Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 20,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնվեցերորդ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ

ԿԵՍԻՆ

– Հիմա մենք մեր բնական վիճակում չե՞նք,- հարցրեց Լիզան:

– Շատ հնարավոր ա, որ մեր բնական վիճակում ենք, բայց՝ անգիտակցաբար,- ասացի ես:

– Այսինքն:

– Այսինքն, մենք մեր բնական ու անբնական վիճակներն իրարից համարյա չենք տարբերում:

– Հիմա՝ հենց էս պահին մենք մեր բնական վիճակում չե՞նք:

– Կարեւոր չի: Շներն ու բոլոր կենդանիներն է՛լ են առավոտից իրիկուն իրանց բնական վիճակում, բայց էդ բանը չեն գիտակցում:

– Ի՞նչը չեն գիտակցում:

– Իրանց բնական վիճակը: Իրանք որ ուզենան էլ, չեն կարա անբնական վիճակում ըլնեն, որովհետեւ չգիտեն, որ կյանքում անբնական վիճակներ է՛լ կան:

– Եթե իմանային, երեւի իրենք է՛լ անբնական ու արհեստական վիճակների մեջ հայտնվեին:

– Հաստա՛տ կհայտնվեին. իրանք է՛լ անբնական ու արհեստական էս վիճակների գերին կդառնային:

– Այսինքն, մեր գիտակցությունը մեզ խանգարո՞ւմ է,- հարցրեց Լիզան:

– Խանգարելը խանգարում ա, բայց հենց գիտակցության շնորհիվ ենք կենդանիներից ու անասուններից տարբերվում,- ասացի ես:

– Բա էլ ինչո՞ւ ես դժգոհում,- հարցրեց Լիզան:

– Դժգոհում եմ, որ մենք մեր գիտակցությունը ճիշտ չենք օգտագործում,- ասացի ես:

– Մարդ կա՝ ընդհա՛նրապես չի օգտագործում:

– Էդ չօգտագործողները, փաստորեն, կենդանուց ու անասունից ոչ մի բանով չեն տարբերվում:

– Օգտագործողներ էլ կան, որ եթե չօգտագործեին, շատ ավելի լավ կլիներ: Մարդիկ կան, որ իրենց ուղեղը միայն չար նպատակով են օգտագործում:

– Էդ մարդիկ գիտակցություն ունեն, բայց հոգի չունեն:

– Մարդ կա՝ ո՛չ ուղեղ ունի, ո՛չ էլ՝ հոգի:

– Դրանք, փաստորեն, կատարյալ անասուններ են:

– Շա՜տ կոպիտ ես,- ասաց Լիզան:

– Կոպիտը կոպիտ եմ, բայց խեղճ անասունների նկատմամբ եմ կոպիտ. էդ խեղճերին իզուր եմ էդ անհոգի մարդկանց հետ համեմատում: Անասունները մեղավոր չեն, որ անասուն են ծնվել:

– Բայց կենդանիների մեջ է՛լ չար ու բարի կա. եղնիկին ու գայլին իրար հետ չես համեմատի:

– Գայլը մեղավոր չի, որ գայլ ա ծնվել,- ասացի ես:

– Մարդն է՛լ մեղավոր չի, որ մարդ է ծնվել,- ասաց Լիզան:

– Մարդը մեղավոր ա, որ մարդ ա ծնվել, բայց մարդ չի դառնում:

– Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան:

– Լավ ասեցիր:

– Ե՛ս չասեցի. Թումանյա՛նն է ասել:

– Գիտեմ: Հենց էդ մարդկանց մասին ա ասել:

– Ինձ թվում է՝ բոլորի՛ս մասին է ասել, որովհետեւ բոլորս էլ հեռու ենք այդ մեծատառով Մարդուց:

– Ի՞նչ մեծատառով մարդ:

– Թումանյանն իր այդ քառյակում մարդ բառը մեծատառով է գրել:

– Հաստատ ե՞ս հիշում:

– Հա. մի քանի օր առաջ եմ կարդացել ու մեծատառին էլ հատուկ ուշադրություն եմ դարձրել:

– Զարմանալի ա:

– Ի՞նչն է զարմանալի:

– Զարմանում եմ, որ մեծատառով են տպել. զարմանում եմ, որ էդ մեծատառը փոքրատառ չեն դարձրել:

– Ո՞վ պիտի փոքրատառ դարձներ:

– Հրատարակչության խմբագիրներն ու պաշտոնյաները:

– Ինչո՞ւ պիտի փոքրատառ դարձնեին,- զարմացավ Լիզան:

– Իրանք Աստված բառը հատուկ նպատակով են փոքրատառ գրում. ուզում են ասեն՝ Աստված չկա:

– Բայց Թումանյանը Աստված չի՛ գրել. Մա՛րդ է գրել:

– Մարդ ա գրել, բայց Աստծո՛ւն ա նկատի ունեցել: Մեծատառով մարդը հենց Աստվա՛ծն ա:

– Միգուցե կատարյալ մարդո՞ւն է նկատի ունեցել:

– Աստված հենց կատարյալ մարդն ա, որին բոլորս ձգտում ենք:

– Չէի ասի, թե առանձնապես ձգտում ենք:

– Մարդ կա՝ ձգտում ա, մարդ կա՝ քիչ ա ձգտում, մարդ էլ կա՝ վաբշե՛ չի ձգտում:

– Բայց բոլորն էլ հեռու են:

– Ինչի՞ց են հեռու:

– Մեծատառով Մարդուց, այսինքն՝ Աստծուց:

– Հեռու են, բայց տարբե՛ր չափերով են հեռու:

– Ինչպե՞ս տարբեր չափերով:

– Ճանապարհի տարբեր հատվածներում են:

– Ովքե՞ր:

– Մենք:

– Բոլո՞րս:

– Առանց բացառության: Մենք էդ ճանապարհի տարբեր հատվածներում ենք:

– Ի՞նչ ճանապարհ:

– Ասում ա, չէ՞. ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան: Ամեն մեկս էդ անվերջանալի ճանապարհի տարբեր հատվածներում ենք:

– Ի՞նչ տարբեր հատվածներ,- հարցրեց Լիզան:

– Մեկը վաբշե՛ ճանապարհ չի ընկել, մյուսը նոր-նոր ա ճանապարհ ընկնում, երրորդը ճանապարհի կեսին ա, չորրորդն էլ արդեն ֆինիշին ա մոտենում,- ասացի ես:

– Ի՞նչ ֆինիշ:

– Վերջնագծին:

– Այսինքն, հասնո՞ւմ է:

– Ո՞ւր ա հասնում:

– Թումանյանի ասած մեծատառով Մարդուն, այսինքն՝ Աստծուն:

– Աստծուն հասնել չկա. շատ-շատ մոտենաս, կամ էլ՝ հեռանաս: Հասնել չկա:

– Եթե հասնել չկա, էլ ինչո՞ւ ենք ձգտում:

– Ձգտում ենք, որ հասնենք:

– Բայց ասում ես՝ հասնել չկա:

– Էդ չի նշանակում, որ չպիտի ձգտենք: Ձգտում ենք, որ մի քիչ էլ մոտենանք: Ինչքան մոտենաս՝ քյար ա:

– Հետաքրքիր է:

– Ի՞նչն ա հետաքրքիր:

– Հետաքրքիր է, որ քո էդ ահավոր ժարգոնով շատ բարձր բաներից ես խոսում:

– Ժարգոնով չեմ խոսում. իմ բնական լեզվով եմ խոսում:

– Քո բնական լեզուն, փաստորեն, ժարգոնն է:

– Ուղղակի քո բախտը բերել ա:

– Ի՞նչ առումով է բախտս բերել:

– Բախտդ բերել ա, որ Հայաստանի մայրաքաղաքը Ղափանը չի:

– Եթե Ղափանը լիներ՝ ի՞նչ կլիներ:

– Եթե Ղափանն ըլներ, ու դու Ղափանի լեզվով խոսայիր, կասեին՝ ժարգոնով ա խոսում:

– Ո՞վ կասեր:

– Բոլո՛րը: Բոլորը՝ բացի ղափանցիներից:

– Բայց ես հիմա է՛լ Ղափանի բարբառով չեմ խոսում:

– Որովհետեւ ամաչում ես:

– Ինչի՞ց եմ ամաչում:

– Քո բնական լեզվից:

– Ինչի՞ց ես ենթադրում, որ ամաչում եմ:

– Զգում եմ:

– Ի՞նչ գիտես, որ բնական լեզուս բարբառն է:

– Որ արձակուրդներին գյուղ էիր գնացել, հարազատներիդ ու ձեր գյուղացիների հետ գրական լեզվով էի՞ր խոսում:

– Չէ. մեր բարբառով էի խոսում: Բայց ես հարազատներիս ու համագյուղացիներիս հետ էս տեսակ բարձր բաներից չէի խոսում:

– Ցածր բաներից էի՞ք խոսում:

– Ո՛չ ցածր, ո՛չ էլ՝ բարձր. սովորական բաներից էինք խոսում:

– Շատ վատ ա:

– Ի՞նչն է շատ վատ:

– Շատ վատ ա, որ մեր խոսակցությունը սովորական խոսակցություն չես համարում:

– Բայց մենք հոգեւոր բաներից ենք խոսում:

– Շատ վատ ա, որ հոգեւոր խոսակցությունն արտասովոր ես համարում:

– Արտասովոր եմ համարում, որովհետեւ մարդիկ հազվադեպ են հոգեւոր բաներից խոսում:

– Շատ վատ ա, որ հազվադեպ են խոսում:

– Դու ամեն օր ե՞ս խոսում:

– Չէ. ամեն օր ո՞ւմ հետ խոսամ:

– Բա ո՞նց ես ինձ հետ խոսում:

– Դո՛ւ էդ թեման բացեցիր:

– Ի՞նչ թեմա:

– Ավետարանի ու Քրիստոսի: Թումանյանի էդ տողն է՛լ դու արտասանեցիր:

– Չարտասանեցի. ուղղակի հիշեցի էդ տողը:

– Դո՛ւ հիշեցիր:

– Ե՛ս հիշեցի, բայց դո՛ւ խորացար ու սկսեցիր վերլուծել: Դո՛ւ ասացիր, որ մեծատառով Մարդն Աստվածն է:

– Ես էդ խոսակցությունը հատուկ չբացեցի. ինքնիրա՛ն ստացվեց:

– Ես է՛լ պատահաբար հիշեցի Թումանյանի էդ տողը:

– Պատահական ոչ մի բան չի ըլնում:

– Այսօրվա ամբողջ օրը ծայրեծայր պատահականություն էր՝ իմ ու քո հանդիպումն էլ ներառյալ:

– Աչքի՛դ ա էրեւում:

– Ուզում ես ասել՝ պատահականություն չի՞: Եթե մեկ րոպե ուշ կամ շուտ տանից դուրս գայի՝ իրար չէինք հանդիպի:

– Ես է՛լ որ տղերքի հետ մի քանի րոպե ավել նստեի՝ էլի՛ իրար չէինք հանդիպի:

– Իմ ասածն ես հաստատում:

– Ո՞ր ասածդ եմ հաստատում:

– Որ պատահաբար ենք հանդիպել:

– Ըտենց որ մտածենք՝ մեր ծնվելն է՛լ ա պատահականություն: Մեր ծնողներն իրար պատահականորեն որ չհանդիպեին՝ մենք չէինք ծնվի:

– Փաստորեն, կյանքում պատահականությունը որոշիչ դեր կարող է ունենալ:

– Բայց մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, որ էսօրվա էս պատահականությունները տեղի ունենան:

– Ի՞նչ ենք արել:

– Դու վայրկյանների ճշտությամբ տնից դուրս ես էկել, ես էլ վայրկյանների ճշտությամբ տղերքից պոկվեցի. իրանք զոռում էին, որ մնամ՝ նարդի խաղանք, բայց չմնացի: Էրկուսս էլ էսօր առավոտ զարթնել ենք ու, փաստորեն, վայրկյանների ճշտությամբ նախապատրաստել ենք էսօրվա մեր հանդիպումը:

– Թամրազյանն էլ վայրկյանների ճշտությամբ թատրոնի դահլիճն է լքել:

– Ես ամենասկզբի՛ մասին եմ խոսում. Թամրազյանը շարունակությո՛ւնն ա: Եթե ինձ ձեր կուրսի Կառայի հետ չծանոթացնեիր, մենք է՛լ, փաստորեն, չէինք ծանոթանա:

– Էլի՞ Կառա:

– Հանաք եմ անում:

– Կառան է՛լ էր շարունակություն: Ի սկզբանե Բանն էր. եթե դու Շիրազի գրքի մասին խոսակցություն չբացեիր, ես քեզ դժվար թե Կառայի հետ ծանոթացնեի:

– Ի սկզբանե քո ժպի՛տն էր: Եթե դու ինձ չժպտայիր, դժվար թե հետեւիցդ էդքան երկար գայի: Որ տղերքի հետ մի բակալ ավել խմեինք, հիմի իրար հետ չէինք պարի:

– Էս պարել ե՞ս համարում:

– Կյանքումս էսքան հավեսով պարած չկամ:

– Երեւի ուզում ես ասել՝ էսքան երկար:

– Համ էլ՝ էսքան երկար:

– Բայց դու մի բան հաշվի չես առնում:

– Ի՞նչը:

– Քույրս շատ էր խնդրում, որ հաց առնեմ ու նո՛ր իմ գործերով գնամ:

– Չառա՞ր:

– Չէ:

– Ինչի՞:

– Որ հացի գնայի՝ իրար չէինք հանդիպի:

– Այսինքն, դու գիտեի՞ր, որ հանդիպելու ենք:

– Ինչ-որ բան զգում էի,- ասաց Լիզան ու ավելացրեց.- թե չէ՝ քանի՞ գլուխ ունեմ, որ քույրս հացի ուղարկեր՝ չգնայի:

– Փաստորեն, վայրկյանների ճշտությամբ կանխազգացել ես մեր հանդիպման պահը:

– Դու է՛լ ես կանխազգացել,- ժպտաց Լիզան.- թե չէ՝ ընկերներիդ հետ կշարունակեիր գարեջրախմությունը:

– Նարդի խաղալուց էլ հրաժարվեցի:

– Փաստորեն, դու է՛լ ես վայրկյանների ճշտությամբ կանխազգացել մեր հանդիպումը. թե չէ՝ ո՞վ է տեսել, որ ժամանակակից երիտասարդը գարեջրից ու նարդուց հրաժարվի:

– Էդ իմ կյանքում առաջին դեպքն ա:

– Ի՞նչը:

– Որ նարդի խաղալուց հրաժարվեմ:

– Հուսով եմ՝ վերջինը կլինի,- ծիծաղեց Լիզան:

Էդ պահին Թամրազյանն ու Նորան պարելով մոտեցել էին մեզ, եւ երբ Լիզան սկսեց ծիծաղել, Թամրազյանը կողքից ասաց.

– Էդ ինչի՞ վրա ես հռհռում, Լի՛զըչկա:

– Զրուցում ենք, ընկեր Թամրազյան,- ասաց Լիզան:

– Ի՞նչ թեմայով եք զրուցում ,- հարցրեց Թամրազյանը:

– Հոգեւոր,- ասացի ես:

– Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու է Լիզըչկան հռհռում,- ասաց Թամրազյանը:

Երբ նրանք պարելով հեռացան, Լիզան ասաց.

– Իզուր ես էդ թեմայով կատակներ անում:

– Ո՞ր թեմայով:

– Հոգեւոր: Մենք մեր հանդիպման մանրամասներից էինք խոսում, իսկ դու ասում ես՝ հոգեւոր թեմայով ենք զրուցում:

– Սխալ բան չեմ ասել: Պարզվում ա՝ մեր հանդիպման հարցում նախախնամության մատը լավ էլ խառն ա: Հոգեւոր թեման հո մենակ էն չի՞, որ մի գլուխ Աստծո անունը շոշափես: Գյուղի ձեր էդ հարեւանի հետ Աստծո անունը միշտ շոշափո՞ւմ էիք:

– Ի՞նչ հարեւան:

– Որ Ավետարանը քեզ ա տվել: Իրա հետ որ խոսում էիք, Աստծո անունը շատ էի՞ք տալիս:

– Համարյա միշտ:

– Աստծո անունը չի՛ կարելի չարաշահել:

– Մենք Աստծո անունը չենք չարաշահել. պարզապես Աստծո մասին էինք խոսում:

– Ձեր բարբառո՞վ էիք խոսում:

– Բնականաբար:

– Բռնվեցի՞ր,- ծիծաղեցի ես:

– Ինչո՞ւ ես ծիծաղում:

– Մի քիչ առաջ ասում էիր, որ մենակ գրական լեզվով ա հնարավոր բարձր բաներից խոսալ: Բա դուք ո՞նց էիք Աստծո մասին բարբառով խոսում:

– Հաստատ չեմ հիշում՝ բարբառո՞վ էինք խոսում, թե՝ գրականով:

– Որ հաստատ չես հիշում, ուրեմն կարեւոր չի՝ ինչ լեզվով եք խոսել: Կարեւորն էն ա, թե ինչ եք խոսել:

– Ասում ես՝ մեր հանդիպման հարցում Աստծո մատը խա՞ռն է,- ժպտաց Լիզան:

– Հարո՛ւր տոկոսով,- ժպտացի ես:

Հիմա մեր էս խոսակցությունը գրի առա ու ակամա հիշեցի Հրանտ Մաթեւոսյանի կատակն իր ու իր տիկնոջ՝ Վերժինեի առաջին ու ճակատագրական հանդիպման մասին, եւ իրենց էդ առաջին հանդիպման մանրամասները նկարագրելով՝ Հրանտն ասում էր, որ այսինչ թվականին Մեսրոպ Մաշտոցը տառերն է հորինել, հետո այնինչ թվականին Ավարայրի ճակատամարտն է տեղի ունեցել, հետո պատմական այլեւայլ իրադարձություններ են տեղի ունեցել, այնուհետեւ մերոնք Հիտլերին հաղթել են, ու խաղաղ ժամանակը վերսկսվել է, որպեսզի հազար ինը հարյուր հիսունութ թվականի սեպտեմբերի մեկին Երեւանի Մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի թիվ յոթ լսարանում ինքն ու Վերժինեն իրար հանդիպեն, եւ, իհարկե, Հրանտն էդ ամենը կատակով էր ասում, բայց տիկին Վերժինեն լրջանում ու ճշտում էր՝ ո՛չ թե սեպտեմբերի մեկին, այլ՝ սեպտեմբերի քսանութին, ու հետո բացատրում էր, որ Հրանտն ինստիտուտ ընդունվելու հույսը լրիվ կտրած՝ ամբողջ սեպտեմբեր ամսին իրենց խոտհարքներում խոտ հնձելիս է եղել եւ սեպտեմբերի վերջերին Երեւան գալով՝ համենայն դեպս մտել է Մանկավարժական ու իր ընդունված լինելն իմանալով՝ անվստահ ու օտարոտի մտել է լեզվագրականի թիվ յոթ լսարան ու լսարան մտնելով՝ անմիջապես կողմնորոշվել ու Վերժինեի կողքն է նստել, եւ սա տիկին Վերժինեի վարկածն էր, իսկ Հրանտի վարկածով՝ երբ ինքը մտել է թիվ յոթ լսարան, եւ երբ Վերժինեն իրեն տեսել է, անմիջապես ու կտրուկ տեղափոխվել է նստարանի եզրը՝ Հրանտի համար լիուլի տեղ ազատելով ու հասկացնելով, որ հենց ի՛ր կողքը նստի, եւ Հրանտը հենց էդպես էլ արել է, ու երկուսի ճակատագրերն էդպես իրար են կապվել ու մինչեւ հիմի էլ կապված են, ու չնայած ճակատագրապաշտ չեմ, բայց էս պահին մտքովս անցավ, որ եթե իրենք իրար չհանդիպեին, Հրանտ Մաթեւոսյանը երեւի միանգամայն ա՛յլ Հրանտ Մաթեւոսյան լիներ, եւ եթե իրար չհանդիպեին, Վերժինեն է՛լ դժվար թե էսքան Վերժինե լիներ, եւ իրենց էդ պատմությունը միանգամայն պատահաբար հիշեցի եւ ոչ թե՝ որպես իմ ու Լիզայի էդ պատահական հանդիպման զուգահեռ, եւ զուգահեռն էս դեպքում բացառվում է, որովհետեւ եթե իրենց էդ հանդիպումն իրենց հավերժորեն կապեց իրար, ապա իմ ու Լիզայի էդ պատահական հանդիպումն ինձ ու իրեն հավերժորեն հեռացրեց իրարից, եւ իմ ու Հրանտի միջեւ զուգահեռն է՛լ է անթույլատրելի հենց թեկուզ է՛ն առումով, որ Հրանտը շատ լուրջ ու շատ մեծ գրող է, ու չնայած Հրանտը շատ մեծ գրող է, իրենց էդ առաջին հանդիպման պատմությունը Վերժինեն շատ ավելի համով էր պատմում, եւ Վերժինեի ու Լիզայի միակ ընդհանրությունն էլ էն է, որ երկուսն էլ ծագումով ղափանցի են:

Նորոն ջանք չէր խնայում, բայց ձայնն արդեն մարում էր, եւ իր «Երեքնուկն» արդեն ոչ մի կերպ մեզ չէր հասնում, եւ իր երգն արդեն ո՛չ թե խանգարում, այլ նույնիսկ նպաստում է՛լ էր իմ ու Լիզայի խոսակցությանը, եւ Լիզան մեկումեջ ու զուգահեռաբար Նորոյի հետ «Երեքնուկի» բառերն էր մրմնջում՝ ավելի շեշտելով ու խորացնելով էդ ամբողջ զգացմունքային մթնոլորտը:

– Ինչքան հասկանում եմ՝ այս տղան իր «Երեքնուկը» երբեւէ չի ավարտելու,- ժպտաց Լիզան:

– Շատ զարմանալի կըլնի՝ որ ավարտի,- ասացի ես:- Քեզ խանգարո՞ւմ ա:

– Ընդհակառակը,- շարունակեց ժպտալ Լիզան.- եթե շուտ ավարտած լիներ՝ ահագին բան չէի իմանա:

– Ի՞նչ չէիր իմանա:

– Օրինակ, չէի իմանա, որ մեր էս հանդիպումը ո՛չ թե պատահականություն էր, այլ՝ անհրաժեշտություն:

– Հիմա գիտե՞ս:

– Հիմա շա՜տ բան գիտեմ:

– Ուրի՞շ ինչ գիտես:

– Արդեն ամեն ինչ գիտեմ:

– Օրինակ:

– Արդեն գիտեմ, որ Մանկավարժականն էնքան է՛լ անմակարդակ տեղ չի:

– Է՞լ ինչ գիտես:

– Արդեն գիտեմ, որ գյուղից շուտ գալս շատ էլ ճիշտ էր:

– Է՞լ:

– Շատ ճիշտ արեցի, որ հացի չգնացի:

– Ուրի՞շ:

– Ճիշտ եմ արել, որ Կինոյի տան մոտ քեզ ժպտացել եմ:

– Կոշիկի՛ տան մոտ:

– Մի խոսքով, ամեն ինչ ճիշտ եմ արել:

– Մենակ քո ճիշտ անելը շատ քիչ կըլներ: Ես է՛լ եմ ամեն ինչ ճիշտ արել:

– Մնում է, որ շարունակությունը ճիշտ լինի:

– Ճիշտը ո՞րն ա:

– Չգիտեմ: Երեւի յուրաքանչյուրն ի՛ր ճշմարտությունն ունի:

– Քո ճշմարտությունը ո՞րն ա:

– Իմն է՛լ չգիտեմ: Որը որ բարին է՝ թող էն էլ Աստված կատարի:

– Լավ ես ասում:

– Տատիս սիրած խոսքն է:

– Ասում եմ, չէ՞. տատդ մեծ փորձ ունի:

– Էլի՞ ես տատիս ձեռ առնում:

– Ընդհա՛կառակը՝ գովում եմ:

– Ես տատիս շատ եմ սիրում: Միայն ինքն է ինձ հասկանում:

– Ի՞նչ հարցում:

– Բոլոր հարցերում: Ես ու ինքը կես խոսքից իրար հասկանում ենք:

– Հետո էլ ասում են՝ սերունդների տարբերություն:

– Սուտ բան է: Տատս ինձ ավելի լավ է հասկանում, քան՝ հասակակիցներիցս շատերը:

– Նայած հասակակից: Ես, օրինակ, քեզ շատ լավ եմ հասկանում:

– Դու ինձ ի՞նչ հասակակից:

– Կարող ա՞ տատիդ թայն եմ:

– Բանակ ծառայած մարդ ես: Զգացվում է, որ դու է՛լ պակաս կյանքի փորձ չունես:

– Ինչի՞ց ա զգացվում:

– Մեծ-մեծ խոսելուցդ: Շատ ուժեղ փիլիսոփայում ես: Փաստորեն, ամեն ինչ գիտես:

– Ես չեմ ասել, թե ամեն ինչ գիտեմ:

– Պարտադիր չի, որ դու ասես: Եթե դո՛ւ ասեիր՝ չէի հավատա:

– Ինձնից մեծի տեղ դրեցիր խեղճիս:

– Հիմա՞ ում ես ցիտում:

– Շեքսպիրին: Ավելի ճիշտ՝ Համլետին: Ավելի ճիշտ՝ ո՛չ թե ցիտում եմ, այլ՝ իմպրովիզ եմ անում:

– Ջազմեն է՞լ ես: Միգուցե Արմսթրոնգին է՞լ ես ճանաչում:

– Ես չեմ ճանաչում, բայց ընկերս ճանաչում ա:

– Ընկերդ ո՞վ է:

– Շերենցը:

– Շերե՞նցն ինչ կապ ունի:

– Ո՞նց թե՝ ինչ կապ ունի. ընկե՛րս ա:

– Ասում եմ՝ Շերենցն Արմսթրոնգի հետ ի՞նչ կապ ունի:

– Ինքը Արմսթրոնգի պլաստինկեն ունի:

– Էդքան բա՞ն: Ես է՛լ Արմսթրոնգի ձայնասկավառակն ունեմ:

– Համ էլ՝ իրանք թայդաշ տղերք են. փաստորեն, նույն սերունդն են:

– Ես էլ կարծեցի՝ իսկապե՛ս ճանաչում է Արմսթրոնգին: Շատ զարմանալի կլիներ՝ եթե քո այդ Շերենցն Արմսթրոնգին գոնե մեկ անգամ մոտիկից տեսած լիներ:

– Ավելի զարմանալի կըլներ՝ եթե Արմսթրո՛նգը Շերենցին մոտիկից տեսած ըլներ:

– Բնականաբար:

– Ինքը Արմսթրոնգին մոտիկից չի տեսել, բայց Փափազյանին ա շատ մոտիկից տեսել:

– Շատ տարբեր բաներ են:

– Էրկուսն էլ սեւ են:

– Մեկինը գրիմ էր, մյուսը բնականի՛ց էր սեւ:

– Ավելի վատ՝ Արմսթրոնգի՛ համար: Փափազը հենց իրա սեւությունից հոգներ՝ կարար գրիմը մաքրեր ու մեր պես սովորական մարդ դառնար:

– Իսկապես. Արմսթրոնգը մեզ պես սովորական մարդ դառնալու հնարավորություն չունի:

– Որովհետեւ Շերենցին մոտիկից չի տեսել:

– Փափազյանը Շերենցին մոտիկից տեսել է, բայց ինքն է՛լ սովորական մարդ չի եղել:

– Ո՞վ ա ասում:

– Տեսնողները:

– Ո՞վ ա ասում, որ Փափազը Շերենցին մոտիկից տեսել ա:

– Նոր դու էիր ասում:

– Ես ասում էի, որ Շերենցն ա Փափազին մոտիկից տեսել, ո՛չ թե Փափազը՝ Շերենցին:

– Ի՞նչ տարբերություն:

– Շատ մեծ: Տարբերությունը նայելու ու տենալու մեջ ա:

– Այսինքն:

– Այսինքն, Շերենցը Փափազին մոտիկից նայել ու տեսել ա, իսկ Փափազը Շերենցին նայել ա, բայց չի տեսել:

– Ինչո՞ւ չի տեսել:

– Որովհետեւ ուշադիր չի նայել: Պիտի շատ ուշադիր նայես, որ տենաս:

– Իսկ ինչո՞ւ ուշադիր չի նայել:

– Որովհետեւ չի իմացել, որ դիմացինը Շերենցն ա:

– Էդ խեղճ մարդու անունը Փափազյանը դժվար էլ լսած լիներ:

– Կոնկրետ էս դեպքում խեղճը Փափազն ա:

– Ինչո՞ւ է խեղճ:

– Որ Շերենցին չի տեսել. ավելի ճիշտ՝ Շերենցին նայել ա, բայց չի տեսել:

– Որ տեսներ՝ դրանից Շերենցը կփոխվե՞ր:

– Փափա՛զը կփոխվեր:

– Էնպես ես Փափազ ասում՝ կարծես հարյուր տարվա ընկերդ է եղել:

– Զատո՝ Շերե՛նցն ա ընկերս:

– Լա՜վ հպարտանալու բան ես գտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել