Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս տեսակ այլասերումը չեմ ընկալում»

Սեպտեմբեր 20,2006 00:00

\"\"Սեպտեմբերի 18-ից բացվել է Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովը, որը առաջին իսկ օրվանից դժգոհություններ է առաջացրել մասնակիցների շրջանում:

Սփյուռքահայ արվեստագետ, այժմ արդեն հայաստանաբնակ Սարգիս Հացպանյանը «Առավոտին» ներկայացրեց իր տպավորություններն ու մտահոգությունները:

«Սա անունով Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովն է: Երեքն էլ վատ էին թատերականացված: Եվ Հայաստան, եւ Սփյուռք հասկացություններն այս համաժողովին էլ իմաստազրկվեցին. իրական Հայաստանը ներկայացված չէր, որովհետեւ Հայաստան չի նշանակում իշխանություն, այն էլ՝ չընտրված: Իսկ Սփյուռքը այն մարդիկ չէին, ովքեր եկել էին համաժողովի: Ոչ ոք իրենց չէր ընտրել ու լիազորել: Մի խոսքով՝ Սփյուռքի գաղթօջախների նույնիսկ 1%-ը ներկայացված չէր: Բոլոր 3 համաժողովներում իսկապես սրտացավ մարդիկ միայն ֆիզիկապես են ներկա, որովհետեւ նրանցից ոչ մեկին քննարկումներին մասնակցելու իրավունք չի տրվում: Համաժողովները ԽՍՀՄ-ի ժամանակների կոմունիստական կուսակցության համագումարներն են հիշեցնում: Այն ժամանակ գոնե ներգաղթի կոմիտե կար, Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտե, որը ուներ հեռախոս, շենք, աշխատողներ: Ազատ, անկախ Հայաստանում սփյուռքյան այդ համակարգը վերացել է: Մարդիկ չգիտեն հայրենադարձվելու համար ում դիմել, ինչ անել: Խորհրդային շրջանի գյուղսովխոզը ավելի լուրջ կկազմակերպեր այս ամենը… Համաժողովը եկածների մի մասի համար ձեռի հետ Հայաստանը տեսնելու առիթ էր: Ես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավելի շատ անշարժ գույքի գործակալներ եւ գործակալությունների բուկլետներ բաժանող մարդիկ տեսա, քան, ասենք, Արցախի հարցի վերաբերյալ մտածողների: Նաեւ Հյուսիսային պողոտայի եւ Կենտրոնի հին երեւանաբնակներին տներից վտարած եւ նրանց հողերին մի քանի կոպեկով տիրացած սփյուռքահայերի տեսա, որոնք անշարժ գույքի գործակալների միջոցով, այսպես ասած, կլիենտ կպցնելու էին եկել: Այսինքն՝ նույն սփյուռքահայի համար այս Հայաստանը այնքան արժե, որքան ինքը վճարել է մարդկանց՝ իրենց հողատարածքներից գրոշներով վտարելու համար: Այս աստիճանի այլասերումը ես չեմ ընկալում: Համաժողովի բացումը հիշեցնում էր Բաբելոնի աշտարակաշինությունը, երբ Ռուսաստանից եկած մարդը ռուսերեն էր խոսում, ես ու ինձ նման շատերը չէինք հասկանում, ԱՄՆ-ից եկածն էր խոսում՝ չէին հասկանում մյուսները: Թարգմանիչները պատրաստ էին թարգմանելու, բայց տեխնիկա չկար, մինչդեռ ցանկացած ռաբիս երգչի համերգին տեխնիկա կարողանում են հայթայթել: Ինչո՞ւ են Սփյուռքի եւ Հայաստանում ապրողների 99%-ին խաբում: Նպատակը ո՞րն է գաղափարազուրկ ու իմաստազուրկ այս ժողովի: Ես սփյուռքահայ եմ, այսքան տարի ապրում եմ Հայաստանում, Արցախն անգիր գիտեմ, մասնակցել եմ անկախության ծննդին, բանակի կայացմանը, պատերազմ եմ անցել: 24 ժամ Հայաստան եմ շնչում: Եթե իմ նմանները չպիտի խոսեն, հարցեր բարձրացնեն ու պատասխաններ ակնկալեն, ապա էլ ո՞վ, 4 անգամ տուրիստ եկա՞ծը, որ հանձնաժողով է նախագահում: Ախր այսպես չպիտի կերտվի Հայաստանը: Ինձ թվում է՝ այս ամբողջ համաժողով կոչվածում հատկապես մի կարեւոր հարց պիտի քննարկվեր՝ Սփյուռքի նախարարություն հիմնելու որոշումով պիտի հանդես գային իշխանությունները, ինչը Սփյուռքում իրոք հուզում կառաջացներ: Պիտի ամեն ինչ ուղղվեր հայրենադարձության կազմակերպմանը՝ դեպի Հայաստան ու Արցախ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել