Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻՆՈՒՍՆԵ՞ՐՆ» ԵՆ ՇԱՏ, ԹԵ՞ «ՊԼՅՈՒՍՆԵՐԸ»

Սեպտեմբեր 22,2006 00:00

\"\"Մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացներն ու հետընթացները՝ անկախության 15 տարիների ընթացքում:

Արդեն 15 տարի Հայաստանն անկախ պետություն է, ունի իր առանձնացված ոլորտները եւ այս տարեդարձը հարմար առիթ է անդրադառնալու անկախ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումներին: 15 անկախ տարիների ընթացքում թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական ոլորտներում նշանակալի ձեռքբերումներին զուգահեռ, ունեցել ենք նաեւ կորուստներ: Սկսենք հաջողություններից: Ամենաակնառու առաջընթացը, որ արձանագրվել է՝ մեր երկրի բյուջեի երկու անգամ ավելացումն է, ընդ որում՝ վերջին շրջանում այն կատարվում է 99%-ով: Այս տարիներին բարձրացել է նաեւ բյուջեի կարգապահությունը՝ աշխատավարձերը մի քանի անգամ ավելացել են եւ, որ ամենակարեւորն է, այն տալիս են ժամանակին: Ինչը չես ասի կենսաթոշակի մասին: Չնայած նվազագույն զամբյուղի մեջ մտնող ծախսերը օր օրի աճում են, սակայն թոշակները, եթե ավելացնում էլ են, ապա սիմվոլիկ՝ ընդամենը 1000 դրամով, այն էլ «Փարոսի» օգնությունից զրկելու հաշվին: Հայաստանի տնտեսությունում թերեւս կարեւոր իրադարձություն է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) մեր երկրի անդամակցությունը: Թեեւ ՀՀ իշխանությունները այս ձեռքբերումով առիթ-անառիթ հպարտանում են, սակայն այս հանգամանքը հարուցել է գյուղացիների դժգոհությունը, քանի որ 2009-ից սկսած՝ ԱՀԿ-ի պահանջով գյուղատնտեսությունը հարկվելու է:

Անկախության տարիները հատկապես նշանավորվում են մեր պետության համար ռազմավարական կարեւորություն ունեցող ոլորտները երկրից «անկախացնելու» առումով: Բացի այն, որ քիչ թե շատ պոտենցիալ ունեցող ձեռնարկությունները «գույք պարտքի դիմաց» գործարքով հանձնեցինք ռուսներին, նրանց տվեցինք նաեւ էներգետիկայի ոլորտը, որը համալրվեց Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի վաճառքով: Հեռահաղորդակցության ոլորտն էլ հանձնեցինք հույներին, ջուրը՝ սկզբում իտալացիներին, հետո ֆրանսիացիներին, «Նաիրիտ» գործարանն էլ քանի տարի է ուզում ենք վաճառել՝ չի ստացվում:

Բնապահպանության տեսակետից մեր երկիրը լուրջ ձեռքբերումներ չի ունեցել, ընդհակառակը՝ դեռ մի բան էլ հետընթաց ենք ապրել: Մասնավորապես զգալի կրճատվել են կանաչ տարածքները, եւ որքան էլ ՀՀ նախագահից սկսած՝ գլխավոր դատախազով, քաղաքապետով ու կառավարության անդամներով ամեն շաբաթ-կիրակի ծառ են տնկում, միեւնույն է՝ մութ ու ցուրտ տարիների տեղը չեն հանում: «Առավոտի» հետ զրույցում բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որպես իր ոլորտի կարեւորագույն ձեռքբերում, հիշատակեց Սեւանա լճի մակարդակի բարձրացումը: Ըստ նրա՝ սովետի տարիներին էլեկտրաէներգիա ստանալու համար Սեւանն անխնա օգտագործել են, իսկ իրենց այս տարիներին մի կերպ հաջողվել է լճի մակարդակը 1-2 մետրով բարձրացնել: Բնապահպանական հաջողություններից կարելի է համարել նաեւ հանքերի արդյունավետ շահագործումը: Ինչ «Մայնինգ ջըրնըլ» միջազգային մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանը ճանաչվել է լավագույն հանքարդյունահանող երկիր, մեր հանքավայրերի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը մեծացել է: Չնայած այս նախարարությանը պետբյուջեից հատկացվող գումարները տարեցտարի ավելացել են՝ հասնելով 4 միլիարդ 30 միլիոն դրամի, սակայն դրանք բավարար չեն Հայաստանի պես անապատացման եզրին գտնվող երկրի բնապահպանական խնդիրները լուծելու համար: Փոխարենը բյուջեի առումով նախանձելի է առողջապահության ոլորտը, որին այս տարի հատկացվել է մոտ 40 միլիարդ դրամ: Այս ոլորտում, պատասխանատուների հավաստմամբ, գաղափարախոսությունից սկսած ամեն ինչ բարեփոխվել է: Եթե խորհրդային տարիներին քաղաքականությունն այնպիսին էր, որ հիվանդանոցները պետք է հիվանդներով ծանրաբեռնված լինեին, որպեսզի արդարացվեին բուժհիմնարկներին հատկացվող գումարները, ապա այսօր նախարարությունը որդեգրել է նոր սկզբունք. բարձրացնել առաջնային բուժօգնության մակարդակը, որպեսզի մարդկանց առողջությունը պահպանվի եւ հիվանդանոց չընկնեն: Դրա համար էլ ամբուլատոր բուժօգնությունը դարձավ անվճար: Բայց սրանով առողջապահության ոլորտի խնդիրները չլուծվեցին, քանի որ հիվանդանոցների վճարովի ծառայություններն այնքան թանկ են, որ անհրաժեշտության դեպքում մարդիկ չեն կարողանում օգտվել:

Մաքսավորներն ու հարկահավաքներն իրենց ոլորտներում որպես կարեւոր առաջընթաց նշում են վարչարարության բարելավումը: Մասնավորապես, ըստ Մաքսային պետական կոմիտեի, իրենց հաջողվել է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Իսկ ըստ Հարկային ծառայության, անկախության տարիներին ավելի քան 10 անգամ ավելացել են հարկային եկամուտները՝ 2006-ին հասնելով 220 միլիարդ դրամի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել