Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՆԴԻԿՆԵՐԻ ՀԵՏ «ԲԱՐԻՇԵ՞Լ» Է

Սեպտեմբեր 20,2006 00:00

\"\"Բնապահպանության նախարարը շարունակում է հետապնդել «Գլոբալ գոլդին»

Ընդամենը մի քանի ամիս առաջ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը շատ վատ հարաբերություններ ուներ ոսկու հանքերի ուսումնասիրմամբ եւ արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ ամերիկյան «Գլոբալ գոլդի» եւ հնդկական ներդրումով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) հետ: Բայց վերջին շրջանում, չգիտես ինչու, նախարարը կենտրոնացել է հատկապես «Գլոբալ գոլդի» վրա եւ կարծես թե մոռացել է «ԱՈԱՁ»-ի մասին: Նախկինում ոսկու հանքերի թեման նախարարին նյարդայնացնում էր, եւ նա հատկապես մեղադրանքների շարք էր ներկայացնում «ԱՈԱՁ»-ի հետ կապված՝ ասելով, թե «հնդիկները մեկ տոննա ոսկու պաշար են թաքցնում, մեր հանածոները կողոպտում են, լիցենզիայի կետերը խախտում են» եւ այլն: Սակայն վերջերս հնդիկների հետ կապված խոսակցությունները մարել են: Թե ինչպես եւ ինչ հողի վրա են նախարարն ու «ԱՈԱՁ» ներկայացուցիչները վերջապես հաշտվել կամ հաշտվե՞լ են, արդյոք, թե՞ սա ժամանակավոր զինադադար է՝ ե՛ւ պարոն Այվազյանը, ե՛ւ ձեռնարկության տնօրինությունն այդ մասին լռում են:

Օրերս Հայաստան էր եկել «ԱՈԱՁ» ընկերության բաժնետեր, ազգությամբ հնդիկ մեծահարուստ Անիլ Ագարվալը: Տարօրինակն այն էր, որ նա ջերմ ընդունելության արժանացավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, մինչդեռ այս տարվա հունվարին տեղի ունեցած նրա նախորդ այցելության ժամանակ պարոն Ագարվալը թեեւ փորձել էր հանդիպում ունենալ ոչ միայն նախագահի, այլեւ գոնե որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, բայց բոլորի կողմից մերժվել էր: Իսկ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա Ագարվալի այցելության նպատակը նույնն է՝ նախ հարթել բնապահպանության նախարարի հետ կապված խնդիրները, հետո ստանալ նրա թույլտվությունը Սեւանի ավազանում ոսկու կորզման նոր գործարան կառուցելու համար: Մեր տեղեկություններով՝ նա Վարդան Այվազյանի հետ լեզու է գտել եւ, հավանաբար, այդ է պատճառը, որ նախարարի վերաբերմունքը ձեռնարկության նկատմամբ փոխվել է: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ այս այցելության ժամանակ նախագահը համաձայնել է հանդիպել Անիլ Ագարվալի հետ: Այս առնչությամբ մենք պարոն Այվազյանից հետաքրքրվեցինք, թե հանդիպե՞լ է մեծահարուստին եւ ինչպե՞ս է «բարիշել» ձեռնարկության ներկայացուցիչների հետ: Վարդան Այվազյանի պարզաբանմամբ՝ նա Անիլ Ագարվալի երեսն էլ չի տեսել, իսկ ձեռնարկության մասին չի խոսում, քանի որ «նրանք հասկացել են, որ մենք ճիշտ էինք, դրա համար էլ ձայն չեն հանում, հակառակ դեպքում դատի էին ուզում տալ, ինչո՞ւ չեն տալիս»: Մինչդեռ «ԱՈԱՁ» տնօրեն Վարդան Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նույն խոսքերն ասաց նախարարության հասցեին՝ «երեւի նախարարությունը հասկացել է, որ մենք ճիշտ ենք ու որոշել է էլ չանհանգստացնել, մենք տնտեսական դատարանում 3 լսում ենք ունեցել եւ վերջին լսումների ժամանակ նախարարությունն առաջարկել է կնքել հաշտության պայմանագիր»:

Քանի որ «ԱՈԱՁ»-ն մեջտեղից դուրս է եկել, նախարարի մեղադրանքներն այժմ ուղղված են միայն «Գլոբալ գոլդի» դեմ: Օրերս Վարդան Այվազյանի հրամանով՝ նախարարության մասնագետներին հանձնարարվել է ուսումնասիրություններ կատարել Գեղարքունիքի մարզի Գետիկի հանքավայրում, կոպիտ ասած՝ «Գլոբալ գոլդի» վրա «կեղտ բռնելու» համար: Մասնավորապես, պետք է ստուգվեր՝ «Գլոբալ գոլդը» կատարո՞ւմ է պայմանագրով հաստատված իր պարտավորությունները, թե՞ ոչ: Ուսումնասիրության արդյունքում բնապահպանները մի ակտ են կազմել, որն այժմ մեր ձեռքի տակ է: Այնտեղ նշված է, որ ընկերությունն ամեն ինչ կատարել է պատշաճ մակարդակով, դաշտային մատյանները լրացված են բարեխիղճ եւ բավարար մանրամասնությամբ: Միակ թերությունը, որ հայտնաբերել են Վ. Այվազյանի մարդիկ, երկրաբանահետազոտման աշխատանքների ժամկետների շեղումներն են, ուրիշ ոչինչ: Երբ այս առնչությամբ նախարարությունից հետաքրքրվեցինք, թե շարունակելո՞ւ է նախարարը Գետիկի հանքավայրի հետ կապված որեւէ մեղադրանք ներկայացնել, պարզվում է՝ այո. «Այդ ակտը դեռ ոչինչ չի նշանակում, նրանք Գետիկում ուրան են հետազոտում՝ առանց լիցենզիայի»:

«Գլոբալ գոլդի» տնօրինությունը հավաստիացնում է, որ ուրանի պաշարների ուսումնասիրության համար առանձին լիցենզիա պետք չէ, ուսումնասիրման նախագծով հաստատվում է, որ մենք պետք է ընդերքի ամբողջ պարունակությունն ուսումնասիրենք, հետո թե ինչ կհանենք՝ նախապես կզգուշացնենք: Իսկ բնապահպանները մեջբերում են «Ընդերքի մասին» օրենսգիրքը, որի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման եւ շահագործման նպատակով ընդերքօգտագործողներ են համարվում միայն հատուկ թույլտվություն ունեցող՝ իրավաբանական անձինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել