Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թյուրքական աշխարհը՝ ընդդեմ հայերի

Սեպտեմբեր 20,2006 00:00

«Թյուրքական աշխարհի դեմ կանգնած է կազմակերպված հայկական սփյուռքը, որն այդ աշխարհի երկրներին վնաս է հասցնում՝ կեղծ քարոզչություն տարածելով»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ ելույթ ունենալով Թրքախոս երկրների եւ համայնքների՝ թուրքական Անթալիա քաղաքում կայացած 10-րդ կոնգրեսում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մենք պետք է հարձակման անցնենք եւ ջախջախենք նրանց քարոզչությունը»,- ասել է նա: Ալիեւը հայտարարել է նաեւ, թե Հայաստանը, որը «գտնվում է Ադրբեջանի պատմական հողերի վրա», Ադրբեջանին տարածքային պահանջներ է ներկայացնում եւ «ագրեսիայի միջոցով զավթել է» երկրի տարածքի 20 տոկոսը, որտեղ էթնիկ զտում է իրականացրել: Ավելին, ըստ նրա, Հայաստանը այսօր նոր տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ: «Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծում մեր հողի վրա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ համոզմունք հայտնելով, թե Ադրբեջանը, մոբիլիզացնելով իր բոլոր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական հնարավորությունները, կազատագրի երկրի՝ հայկական զինված ուժերի կողմից «օկուպացված» տարածքները:

«Ադրբեջանն անպայման հասնելու է իր տարածքային ամբողջականության վերականգնմանը»,- վստահեցրել է Ալիեւը: Նա խոսել է նաեւ թրքախոս երկրների միավորման մեծ հնարավորությունների մասին եւ նման միավորման կոչ է արել:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը «կտրուկ փոխել են իրավիճակը աշխարհում եւ, անշուշտ, մեր տարածաշրջանում»: «Այսօր այդ նախագծերը վճռում են տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը: Դրանք կամրապնդեն մեր տնտեսական եւ քաղաքական դիրքերը»,- եզրահանգել է Ալիեւը: Ընդսմին, նա նշել է է նաեւ, թե Ադրբեջանը Թուրքիային եւ Թուրքիան Միջին Ասիայի երկրներին կապող ուղիները, ինչպես նաեւ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը «աշխարհում կստեղծեն միանգամայն նոր իրադրություն», ապա եւ կոչ է արել մասնակից երկրներին օգտվել դրանից:

Նույն միջոցառման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը եւս թյուրքական աշխարհին միասնանալու եւ ամրապնդվելու կոչեր է արել: Այս տեղեկատվությունը փոխանցում է թուրքական «Զաման» թերթը: Թրքախոս համայնքների միջեւ կապերի ամրապնդման գործում Էրդողանը հատկապես կարեւորել է փոխադարձ ներդրումները էներգետիկայի բնագավառում, լեզվական եւ պատմական միասնականության ամրապնդման աշխատանքները մշակութային բնագավառում եւ համագործակցությունը քաղաքական ասպարեզում, այդ թվում՝ Հյուսիսային Կիպրոսի եւ ԼՂ հակամարտության հարցերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել