Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՐԲԱԳՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 20,2006 00:00

Կառավարության ֆինանսավորմամբ տպագրվել է Հայաստանի անկախության 15 տարիներին նվիրված լուսանկարների ալբոմը եւ հերթական անգամ սրբագրվել է մեր անկախության պատմությունը:

Այդ ալբոմի ոչ մի լուսանկարում չկան ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Ղարաբաղ կոմիտեի անդամները եւ ոչ էլ «Հոկտեմբերի 27»-ի զոհերը: Միայն մեկ նկարում Լեւոն Տեր-Պետրոսյանը պատկերված է Վազգեն Առաջին կաթողիկոսի ձեռքը համբուրելիս: 88-ի հանրահավաքներից միայն ոչինչ չասող մի լուսանկար է պատկերված: Չկան նաեւ մեր ազգային բանակին արժանի պատկերներ, փոխարենը տեղ է տրամադրվել պատերազմի հերոսներից մեկի թաղման թափորը պատկերող լուսանկարին: Ռոբերտ Քոչարյանը նկարներում մի քանի անգամ է երեւում. առաջին լուսանկարում նա Վլադիմիր Պուտինի հետ լիաթոք ծիծաղում է, իսկ մյուսում՝ Ժակ Շիրակի: Լուսանկարներում չկան նաեւ այսօրվա գործող վարչապետը եւ պաշտպանության նախարարը: Փոխարենը հինգ-վեց լուսանկարներում պատկերված են «մութ եւ ցուրտ» տարիները, հատված ծառեր, Երեւանի լքված փողոցներից մեկը, իսկ որպես մեր օրերի տնտեսական հաջողությունների ապացույց՝ ալբոմում տեղ են գտել 2005-ի հայ գեղեցկուհին, «գոլդ» համարներով մի ավտոմեքենա եւ Ծաղկաձորի ճոպանուղին՝ դահուկներով դեպի վեր բարձրացողներով:

Սակայն անկախությունից հետո, նույն այդ «ցուրտ եւ մութ» տարիներին նաեւ երեխաներ էին ծնվում. իմ որդին եւս ծնվել է պատերազմի տարում, եւ եթե ես հանկարծ որոշեմ որդուս այդ լուսանկարային ալբոմով դաստիարակել, պատմել մեր անկախության պատմությունը, ապա ոչինչ չեմ ունենա նրան պատմելու, քանի որ այդ ալբոմում անցած 15 տարիների պատմությունն այնպես է սրբագրված, որ անգամ մենք, թող անհամեստ չթվա, այդ պատմության հերոսներս եւ մասնակիցներս, չենք կարողանում հասկանալ, թե ինչը երբ եւ որտեղ է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել