Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ-ն հետաքրքիր «խաղալիք» չէ

Սեպտեմբեր 20,2006 00:00

Ըստ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի՝ ՀՀ-ն խաղալիք է գերտերությունների ձեռքին:

Արդյոք ԼՂ հարցը փակուղի չի՞ մտել: Այս հարցադրմամբ երեկ սկսվեց «Հայելի» ակումբում տեղի ունեցած բանավեճը, որին հրավիրված էին իշխանության ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ու ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը:

Պատասխանելով առաջադրված հարցին՝ մասնավորապես Գ. Սահակյանը նախ նկատեց, որ երբ երկրում ներքաղաքական գործընթացներ են սկսվում, զուգահեռաբար սկսվում է ավելի բուռն քննարկվել Ղարաբաղի խնդիրը, ապա կարծիք հայտնեց, թե կարիք չկա ակնկալել, թե 2006թ.-ին ԼՂ խնդիրը կարող է վերջնական կամ միջանկյալ լուծում ստանալ: Նրա ասելով, այդ խնդրի լուծումը կարելի է ակնկալել ավելի շատ 2012 թ.-ին: Ըստ նրա, ԼՂ հարցը նախընտրական տարում շահարկումների առարկա է դառնում:

Դ. Շահնազարյանն, իհարկե, չէր կիսում իր ընդդիմախոսի տեսակետը, թե առաջիկայում ընտրություններ են լինելու: «Հայաստանում ընտրություններ չեն սպասվում, ինչպես չեն եղել 1998, 2003 թթ.: Ընտրություններ չեն լինելու, եթե պահպանվի այն իրավիճակը, որն այսօր կա: Այնպես որ, ընտրությունները այստեղ կապ չունեն»,- կարծիք հայտնեց ՀՀՇ ներկայացուցիչը: Պրն Շահնազարյանն, այդուհանդերձ, Գ. Սահակյանին շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ԼՂ հարցում ճիշտ ներկայացնելու համար, ինչը, նրա մատուցմամբ, այլ կերպ ասած նշանակում է՝ հարցը չկարգավորել: ՀՀՇ ներկայացուցչի ասելով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հատկապես ԼՂ հարցում այլեւս նմանվում է «պարտվող պարտիայի»:

Գ. Սահակյանը ներկայացնելով իշխանությունների ու մասնավորապես ՀՀԿ-ի դիրքորոշումը ԼՂ հարցում՝ հայտարարեց, թե իրենք անհնար են համարում Ղարաբաղի որեւէ կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում, եւ ոչ մի Բաքու-Ջեյհան կամ Կարս-Ախալքալաք երկաթգիծ չեն փոխի Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ միավորվելու կարգավիճակի հետ: Դ. Շահնազարյանի դիտարկմամբ, այդ քաղաքականությունը հանգեցրել ու դեռ հանգեցնելու է Հայաստանի մեկուսացմանը, իսկ մեկուսացումը միշտ պետք է բռնատիրություններին, բռնապետություններին միշտ էլ պետք են նաեւ արտաքին եւ ներքին թշնամիներ՝ ի դեմս Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցը բարձրացնող ընդդիմության, որպեսզի երկարաձգեն իրենց իշխանությունն ու լցնեն սեփական գրպանները: Ըստ նրա, իրականությունն այն է, որ «մեր ամենամեծ թշնամին մեր իշխանություններն են»:

Գ. Սահակյանն, անշուշտ, փորձեց ապացուցել, որ իշխանություններն այնքան էլ մեղավոր չեն, որովհետեւ Հայաստանը դարձել է գերտերությունների խաղալիք: «Եթե Հայաստանը խաղալիք է, ապա անպետք եւ անհետաքրքիր խաղալիք է»,- հակադարձեց Դ. Շահնազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել