Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ

Սեպտեմբեր 20,2006 00:00

Համենայնդեպս, պատկան մարմիններն այդ առնչությամբ որեւէ հայտարարություն կամ պարզաբանում չեն արել

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում սեպտեմբերի 16-ին որոշում է կայացվել 2 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ըստ այդմ, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա հարկայինի 7-րդ վարչության պետ Արմեն Վիրաբյանին ու նրա եղբոր՝ «Սեմուր & Co» ընկերության ղեկավար Գուրգեն Վիրաբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերի (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերի (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու), ինչպես նաեւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով։ Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Նախաքննական մարմինն այս կալանքը հիմնավորելու համար որեւէ այլ փաստարկ չի հրապարակում՝ սահմանափակվելով ընդհանուր այն ձեւակերպմամբ, թե դրա համար բավարար ապացույցներ են եղել: Այդուհանդերձ, մեր քաջատեղյակ աղբյուրների ասելով, Վիրաբյան եղբայրների մեղսակցությունն ապացուցող փաստերը, մեղմ ասած, այնքան էլ շատ չեն: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, չի բացառվում, որ առաջիկայում Վիրաբյաններին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվի ու մնա միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը: Պատճառն, ըստ մեր տեղեկությունների, այն է, որ նախաքննական մարմինը Վիրաբյաններին սպանության մեջ մեղադրելու համար մոտիվ չի գտել: Փոխարենը նախաքննական մարմինը զուգահեռաբար աշխատում է նաեւ այլ վարկածների ուղղությամբ: Բանն այն է, որ մեր աղբյուրները անհավանական են համարում շրջանառվող տեղեկությունները, թե Շ. Հովասափյանի սպանությունը պայմանավորված է բացառապես ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմամբ, ինչպես փորձում են ներկայացնել պաշտոնական շրջանակները, քանի որ Շ. Հովասափյանն ինքն էլ, բացի հարկայինի օպերատիվ-հետախուզական վարչության պետ լինելուց, նաեւ գործարար էր ու կարող էր բիզնես ու անհամատեղելի շահեր ունենալ այլոց հետ: Հայ հասարակությունը, թերեւս, չգիտի, որ Շ. Հովասափյանին կամ նրա հարազատներին պատկանող բիզնեսը չի սահմանափակվում միայն «Գոշ գազ» ՍՊԸ-ով: Համենայնդեպս, մեր աղբյուրների ասելով, նրա ընտանիքին է պատկանում նաեւ «Գոռ եւ Նունե» ընկերությունը (Գոռը նրա որդին է), որը զբաղվում է բեռնափոխադրումներով: Բացի այդ, Շ. Հովասափյանին է պատկանում Կոտայքի մարզում գործող «Խիզախ Գոռ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անասնապահությամբ՝ հիմնականում խոշոր եղջերավոր անասուններ է բուծում, նաեւ մրգային լիմոնադներ է արտադրում: Մեր տեղեկություններով, նրան է պատկանում նաեւ Շենգավիթ համայնքի տարածքում գործող «Ներկերի աշխարհ» խանութը, «Մայգրիգ» գինու գործարանը, «Ֆորում» ռեստորանն ու Խորենացու փողոցում գտնվող ու փայտանյութ ներկրող «Ռուսկի լես»-ը: Այս ամենը նկատի ունենալով էլ քննարկվում է նաեւ Շ. Հովասափյանի տնտեսական գործունեության հետ կապված վարկածը, ըստ որի, Շ. Հովասափյանը, գուցե, փորձել է ներթափանցել ինչ-որ անձանց բիզնեսի ոլորտ, որը նրան, երեւի, չի ներվել:

Օրինակ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տարվա օգոստոսին Շ. Հովասափյանը ձեռք է բերել՝ 10 տարով վարձակալության է առել, Արաբկիր համայնքում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող կաթսայատունը՝ 4071,4 քմ մակերես բարեկարգ հողամասով հանդերձ, որի կադաստրային արժեքը գնահատվել էր 164 760 000 դրամ կամ 422 461,5 հազար դոլար: Այս դեպքում հողի վարձակալության տարեկան վարձավճարը օրենքով պետք է կազմեր ընթացիկ կադաստրային արժեքի մեկ տոկոսը՝ 1 647 600 դրամ, մինչդեռ թաղապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրով այն կազմել է 670 804 դրամ: Կաթսայատան վարձակալությունն էլ ձեւակերպված է «Օսառ Բիլդինգ» ՍՊԸ-ի անունով՝ ի դեմս Շ. Հովասափյանի որդու՝ Գրիգոր Հովասափյանի, իսկ տարածքում, ըստ մեր տեղեկությունների, նախատեսվում էր կառուցել 3 հատ բարձրահարկ «էլիտար» շենք: Տարածքը մինչ այդ պատկանել է Արաբկիրի թաղապետարանի կոմունալ ծառայության նախկին պետ Հրայր Անտոնյանին, որին ժամանակին հովանավորել է նախկին թաղապետ Լեւոն Հարությունյանը:

Բացի այս, շրջանառվող կարծիք կա, թե մի քանի ամիս առաջ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի 24-ամյա որդու՝ Արթուր Մանուկյանի վրա արձակված կրակոցը, որի արդյունքում նա մարմնական վնասվածք էր ստացել, եւս որոշակիորեն առնչվում է Շ. Հովասափյանի հետ: Բանն այն է, որ մեր աղբյուրների հավաստմամբ, ԱԺ պատգամավորը որոշել էր Շենգավիթ համայնքում շուրջ 400-450 քմ տարածքով առեւտրի քարե տաղավարներ կառուցել: Տարածքն ընկնում էր նախկինում բանվորի արձանի տարածքում գործող եւ Շենգավիթի համայնքի ղեկավար Մարտին Սարգսյանին պատկանող շինանյութի խանութի ճիշտ ետնամասում: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ այդ տարածքը օգտագործելու ցանկություն է ունեցել նաեւ Շենգավիթի թաղապետը: Այս առիթով թաղապետի ու ԱԺ պատգամավորի միջեւ առժամանակ անհամաձայնություն է եղել, իսկ 24-ամյա տղայի վրա արձակված կրակոցներն էլ ուղղված են եղել ոչ այնքան Մանուկյաններին, որքան այդ ընտանիքի հետ քավոր-սանիկային բարեկամություն ունեցող Շ. Հովասափյանին, որովհետեւ, իբր, հենց նա է եղել Մանուկյանների բիզնեսի «տանիքը»: Իհարկե, նույն աղբյուրների ասելով, անհամաձայնությունը շուտով հարթվել էր հենց Շ. Հովասափյանի միջամտությամբ եւ որոշում էր կայացվել, որ հիշյալ տաղավարները թաղապետն ու պատգամավորը միասին են կառուցելու:

Անշուշտ, վերը շարադրվածը չի գալիս ենթադրելու, թե Շ. Հովասափյանի սպանությունը հենց այս դեպքերի հետ են առնչվում, կամ որ դրանք անվերապահորեն ճշգրիտ տեղեկություններ են: Սրանք շրջանառվող վարկածներ են միայն, որոնք այսօր քննարկման առարկա են դարձել: Իսկ թե բարձրաստիճան պաշտոնյայի սպանության ո՞ր վարկածն է ավելի հիմնավոր, անշուշտ, նախաքննական մարմնի ու, ի վերջո, դատարանի որոշելիք հարցն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել