Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետությունը միայն վտարելու տերն է

Սեպտեմբեր 20,2006 00:00

\"\"Վտարվածների հետագա ճակատագիրը նրան չի հուզում

Շուրջ ութ տարի է՝ Կենտրոն համայնքի հինգ ընտանիք պետական կարիքների անվան տակ վտարվել է սեփական բնակարաններից եւ մինչ օրս անտուն է: Այդ ընտանիքներին 1998 թ՛ Նալբանդյան 130 հասցեում գտնվող իրենց տներից զրկել է ՀՀ կառավարությունը՝ պատճառաբանությամբ, որ տարածքն իրացվում է՝ Ներքին գործերի նախարարության վարչական շենքը կառուցելու նպատակով: Փոխարենը ընտանիքներին խոստացվել է նոր բնակարաններ՝ քաղաքի ցանկացած վայրում: Այդ մասին նույնիսկ նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի որոշումը կա, ըստ որի՝ ՆԳՆ-ն պետք է այդ ընտանիքներին կամ բնակարան հատկացնի, կամ էլ փոխհատուցի համարժեք գումարով:

Սակայն քաղաքապետի որոշումն այդպես էլ չի կատարվել եւ ՆԳՆ-ն անտուններին տեղավորել է Արաբկիր համայնքում գտնվող չգործող մի մանկապարտեզի շենքում եւ հորդորել է դրանով բավարարվել: Վտարված բնակիչներից մեկի՝ Գոհար Գասպարյանի խոսքերով, բացի այն, որ մանկապարտեզում բնակվելու համար անմարդկային պայմաններ են, հինգ ընտանիքներին հատկացված տարածքը մի քանի անգամ փոքր է իրենց տների ընդհանուր տարածքից. «Հինգ ընտանիքն էլ նախկին հասցեում առանձին տնտեսություն է վարել, առանձին բակ, այգի է ունեցել, սակայն բոլորին մի լքված մանկապարտեզ են տրամադրել եւ հարցը փակել»: Անտուն բնակիչները մանկապարտեզում չեն հարմարվել եւ մինչ օրս հարազատների տներում են ապրում: Բնակիչներից ոմանք էլ չհաշտվելով փոխհատուցման պայմաններին, Նալբանդյան 130 հասցեի գրանցումից դուրս չեն եկել: Վերջիններիս գրանցումից հանելու համար նախարարությունը նրանց առաջ պայման է դրել՝ եթե բնակիչները նախկին հասցեի գրանցումից դուրս չգան՝ մանկապարտեզի սենյակների բանալիները չեն ստանա: Գ. Գասպարյանի խոսքերով, իշխանությունների երեսից իր եւ վտարված 4 ընտանիքներն արդեն ութը տարի է մղձավանջի մեջ են. «Ես ու որդիս ապրում ենք քրոջս տանը ու մեր ներկայության պատճառով քրոջս ամուսինը տնից թողել-գնացել է: Այս ամենից ավելի է բարդացել հոգեկան խնդիրներ ունեցող որդուս առողջական վիճակը: Ես էլ մինչ օրս նախկին հասցեում եմ գրանցված եւ քանի որ գրանցումից դուրս չեմ գալիս, նախարարությունն ինձ մանկապարտեզից էլ է զրկել»: Վերջերս էլ Գ. Գասպարյանը պարզել է, որ մանկապարտեզում իրեն հասանելիք սենյակում նոր բնակիչներ են տեղավորվել եւ, ըստ նրա, չի բացառվում, որ այդ ընտանիքին նախարարությունն է հովանավորում: Ի դեպ, երբ օրերս այցելեցինք Նալբանդյան 130 հասցե, որտեղ պետք է լիներ նախարարության վարչական շենքը, պարզվեց, որ դեռ շենքի հիմքն է գցված. «Եթե պետք է շենքը այդքան ուշ կառուցեին, ինչու մեզ այսքան տարի անտուն-անտեր դռնեդուռ գցեցին»,- վրդովված պատմում էր Գ. Գասպարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել