Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առանց ծրագրի ու դասագրքի՞

Սեպտեմբեր 19,2006 00:00

Մասիս քաղաքի 2-րդ դպրոցի ուսմասվար Արուսյակ Ավագյանն «Առավոտի» հետ զրույցում վերջերս նշեց, որ իրենց դպրոցում ձեւավորվել են 18 աշակերտով մեկ կրտսեր եւ 27 ու 25 աշակերտով երկու ավագ առաջին դասարաններ:

«Դեռ հունի մեջ չմտած, արդեն մոլորության մեջ ենք հայտնվել, մեզ ուղարկել են կրտսերների ուսպլանը, բայց ոչ ծրագիր կա, ոչ էլ դասագիրք: Ուսուցիչը չգիտի, թե այդ 45 րոպեն ինչով լրացնի, շաբաթական 20 ժամը այդ երեխաներն ինչ պիտի անեն, անընդհատ խաղալ չի լինի: Հիմա ուսուցիչն իր հայեցողությամբ ինչպես ուզում է, այնպես էլ դասն անցկացնում է, բայց այդպես մինչեւ ե՞րբ»: Ասում է տիկին Ավագյանը, որը չի կիսում նաեւ մեր պաշտոնյաների այն տեսակետը, թե 12-ամյա կրթությունը մեզ օդի ու ջրի պես պետք է. «6 տարեկանների տեղը ոչ թե դպրոցն է, այլ մանկապարտեզը. դարձրին 12 տարի, պահպանվեց նույն 6-օրյա ծանրաբեռնվածությունը, պատկերացնո՞ւմ եք 6-օրյա մտավոր աշխատանքն ինչքան դժվար է մեզ համար: Այն, որ մեր ավանդական դպրոցից քիչ բան է մնացել՝ շատ դժգոհ ենք, ազգային դպրոց էլ չունենք: Միգուցե լավ ծրագիր են մշակել»:

Կրտսեր առաջինցիների ուսծրագրերի անկատարության վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց նաեւ քաղաքի 3-րդ դպրոցի ուսմասվար Լյուդմիլա Պողոսյանը. «Մի փոքր անորոշության մեջ ենք ընկել, մեզ համար էլ է դժվար առանց ծրագիր դաս անցկացնել, մեզ ժամերի թեթեւություն էլ է պետք, այնքան են խտացրել, որ շաբաթվա մեկ օրը 8 դաս ենք անում, բայց դրան ոչ ուսուցիչը, ոչ աշակերտը չեն դիմանա»: Այս դպրոցում էլ ձեւավորվել է 14 աշակերտով մեկ կրտսեր եւ 30 ու 31 աշակերտով ավագ առաջին դասարաններ: Լ. Պողոսյանը նշեց, որ հույս չի ունեցել այդ 14 աշակերտն էլ հավաքագրել. «Ծնողների մի մասը նախընտրում է իր երեխային մանկապարտեզ ուղարկել, քան թե դպրոց: Մտածում են, եթե չեն պարտադրում, թող 7-ից գնան դպրոց, ի՞նչ կա որ»:

Մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցում էլ այս տարի հավաքագրվել են 9 աշակերտով մեկ կրտսեր եւ 26 աշակերտով մեկ ավագ առաջին դասարաններ: Դպրոցի ուսմասվար Ռիմա Մինասյանը հույս ունի, որ կրտսերների թիվը կհասնի 11-ի, քանի որ մի քանիսը հագուստի խնդիր է ունեցել եւ չի կարողացել ժամանակին հաճախել դպրոց: Ըստ Ռ. Մինասյանի, գյուղի դպրոցի առաջինցիների դասարանները շատ թե քիչ վերանորոգվել են, սակայն չկա համապատասխան կահույք. «Սեղան-աթոռները մեր դպրոցի հներն են, որոնք առաջինցիներին հարմար չեն, կան երեխաներ, որոնք հասակով կարճ են եւ չեն կարողանում հանգիստ նստել, երբ գնում էինք սեմինարների՝ խոստացան, որ մեզ փափուկ խաղալիքներ ու ցուցադրական նյութեր կտան, բայց մինչեւ օրս չենք ստացել»:

Հ. Գ. Կրտսեր առաջինցիների խնդրի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանից: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ դեռեւս հուլիսին պատրաստ են եղել ուսումնական ծրագրերը (ինչը, ի դեպ, այն ժամանակ պրն Ղուկասյանը ներկայացրել է իր ասուլիսին), իսկ օգոստոսի վերջին արդեն մարզերն անխտիր ապահովված են եղել բոլոր դասագրքերով: Երեկ մեր հարցից պրն Ղուկասյանն անակնկալի եկավ եւ ինքն անձամբ փորձեց հարցի պատասխանը գտնել: Մասնավորապես Մասիսի թիվ 2 դպրոցի տնօրենը հայտնել է պրն Ղուկասյանին, որ դասագրքերի եւ ծրագրերի հետ կապված խնդիր իրենք չեն ունեցել: Եվ քանի որ Կրթության ազգային ինստիտուտը ժամանակին կատարել է իր բոլոր պարտավորությունները, ըստ Ն. Ղուկասյանի, մեղքը կարող է լինել կամ մարզպետարաններինը, կամ դպրոցներինը, իսկ վերջիններս էլ, բնականաբար, կքողարկեն եւ չեն բացահայտի կատարվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել