Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻ ԿՈՉԸ՝ «ԱՅՈ՛»՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ «Ո՛Չ»՝ ՕՐՀՆԵՐԳԻ ՓՈՓՈԽՄԱՆ

Սեպտեմբեր 19,2006 00:00

Կոչ Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին, խորհրդարանի պատգամավորներին, նախարարներին եւ ողջ հայ ժողովրդին

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակը, որում պատիվը ունեցա ունենալու իմ անձնական ներդրումը՝ սեպտեմբերի 19-ին 1991թ. կոչելով «ԱՅՈ» անկախության լոզունգը եւ այժմ՝ «ՈՉ» «Մեր հայրենիքի» փոփոխման:

Ուրախ եմ, որ հարթվել են հայրենիքիս բոլոր հարցերը եւ այնտեղ մնացել էր միայն ազգային հիմնը փոխելու միտքը: «Մեր հայրենիք» հիմնը ծնվել է հայ ազգի ազատագրական շարժման ընթացքում եւ այսպես է հիշատակվում 1930թ. Սոֆիայում հրատարակված Գարեգին Նժդեհի առաջաբանով «Վանի հերոսամարտը», որտեղ մեր քաջերը երգելով մեր հայրենիքի վերջին տունը, թե ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, կռվել ու դիմադրել են թուրքերին եւ նաեւ Սարդարապատի ճակատամարտում, որի արդյունքն է դարերից հետո 1918թ. հայոց անկախությունը:

«Մեր հայրենիքի» մեղեդին, ինչպես ուրիշ ժողովրդական ու ազգային երգերը, ծնվել է ժողովրդի ծոցից եւ հետագայում ներդաշնակել Բարսեղ Կանաչյանը՝ Առաջին հանրապետության անկումից հետո: «Մեր հայրենիք» օրհներգը, Եռագույնը եւ Մասիսների կարոտն ու երազանքը պահպանել է սփյուռքահայության գոյատեւումը եւ Երկրորդ հանրապետության ստեղծման ընթացքում, որը ես պատիվը ունեցա կատարել այն տարբեր գյուղերում, քաղաքներում եւ «Այո՛» անկախության մարաթոնում, մեծ եռանդ ներշնչեց ժողովրդի մեջ, եւ հետագայում այն դարձավ մեր երկրորդ հանրապետության օրհներգը: «Մեր հայրենիք» հիմնը իր պարզության մեջ ունի մագնիսական ուժ, որը հայրենասիրություն է ներշնչում եւ նման մեր ժողովրդական երգերի պարզությամբ, որը ներշնչում է ազգային ոգին:

Սխալ է փնտրել պատճառներ՝ թերագնահատելու մեր օրհներգը հետեւյալ բացատրությամբ.

1. Երբեւիցե այդ օրհներգը չի երգվել «մեր հայրենիք թշվառ, անտեր» բառերով: Նալբանդյանի գրի առած սույն խոսքը ժողովրդին ոտքի կանգնեցնելու եւ դեպի ազատություն մղելու համար է:

2. Թերագնահատելով եղանակի վարընթաց պատճառաբանությունը, լոկ անիմաստ է: Եվ կան օրինակներ՝ ինչպես ԱՄՆ-ի օրհներգը, ունի նույն ընթացքը: Վայրէջքը մեղեդու մեջ ոչ մի թուլություն չի ներշնչում ունկնդրին:

3. Պատճառաբանելով, թե «Մեր հայրենիք» օրհներգը իտալական մեղեդի է եւ երգվել է իտալական կաֆեներում, դուք նաեւ կարող եք լսել մեր տարբեր երաժշտությունները ուրիշ երկրների կաֆեներում, որտեղ իմացյալ կատարելով ուզում են վաստակել հավելյալ գումարներ՝ հայրենիքից. եթե երգի մեղեդին իտալական է, զարմանալին այն է, որ ոչ մի իտալացի չգիտե այդ երգի մասին: Իսկ եթե Նալբանդյանի բանաստեղծության վերնագիրն է «Իտալացի աղջկա երգը» 1858թ., քանի որ նա իր աքսորում չէր կարող վերնագրել «Հայ աղջկա երգը»:

Զարմանալին այն է, որ մի խումբ մարդիկ իրենց պրոպագանդելու համար ոտնակոխ են անում մեր ազգային արժեքները եւ ազատամարտերում ընկած ու ողջ մնացած մեր հերոսների սուրբ հիշատակը, եւ ինչ վերաբերում է նրան, որ մեր Երկրորդ հանրապետությունը պիտի ունենա նոր օրհներգ, դա ուղղակի անհեթեթություն է: Քանզի շատ երկրներ փոխելով իրենց պետական սահմանադրությունը եւ պետությունը՝ երբեք չեն փորձել փոխել իրենց ազգային օրհներգը, քանի որ դա ինչպես հայր ու մայր՝ սուրբ են եւ չեն թերագնահատում երգի կոմպոզիցիայի հարստությունը, այլ նրանց մեջ կան ավելի արմատավոր եւ խոր արժեքներ (ինչպես Ֆրանսիան, Գերմանիան եւ այլն): Մենք իրավունք չունենք Ռուսաստանի օրինակով փոխել հիմնը: Նրանք փոխարինել են ցարական հիմնը իրենց հեղափոխական հիմնի հետ: Իսկ մենք ուզում ենք փոխել մեր հեղափոխական հիմնը, որ կապ չունի ոչ մի կուսակցության հետ, մի պատահական արհեստական հիմնի հետ, որը երկար կյանք չի ունենալու:

Ես անձամբ, բացի Արամ Խաչատրյանի «Սովետական Հայաստան» օրհներգի, մյուսները չեմ լսել եւ ցանկություն էլ չունեմ լսել, քանի որ ինձ համար հայ մնալու եւ հայրենիք վերադառնալու, ծառայելու սրբություններից ամենակարեւոր ազդակներից մեկը եղել է «Մեր հայրենիք» օրհներգը:

Իսկ ինչ վերաբերում է Արամ Խաչատրյանի «Սովետական Հայաստան» օրհներգին, ոչ մի խոսք, անժխտելի է, որ գրված է վարպետորեն, ինչ վայել է նրան: Իսկ այդ հիմնը, եթե հուշերս չեն դավաճանում, լսել եմ Կարեն Դեմիրճյանից, թե գրվել է մի կոմունիստական հաստատության համար եւ իր ոճով չի ներշնչում ազգային մի հիմն, այն մի հիասքանչ փառաբանություն է սովետական կարգերին ու Հայաստանին: Եվ այդ պատճառով էլ իր հնչեղությամբ զուտ սովետական ոգով է գրված եւ չի համապատասխանում այսօրվա մեր ազատ, անկախ Հայաստանի ազգային ոգու հետ:

Զարմանալին այն է, որ կան երաժիշտներ, որ այս ստեղծագործությունը կապում են հոգեւոր երաժշտության հետ, քանի որ այնտեղ պատահական լսելի են մի քանի հնչյուններ, որոնք կողմնակիցների կողմից շահագործվում են. ճարահատյալ պատճառաբանություն՝ «Սովետական Հայաստան» օրհներգի հոգեբանությունը դարձնել հոգեւոր:

Վերջում կրկնում եմ, որ ունեմ Արամ Խաչատրյանի դիմաց մեծ հարգանք ու սեր, եւ ծանոթ եմ եղել նրան մոտիկից եւ ստացել եմ գնահատականներ նրա կողմից, եւ ղեկավարել ու ձայնագրել եմ նրա մեծ ստեղծագործությունները Հայաստանի եւ աշխարհի տարբեր բեմերում:

Մի ազգ իր արժեքներով է, որ ճանաչվում է գեղեցիկից գեղեցիկը, կա եւ լավից ավելի լավը եւ մենք չենք կարող այսօր մի նոր «Սուրբ-սուրբ» եւ «Հայր մեր» եւ նոր օրհներգեր գրելով, դարերից եկած եղանակները, որը հայիս պահել է հայ իր մշակույթով եւ կրոնով, փոխել: Եվ եթե անգամ նա չի ապրել իր մայր հողի վրա, բայց նորից կապված է եղել այդ կրոնական եւ ազգային ավանդույթներին:

Իմ խորին վիշտն ու ցավն եմ հայտնում, որ մշակույթի նախարարության կողմից առաջարկված երգերի ցանկում, ներկայում «Մեր հայրենիքը», անամոթաբար չի ընդգրկվել ընտրյալ երգերի մեջ, որը ուղղակի աններելի անպատվություն է զոհված հերոսների հիշատակին, անձամբ ուղարկեցի իմ հորինած երգը՝ հայրենիքիս մասին, միայն ցույց տալու, որ ոչ թե ես չունեմ հորինված նոր երգեր եւ նախանձում եմ մյուսներին, այլ ասելով, թե ես էլ եմ ձեզ պես գրի առել երաժշտություն հայրենիքիս մասին, բայց նախապատվությունը տվել եմ «Մեր հայրենիքին», քանի որ այն անփոխարինելի է եւ մեր ազգային ոգին ներկայացնող միակ հիմնն է ու անփոխարինելի:

Ես կոչ եմ անում բոլոր մեր հայ կոմպոզիտորներին, որպեսզի հետ վերցնեն իրենց երաժշտությունը, քանի որ դա մեծ անարգանք է հանդեպ մեր ազգային զոհերի: Հուդան խաչվելու տվեց Քրիստոսին 30 արծաթով, իսկ մենք ուզում ենք թաղել «Մեր հայրենիք» օրհներգը ողորմելի 70 հազար դրամով, ոտնակոխ անելով հազարավոր զոհված հայ ֆիդայիների պատիվը, որոնք երգելով «Մեր հայրենիքը», կռվելով եւ զոհվելով կերտել եւ հիմք են դրել այսօրվա մեր ազատ ու անկախ Հայաստանին եւ ոչ մի պատճառաբանություն չի կարող արդարացնել օրհներգի փոփոխության թեկուզ միտքը:

Ուզում եմ վերջում հիշել, որ եվրոպական առաջադեմ պետությունները, ինչպես Ֆրանսիան, Անգլիան եւ ուրիշներ, ունենալով միջազգային կոմպոզիտորներ, իրենց մեծամտությամբ արբեցած, երբեք չեն մտածում, որ կարելի է ավելի լավ գրել, քան այն, որ եկել է ժողովրդից դարեր շարունակ, որի մեծ փաստն է եւ մեծն Կոմիտաս վարդապետի գործունեությունը, որը արժեքավորելով ժողովրդից եկած երաժշտությունը, հավաքելով եւ մշակելով այն, վերադարձրել է նույն ժողովրդին եւ համայն մարդկությանը, որը հպարտ ներկայացումն էր մի ողջ ժողովրդի, այսինքն՝ հայ ազգի:

Վերջում նորից կոչ եմ անում մեր ողջ հայ ժողովրդին, որ սատար կանգնեն եւ պաշտպանեն «Մեր հայրենիք» օրհներգը եւ մեր ազգային արժեքները:

«ԱՅՈ՛»՝ անկախության եւ «Ո՛Չ»՝ ազգային օրհներգի փոփոխման:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել