը կառուցել:

Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի երկու մասնաշենքերը նույնպես հիմնանորոգվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Այստեղ, ի տարբերություն նախորդ մարզակառույցի, թե նախագծային, թե շինարարական աշխատանքները կատարվել եւ ընթանում են որակով: Այնպես որ, արդեն հոկտեմբերի կեսերին մարզադպրոցի թե տղաների եւ թե աղջիկների մարզադահլիճները դռները կբացեն իրենց սաների առջեւ: Մարզադպրոցի գույքն ամբողջությամբ թարմացնելու նպատակով սպորտի պետական կառույցի ղեկավարը հենց տեղում հանձնարարեց իրեն ներկայացնել անհրաժեշտ ժամանակակից բարձրակարգ մարզական սարքավորումների ամբողջական ցուցակ:

Վերջում Իշխան Զաքարյանն ամփոփեց այդ օրվա ստուգայցը: «Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում դեռ մեկ-մեկուկես ամսվա աշխատանք կա,- ասաց նա:- Այնտեղ պատերի ուժեղացման հետ կապված խնդիրները, կարծում եմ, հիմնադրամը կքննարկի եւ կաջակցի: Շահինյանի անվան մարզադպրոցում ինչի ականատես եղա՝ գոհ եմ: Դրա համար էլ կոլեկտիվին խոստացա երկու դահլիճներն ապահովել ամբողջական օլիմպիական գույքով: Շրջայցերի ընթացքում նկատել եմ երեք կարեւոր բան: Ցավալի փաստ է, բայց տեղեր կան, որտեղ նախագծողներն ու շինարարները համատեղ չեն աշխատում, որի պատճառով ի հայտ են գալիս լուրջ թերություններ: Երկրորդ. շինարարներն են շատ անշնորհք աշխատում: Եվ երրորդ. վիճակը լավ է: Լուրջ քննարկման խնդիր է նախագծող-շինարար փոխհարաբերությունները ճշտելը: Այսուհանդերձ, մինչեւ տարեվերջ հանրապետությունում մի քանի նոր մարզադպրոցներ կշահագործվեն: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ որոշ վերապահումներով այս տարվա ծրագիրը ե՛ւ հիմնադրամը, ե՛ւ քաղաքաշինության նախարարությունը մինչեւ տարեվերջ կկատարեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել