Քաշաթաղի շրջանում քանդում են, որ սարքե՞ն
Լուսանկարի այս փաստաթուղթը մենք ձեռք ենք բերել Բերձորում: Ինչպես տեսնում եք, լիազորագրով թույլատրված է «Յուպիտեր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրիկ Պետրոսյանին մի քանի բնակավայրերում կիսաքանդ շենքերից ապամոնտաժել երկաթբետոնե կոնստրուկցիաներ՝ շրջանում շինմոնտաժային աշխատանքներ կատարելու համար:
Մենք փորձեցինք պարզել՝ արդյոք Քաշաթաղի վարչակազմում որեւէ տեղ նշվա՞ծ է, թե այս ընկերությունը որքան երկաթբետոնե կոնստրուկցիաներ է հանձնել՝ շրջանում շինարարական աշխատանքներ կատարելու համար: «Նման բան երբեւէ չի եղել»,- ասաց վարչակազմի պաշտոնյաներից մեկը, ում անունը նշել չենք կարող: Մեր աղբյուրը նշեց նաեւ, որ այս կազմակերպությունը 1995-ից է նման գործունեություն ծավալել: Ինչո՞ւ է առաջացել նման փաստաթղթի անհրաժեշտությունը: Մուշ գյուղում դպրոցն առանց տանիքի էր, կիսաքանդ, սակայն շենքը լավ վիճակում էր, եւ գյուղացիները որոշել էին այն վերանորոգել: Շենքը ծառայելու էր որպես դպրոց, գյուղապետարան եւ հավաքատեղի: Գյուղացիները ոտքի են կանգնել եւ արգելել Յուրիկ Կարապետյանին քանդել շենքը: Վերջինս էլ գնացել է եւ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանից բերել ահա այս լիազորագիրը: Սա իրականում թալանի իրականացման լիազորագիր է: Յուրիկ Կարապետյանը Մուշի գյուղապետարանին որպես փոխհատուցում վճարել է 50 հազար դրամ: Մուշի դպրոցից նա տարել է 150 պանել, որոնք հիմնականում վաճառել է Գորիսում, իսկ այնտեղ մեկ պանելն արժե նվազագույնը 100 դոլար: Թե այդ գումարից որքա՞նն է տրվել Հ. Խաչատրյանին՝ հայտնի չէ: Յուրիկ Կարապետյանը քանդել է նաեւ Այգեհովիտ գյուղի գինու գործարանի կոնստրուկցիաները: Իսկ գործարանը որոշել էր վերականգնել Թուֆենկյան հիմնադրամը, որը Այգեհովիտ եւ Ուռեկան գյուղերում վերականգնել է 35 հա խաղողի այգիներ: Այժմ խաղողը մթերվում է 70 կմ հեռավորության վրա գտնվող Հադրութի գործարանում: Սա, իհարկե, անհեթեթություն է, երբ թալանվում են կիսաքանդ շինությունները, ջրագծերը, իսկ հետո բյուջեով հատկացումներ են կատարվում շինանյութ ձեռք բերելու, ջրագծեր անցկացվելու համար:
2005-ի նոյեմբերից սկսվեց Բերձորի գազիֆիկացումը: Այդ նպատակով նախորդ իշխանությունների ժամանակ պահեստավորվել էր մի քանի կմ խողովակ, որը ներառված էր շինարարական աշխատանքների արժեքի մեջ: Հետո պարզվել է, որ վարչակազմի նոր ղեկավար Համլետ Խաչատրյանը դրանք վաճառել է: Քրեական գործ հարուցելու փոխարեն ԼՂՀ կառավարությունը բյուջեով նոր հատկացում է կատարել խողովակ ձեռք բերելու համար: Նման փաստերը բազմաթիվ են, եւ այս ամենի մասին գիտեն թե՛ ԼՂՀ-ի, թե՛ Հայաստանի իշխանությունները: Հավանաբար՝ վերջիններիս Քաշաթաղում տարվող նման քաղաքականությունը անհրաժեշտ է այս տարածքներից մարդկանց հեռացնելու համար: Եվ դա, կարծես թե, հաջողվում է նրանց: