Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԱ-Ն՝ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ

Սեպտեմբեր 22,2006 00:00

\"\"Այս օրերին Գիտությունների ազգային ակադեմիայի օրակարգում է ակադեմիական ինստիտուտների միացման՝ օպտիմալացման հարցը:

Ընդ որում, ղեկավարությունը, մեր տեղեկություններով, որոշել է քննարկել ու լուծել այս հարցը, քանի դեռ ինստիտուտները չեն սկսել տնօրենների թեկնածություններ առաջադրել ԳԱԱ նախագահությանը, ինչը պետք է ավարտեն մինչեւ հոկտեմբերի 15-ը: Այդպիսով՝ 27 ազատված տնօրենների դիմաց զգալիորեն քիչ տնօրենի կարիք կզգացվի: Երեկվա նախագահության նիստում նախատեսված էր առաջին անգամ պաշտոնապես բարձրացնել այս հարցը, սակայն նիստը հետաձգվեց՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի պատճառով, որի փակմանը պետք է ներկա գտնվեր ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Ինչպես մյուս խնդիրների մասին խոսելիս, այնպես էլ այս մեկի դեպքում ԳԱԱ նախագահության անդամները խիստ սակավապետ են եւ գաղտնապահ: Նրանք ամեն անգամ զարմանում են, թե ինչու է լրագրողներին հետաքրքրում ակադեմիային վերաբերող որեւէ հարց: Երեկ ինստիտուտների տնօրենների եւ նախագահության անդամների մեծ մասը կամ տեղում չէր, կամ պարզապես չցանկացավ որեւէ պարզաբանում տալ այս առիթով: Մասնավորապես ԳԱԱ փոխպրեզիդենտ Յուրի Շուքուրյանին դուր չեկավ մեր հարցը՝ ինստիտուտների միացման վերաբերյալ՝ «դա ինչ հարց է, որ տալիս եք…», եւ խոստացավ ավելի ուշ հարցին անդրադառնալ: Իսկ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս-քարտուղար Յուրի Չիլինգարյանը, իմանալով, որ «Առավոտի» թղթակիցն է իրեն անհանգստացնում, ընդհանրապես հրաժարվեց խոսել:

Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանից կարողացանք ճշտել, որ օպտիմալացումը Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքին չի հասնի. ըստ նախնական խոսակցությունների, պետք է միացվեին լեզվի եւ գրականության ինստիտուտները, ինչին ժամանակին դեմ կանգնեցին այս ինստիտուտների ղեկավարները:

Բնական գիտությունների բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը նպատակահարմար է գտնում պրոֆիլով մոտ ինստիտուտների միացումը, որպեսզի «միանա գիտական ներուժը, եւ գիտական հետազոտությունների արդյունքը հեշտությամբ կյանք մտնի: Բացի այդ, դա հնարավորություն կընձեռի գիտական հետազոտությունների համար ֆինանսական կոնկրետ ներդրումներ կատարել»: Պրն Հակոբյանը նաեւ նշեց, որ ինստիտուտների միացումը՝ ԳԱԱ նախկին ղեկավարության գաղափարն է, ոչ մի կապ չունի ՄԱԿ-ի փորձագետների առաջարկած ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումների հետ եւ այս պահին դեռ քննարկման փուլում է, ոչ մի կոնկրետ բան չկա:

Նույն բաժանմունքի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանին չի հետաքրքրում ինստիտուտների միացման հարցը, քանի որ նա մի ուրիշ մտահոգություն ունի: 79-ամյա ակադեմիկոսը մինչեւ հիմա չի համակերպվում, որ ինքն այլեւս ինստիտուտի տնօրեն չի լինելու: Նա նեղացել է ու ընդհանրապես նախագահություն չի գնում, թեեւ ինստիտուտում հիմա աշխատում է իբրեւ խորհրդական, քանի որ ապրուստի այլ միջոց չունի, իսկ տնօրենի իր նախկին աշխատավարձը պահպանվում է:

Հիշեցնենք՝ ինստիտուտների խոշորացման հարցում թե ՄԱԿ-ի փորձագետները, թե ԳԱԱ նախկին ղեկավարությունը համակարծիք էին: Մի տարբերությամբ, որ եթե ԳԱԱ-ն կոնկրետ լուծումներ չուներ, ՄԱԿ-ի փորձագետներն առաջարկում էին 40 գիտահետազոտական ինստիտուտների փոխարեն 7-8 գիտական կենտրոնների ստեղծում: Իսկ այն ինստիտուտները, որոնք անհնար է բյուջեի միջոցներով կենսունակ պահել՝ տեղափոխել համալսարաններ:

Ուրբաթ օրը ԳԱԱ նախագահության նիստում այս խնդիրն ըստ ամենայնի կքննարկվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել