Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սեպտեմբեր 19,2006 00:00

«Ադանան» շարունակում է պայքարը

Ֆուտզալի Եվրոպայի գավաթի 2006/07 թթ. խաղարկության ընտրական մրցաշարի նախնական փուլում Հայաստանի չեմպիոն «Ադանան» Շոտլանդիայի Պերթ քաղաքում գերազանց մրցելույթներ ունեցավ: «A» խմբում մեր թիմը մեկնարկային հանդիպումում 5:3 հաշվով պարտության մատնեց տեղի «Ֆեյր Սիթի Սանթոսին», այնուհետեւ ոչ-ոքի՝ 3:3, արեց Ֆինլանդիայի «Ֆուտզալ Մեդ Մաքսի» հետ եւ եզրափակիչ տուրում հաղթելով Ֆրանսիայի «Ռուբեին»՝ 7:4, առաջին տեղով անցավ հաջորդ փուլ: Հոկտեմբերի 9-12-ն արդեն հիմնական ընտրական փուլում «Ադանան» հանդես է գալու «C» խմբում: Լեհաստանի Կոժուվ քաղաքում նրա մրցակիցները լինելու են տեղի «Կլիրեքսը», Պորտուգալիայի «Սպորտինգը» եւ Մակեդոնիայի «Ալֆա-Պարֆը»՝ Սկոպյեից:

«Առողջ ապրելակերպ»՝ դպրոցահասակներին

Տարեսկզբին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր մասնագետ Ժաննա Այվազյանի նախաձեռնությամբ ՄՕԿ-ը հաստատեց եւ իր հովանու ներքո վերցրեց «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Առողջ ապրելակերպ» նշանաբանով մարզական մասսայական միջոցառումների անցկացման գաղափարը: Միջոցառումները կազմակերպվում են 14-15 տարեկան դպրոցահասակ երեխաների շրջանում: Իրենց մարզերում անցկացված առաջին փուլի մրցումներում հաղթած դպրոցների հավաքական թիմերը հանգստյան օրերին առաջին անգամ հավաքվել էին Ծաղկաձորում՝ մասնակցելու եզրափակիչ փուլին: Յուրաքանչյուր թիմ բաղկացած էր ինը հոգուց՝ 4 աղջիկ, 4 տղա եւ 1 մարզիչ: Իսկ ծրագրում ընդգրկված էին. 60 մետր վազք, խաղային փոխանցումավազքեր, պարանի ձգում, տղաների համար՝ ձգումներ կախ դիրքից եւ աղջիկների համար՝ գետնից արտահրում պառկած դիրքից: Թիմային պայքարում 1-ին տեղը գրավեց Վայոց ձորի թիմը: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Երեւանի եւ Լոռու դպրոցականները: Հաղթողներն արժանացան ՀԱՕԿ-ի վկայագրերի եւ դրամական պարգեւների, իսկ բոլոր մասնակիցներին տրվեցին ՄՕԿ-ի հավաստագրեր:

Նրանք կմեկնեն աշխարհի առաջնություն

Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստում որոշվել են այն ըմբիշների անունները, ովքեր Հայաստանի ազգային հավաքականների կազմերում պետք է մասնակցեն սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը Չինաստանի Գուանչժոու քաղաքում անցկացվելիք աշխարհի մեծահասակների առաջնությանը:

Հունահռոմեական ոճում ընդգրկվել են Ռոման Ամոյանը՝ 55 կգ, Կարեն Մնացականյանը՝ 60, Արտակ Հարությունյանը՝ 66, Մովսես Կարապետյանը՝ 74, Տիգրան Սահակյանը՝ 84 եւ Յուրի Պատրիկեեւը՝ 120:

Ազատ ոճում Չինաստան կմեկնեն Վահան Սիմոնյանը՝ 55 կգ, Արմեն Կարապետյանը՝ 60, Ժիրայր Հովհաննիսյանը՝ 66, լեգեոներականներ Ռուսլան Կոկաեւը՝ 74, Վադիմ Լալիեւը՝ 84, Շամիլ Գիտինովը՝ 96, Ռուսլան Բասիեւը՝ 120:

Կանանց առաջնությունում Հայաստանի միակ պատվիրակը կլինի 63 կգ քաշային Կարինե Շադոյանը:

ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Ընդհանուր առմամբ՝ վատ չէ

Չեռնոգորիայի Հերցիգ Նովի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 10-18 տարեկան տղաների եւ աղջիկների անհատական առաջնությունը մոտենում է եզրագծին:

Մասնակիցներին մնում է անցկացնել մեկ տուր: Հայաստանը ներկայացուցիչներ ունի թե տղաների եւ թե աղջիկների բոլոր հինգ տարիքային ենթախմբերի մրցաշարերում: Առաջնության պաշտոնական ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ մեր պատանի շախմատիստներն ընդհանուր առմամբ վատ հանդես չեն գալիս: Իսկ մի քանի շախմատիստներ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակների վերին հորիզոնականներում: Մասնավորապես, նախավերջին տուրից առաջ՝ 7-րդ տուրում, 14 տարեկան տղաների մրցապայքարում Սամվել Տեր-Սահակյանը, տանելով հերթական հաղթանակը՝ 5,5 միավորով 4-րդ տեղում է, իսկ Զավեն Անդրիասյանը, ով 18 տարեկանների խմբում ընթանում էր երկրորդ տասնյակում, նույն տուրում վաստակելով կարեւոր 1 միավոր, մրցաշարային աղյուսակում բարելավել է դիրքերը եւ 5,0 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը: Կայուն ու վստահ է հանդես գալիս նաեւ 10 տարեկան աղջնակների պայքարին մասնակցող Սուսաննա Գաբոյանը: Նա 7 տուրից հետո իր անվան դիմաց գրանցել է 5,0 միավոր եւ 64 մասնակիցների մեջ 7-րդն է: Երեկ առաջնությունում նախավերջին տուրի օրն էր:

Տոպալով-Կրամնիկ. ո՞վ կլինի միակ չեմպիոնը

Արդեն տասներեք տարի երկփեղկված շախմատային աշխարհը մոտ ժամանակներս կվերամիավորվի:

Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 13-ը ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ դասական շախմատի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում կայանալիք միավորման մրցամարտում կորոշեն, թե ով է այսուհետեւ կրելու շախմատի թագը: Ըստ մրցակարգի, գրոսմայստերները խաղալու են 12 պարտիա (յուրաքանչյուր երկու պարտիայից հետո հայտարարվում է հանգստի մեկ օր): Հաղթող ճանաչվելու է նա, ով առաջինը կվաստակի 6,5 միավոր: Եզրափակիչ պարտիան նշանակված է հոկտեմբերի 10-ին: Հավասար հաշիվ գրանցվելու դեպքում շախմատիստները եւս մեկ օր հանգստանալուց հետո կանցկացնեն թայ-բրեք՝ կարճացված ստուգողական ժամանակով չորս պարտիա:

Գրոսմայստերներն արդեն ժամանել են մրցավայր: Տոպալովի «թիմը» բաղկացած է 10 հոգուց: Նրա մարտավկաներն են գրոսմայստերներ Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Ալեքսանդր Օնիշչուկը (ԱՄՆ) եւ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը (Իսպանիա), իսկ Կրամնիկի յոթ մարդուց կազմված «թիմում» որպես մարտավկա են գրոսմայստերներ Միգել Իլյեսկասը (Իսպանիա), Ալեքսանդր Մոտիլյովը եւ Սերգեյ Ռուբլյովսկին (երկուսն էլ՝ Ռուսաստան):

Մարզաձեւում առաջընթաց նկատվում է

Հեծանվային մարզաձեւի Հայաստանի ազգային ֆեդերացիան տեղեկացնում է, որ ինն ամիս առաջ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Երեւանում բացված տեխնիկական կենտրոնի սաներն արտագնա մրցումներում արդեն որոշակի հաջողություններ են արձանագրում:

Օգոստոսի վերջին կենտրոնի հինգ սաներ, հանդես գալով Ուդմուրտիայի Վոտկինսկ քաղաքում անցկացված բաց առաջնությունում, որին մասնակցում էին նաեւ ԱՊՀ եւ Բալթյան երկրների նմանատիպ կենտրոնների 14 թիմերի շուրջ 120 հեծանվորդներ, անհատական պայքարում գրավել են 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերը, իսկ թիմային հաշվարկով ճանաչվել 7-րդը: Ամբողջ առաջնության ընթացքում հայ հեծանվորդներին ըստ ամենայնի աջակցել եւ ոգեւորել է տեղի հայկական համայնքը, իսկ գործարար Արարատ Բրուտյանը օգնել է նաեւ դրանից հետո մեկնել Դոնեցկ, որտեղ սեպտեմբերի սկզբին մեկնարկելու էր պատանիների ավանդական՝ 31-րդ մրցաշարը: Այստեղ էլ մեր հանրապետության պատանի հեծանվորդները թիմային հաշվարկով գրավել են 6-րդ տեղը, իսկ անհատական պայքարում ցույց տվել 6-րդ, 9-րդ եւ 10-րդ արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել