Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անձամբ ինձ հետ է պատահել

Սեպտեմբեր 22,2006 00:00

Եղելություն անկախության թեմաներով

Այսօր նշվում է Անկախության 15-րդ տարեդարձը: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, հպարտ եմ այդ ձեռքբերումով, որը համայն հայության երազանքն է եղել: Անկախությունը մեզ հեշտ չտրվեց, եւ ճոռոմ խոսքեր չեմ շռայլի՝ ասելու, թե որքան դժվար է այն պահպանելը: Թող այդօրինակ շահարկումներով զբաղվեն քաղաքական գործիչները: Ընդամենն ուզում եմ պատմել սեւ հումոր հիշեցնող, բայց այսօր արդեն ինձ համար անեկդոտիկ թվացող իրավիճակների մասին, որոնք ապրել եմ անկախության առաջին տարիներին՝ Երեւանի դպրոցներից մեկում հայոց լեզու եւ գրականություն դասավանդելիս:

90-ականների ցուրտ ու մութ տարիներն էին, երեւանյան դպրոցներն ինձ ԽՍՀՄ-ի ժամանակ նկարահանված հայտնի ֆիլմերից՝ հայրենական պատերազմի տարիների ուսումնական օջախներն էին հիշեցնում՝ ծխակորույս, մրոտված պատերով ու ցելոֆանապատ պատուհաններով դասասենյակներ, ինքնաշեն վառարաններ՝ ընդամենը 3-5 լիտր սոլյարկայով տաքանալու համար, մրից սեւացած քթանցքներով ցրտից կծկված երեխաներ, 20-25 րոպեանոց դասաժամեր… Ընդ որում՝ 25 րոպեանոց դասաժամերից մեկի 15 րոպեն կաթի ժամն էր: Ուսուցիչը պիտի գնար թեյնիկով կաթի փոշուց պատրաստված սպիտակ հեղուկը բերելու, որը Ֆրանսիայից մետաղյա տարաներով իբրեւ հումանիտար օգնություն ստացած անհամ թխվածքաբլիթով խմվեր: Ի՜նչ ոգեւորություն էր տիրում այդ րոպեներին դասասենյակներում, որոնք նախատեսված էին ոչ թե գաստրոնոմիական, այլ նորանկախ երկրի հանդեպ հայրենասիրության ու վեհ գաղափարների մասին զրույցների համար: Ի դեպ, երեխաներից ոմանք, հիմնականում վառարանների մոտ հերթապահող «հնոցապանները», իսկ դասասենյակներում հրդեհները հաճախ անխուսափելի էին, ուսուցչից թաքուն «գիտափորձեր» էին անում՝ ստանալով թխվածքաբլիթի հրավառություն: Շատերը չէին ուզում դասերից հետո տուն գնալ. աշխատանքային օրվա վերջին դպրոցում համեմատաբար տաք էր, քան իրենց տներում:

Չնայած այդ տարիների խեղճությանը՝ դպրոցներում չէին դադարում անհարկի ստուգումները՝ սանէպիդծառայության, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության, ԿԳ նախարարության «առաքյալների» կողմից: Առաջինը «մտահոգված» էր՝ արդյո՞ք դասասենյակների ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, իսկ սառցակալած զուգարանները վարակ չե՞ն խոստանում: Կրթության պատասխանատուներին էլ «հուզում» էին կիսաքաղց երեխաների առաջադիմությունն ու հաճախելիությունը, սառած մատներով մանկավարժների օրինակելի մատենավարությունը, ուսումնական պլանները կամ ինչո՞ւ այլեւս դադարել են իրենց հրավիրել բաց դասերի…

Այսօր արդեն ամենազվարճալին թվում է անկախացած երկրի մանկավարժիս առաջին աշխատավարձը՝ մի ամբողջ 30 դրամ (գործընկերներս գուցե մի 10-20 դրամ ավելի էին ստանում՝ պայմանավորված աշխատանքային ստաժով եւ ժամաքանակով): Անկախ Հայաստանի մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկի ուսուցիչս մի ամսվա աշխատանքի դիմաց ստացած գումարի 20 դրամով հաջողացրեց ընդամենը 2 կապ թարխուն գնել, 10 դրամ էլ հավաքեցին կոլեգաներիցս մեկի հոր հուղարկավորության համար: Ինձ մնաց զրո ՀՀ դրամ, որով 1 ամիս դեռ պետք է գոյատեւեի՝ մինչեւ հաջորդ 30 դրամը…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Հարգում եմ բոլոր մանկավարժներին եւ ամենեւին չեմ նեղանում, որ խմբագիրս «նախկին կյանքում» մանկավարժ աշխատած լինելուս համար ինձ հաճախ կատակով «40 տարվա մանկավարժ է անվանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել