Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԻ ՍԿՍՎԵԼ»

Սեպտեմբեր 22,2006 00:00

Մեր թերթին տրված հարցազրույցում ասում է «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը

– Պարոն Սասունյան, ինչպե՞ս եք գնահատում «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագրի աշխատանքները, արդյոք դրանց ընթացքը եւ արդյունքները բավարարեցի՞ն ձեզ՝ որպես հիմնադրամի փոխնախագահի:

– Ես կարծիքս կասեմ, բայց իմ կարծիքը երկրորդական է, դուք պետք է հարցնեք ուրիշների կարծիքը: Ես գործի պատասխանատուներից եմ, եւ լավ կլինի մեր աշխատանքի մասին ուրիշները խոսեն: Ասեմ, որ, ընդհանրապես, շատերը գոհ են աշխատանքից: Որոշ խոսակցություններ եղան որակի մասին, բայց նման հսկայական մասշտաբի շինարարության դեպքում, նույնիսկ Ամերիկայի նման երկրում հնարավոր չէ, որ 170 միլիոն դոլարի աշխատանք կատարվի եւ ոչ մի թերություն չլինի, այսինքն՝ երբ մեծ գործ ես անում, թերություն լինում է: Հարց չէ՝ թերություն կա, թե ոչ, հարցն այն է, որ երբ լինում է թերություն, անտեսում եւ քողարկո՞ւմ ես, թե՞ սկսում ես սրբագրել այդ թերությունները: Առաջին ծրագրի դեպքում մենք գնացինք երկրորդ ճանապարհով, փորձեցինք սրբագրել թերությունները, մի քանի շինարարների ստիպելով, որ աշխատանքը նորից կատարեն՝ առանց դրա համար իրենց վճարելու: Եվ եթե երկրորդ անգամ եւս վատ արեցին այդ աշխատանքը, հրաժարվեցինք նրանց հետ աշխատել, ուրիշ շինարար բերեցինք, որոշ շինարարների նույնիսկ դատարան տարանք:

– Այդ անբարեխիղճ շինարարական ընկերությունների անունները կասե՞ք:

– Չեմ ասի, ոչ թե որովհետեւ չեմ ուզում ասել, այլ չեմ կարող հիշել: Մոտ 110 շինարարական ընկերություն կար եւ բոլորին չեմ հիշի, մեր գրասենյակը, անշուշտ, բոլոր այդ տվյալներն ունի: Ինձ համար կարեւոր է, որ մեր ժողովրդի համար օգտակար աշխատանք անենք, եւ եթե դժվարություններ կան՝ հաղթահարենք, որ լավ արդյունքներ ստանանք: Արդյունքներից մենք շատ գոհ ենք, պարոն Քըրք Քըրքորյանն ինքը շատ գոհ է ծրագրի առաջին փուլում կատարված աշխատանքից: Ինքը այդ մասին ասել է, ուրիշները, որ Հայաստան են այցելում սփյուռքից, տեսնելով կատարված աշխատանքը, իրենց գոհունակությունն են հայտնում:

– Կարծես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս գոհ է կատարված աշխատանքից, քանի որ բառացիորեն երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ելույթ ունենալով՝ «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ կատարված աշխատանքի առաջին ծրագիրը գնահատեց «փայլուն եւ հաջողված»:

– Որի համար շնորհակալ ենք, եւ ուզում եմ ասել, որ եթե մենք դժգոհ լինեինք, այդ աշխատանքը ձախողված լիներ, նոր ծրագիր չէինք սկսի: Պարզ փաստ է, որ եթե նոր ծրագիր ենք սկսում, ուրեմն գոհ ենք առաջինից:

– Սակայն համաձայնեք, անհասկանալի իրավիճակ է առաջանում. եթե եւ դուք, եւ հանրապետության նախագահը գոհ եք ծրագրի առաջին փուլից, ինչպե՞ս եք բացատրում, որ ծրագրի հայաստանյան պատասխանատու, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանին ինչ-ինչ պատճառներով մի կողմ թողեցին՝ հեռացնելով եւ իր զբաղեցրած պաշտոնից, եւ ծրագրի ղեկավարությունից: Դուք Արտաշես Թումանյանի հետ կատարվածը չե՞ք կապում «Լինսիի» հետ, դա համարում եք քաղաքակա՞ն խնդիր: Եթե բոլորը գոհ են, ուրեմն ի՞նչ կատարվեց:

– Պարոն Թումանյանի աշխատանքից դուրս գալը ոչ մի կապ չունի «Լինսիի» հետ: Պարոն Թումանյանը մեզ հետ աշխատել է ամեն օր, ամեն ժամ եւ տարիներ շարունակ: Պարոն Թումանյանը արել է փայլուն աշխատանք, ոչ մի չարաշահում՝ նյութական, տնտեսական, չի եղել Արտաշես Թումանյանի կողմից: Եվ ոչ էլ որեւէ դժգոհություն ունենք, ճիշտ հակառակը, պարոն Թումանյանը եթե չլիներ, այս աշխատանքը ի սկզբանե կձախողվեր: Այդ մեկ: Երկրորդ, թեեւ իմ գործը չէ, բայց քանի որ գիտեմ, անկեղծորեն ասեմ: Պարոն Թումանյանը զբաղվում էր քաղաքական կուսակցության ստեղծմամբ, ինչ-որ քաղաքական հակասություններ կային իր պաշտոնի եւ անկախ մի աշխատանքի հետ, այդ հակասությունները հասկանալի են, եւ հասկանալի պատճառներով ինքը իր պաշտոնից հեռացավ կամ՝ իրեն խնդրեցին, որ հեռանա: Բայց այդ ամենը ոչ մի կապ չունի «Լինսիի» հետ: Ոչ միայն չարաշահում չի եղել, այլեւ մենք շատ-շատ գոհ ենք իր աշխատանքից, փայլուն աշխատանք կատարեց ինքը, եւ իրեն միայն եւ միայն շնորհակալություն:

– Սակայն մեր մամուլում որոշ հրապարակումներ եղան ինչ-որ չարաշահումների վերաբերյալ, հիմա, փաստորեն, դուք հերքում եք բոլոր չարաշահումների մասին խոսակցությունները, որ կապվում էին Արտաշես Թումանյանի անվան հետ:

– Քանի որ ես էլ թերթի խմբագիր եմ, ցավոք հետեւում եմ Հայաստանի մամուլին, նաեւ սփյուռքի մամուլին, եւ գիտեմ, որ թե Հայաստանի, թե սփյուռքի մեջ անընդհատ տպագրվում են նյութեր, որ որեւէ հիմք չունեն եւ ճշմարտության հետ ոչ մի կապ չունեն: Քաղաքականությամբ զբաղվող մարդը, թե Հայաստանում, թե Ամերիկայում, ունենում է քաղաքական հակառակորդներ, որոնք անընդհատ կեղծ լուրեր են տարածում, որպեսզի տվյալ մարդու քաղաքական վարկը զրոյի իջեցնեն կամ կրճատեն, որպեսզի այդ մարդը իրենց համար քաղաքական մրցակից չլինի:

– Իսկ ինչո՞ւ ծրագիրը դեռ չի սկսվել:

– Ամերիկայի մեջ շատ բարդ, օրինական հարցեր կան: Երբ փողը Ամերիկայից դուրս է գալու, ամեն ձեւով ստուգվում է, որ այդ փողն այլ նպատակների չծառայի: Այժմ ԱՄՆ հարկային հաստատությունների հետ բոլոր փաստաթղթային հարցերը գրեթե ավարտվելու վրա են: Բայց մինչ այդ, որպեսզի ձմռան պատճառով աշխատանքներն ավելի չուշանային, հայաստանյան կողմը ինքնակամ որոշ աշխատանքներ սկսեց՝ փորելով փողոցները եւ այլն:

– Դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը, ի դեպ, հենց այդ փաստը առաջացրեց հայաստանցիներիս, ավելի ճիշտ՝ երեւանցիներիս զայրույթը, հատկապես Կոմիտասի փողոցի եւ մի շարք այլ փողոցների մասով, երթեւեկությունը պարզապես անտանելի է դարձել եւ մարդիկ խոսում են այն մասին, որ «Լիսիին» փողը չի տալիս եւ մեր իշխանություններին փաստի առաջ է կանգնեցրել:

– Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի դժգոհելու: Երբ ես էլ եկա եւ տեսա այդ ամենը, ես էլ շատ նեղացա եւ կիսում եմ Հայաստանի ժողովրդի դժգոհությունը: Եվ, հուսամ, շատ շուտով բոլոր թղթերը պաշտոնապես կստորագրվեն, փողը կգա եւ կվճարենք շինարարներին, քանի որ արդար չէ, որ շինարարները աշխատեն եւ փողը չստանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել